Անդրկասպյան կողակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրկասպյան կողակ
Անդրկասպյան կողակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք Ծածանազգիներ
Ցեղ Կողակ
Ենթատեսակ Անդրկասպյան կողակ
Լատիներեն անվանում
Capoeta capoeta heratensis


Անդրկասպյան կողակ (լատին․՝ Capoeta capoeta heratensis), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում հայտնաբերված է Արաքս, Ախուրյան գետերում և Ախուրյանի ջրամբարում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին չափի ձուկ է։ Մարմինը երկարավուն է, իլիկանման, կողքերից թեթևակի սեղմված, երկարությունը 30-35 (երբեմն՝ մինչև 45) սմ է, զանգվածը՝ 1 կգ և ավելի։ Բերանը լուսնաձև է, գտնվում է դնչի ստորին մասում։ Ստորին շրթունքը պատված է եղջերաշերտով։ Վերին ծնոտի վրա և բերանի անկյուններում կան մեկական զույգ բեղիկներ։ Առաջին զույգը կարճ է, երկրորդը՝ համեմատաբար երկար։ Պոչային լողակը մկրատաձև է։ Մեջքը կողքերից սեղմված է մինչև մեջքային լողակի հիմքը։ Կողագծում թեփուկները 54-60 հատ են։ Մեջքային լողակում կա 12-13 ճառագայթ, հետնալողակում՝ 7-8։ Մեջքային լողակի վերջին չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում Է մանր, կեռ ատամիկներ, որոնց ծայրերն ուղղված են դեպի վեր։ Առաջին խռիկային աղեղի վրա կա 17-20 առէջ։ Ալանային ատամները եռաշարք են։ Մեջքը մուգ մոխրագույնից սև է։ Կողքերը մինչև կողագիծ կանաչամոխրագույն են՝ կապտաարծաթավուն նրբերանգով, կողագծից ցած՝ դեղնամոխրագույև՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը արծաթասպիտակ է կամ դեղնավուն։ Պոչային և մեջքային լողակները մոխրագույն են կամ մոխրասև։ Կրծքային և փորային լողակներն ու հետնալողակը մոխրագույն են կամ նարնջամոխրագույն։ Որովայնախոռոչը պատված է սև թաղանթով։ Աչքի ծիածանաթաղանթը բաց ոսկեգույն է։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ստորակարգ ջրիմուռներով, դետրիտով։

Արտադրական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրական նշանակություն չունի։ Սիրողական ձկնորսության օբյեկտ է։ ՀՀ ջրակալներում թվաքանակը շատ աննշան է. պահպանության կարիք ունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկասպյան կողակ» հոդվածին։