Անդրե Լենոթր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Լենոթր
ֆր.՝ André Le Nôtre
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1613(1613-03-12)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 15, 1700(1700-09-15)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
ԳերեզմանՍուրբ Ռոխի եկեղեցի
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԵրկերGardens of Versailles?
Մասնագիտությունլանդշաֆտային ճարտարապետ, արվեստագետ, ճարտարապետ, այգեգործ և դիզայներ
Ծնողներհայր՝ Jean le Nôtre?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Միշելի շքանշան և Order of Saint Lazarus
ԱնդամությունՃարտարապետության թագավորական ակադեմիա
 André Le Nôtre Վիքիպահեստում

Անդրե Լենոթր ( ֆր.՝ André Le Nôtre, մարտի 12, 1613(1613-03-12)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 15, 1700(1700-09-15)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի լանդշաֆտային ճարտարապետ, Լյուդովիկոս XIV–ի գլխավոր պալատական այգեպանի՝ Ժան Լենոթրի որդին։ 1657 թվականից թագավորական շենքերի գլխավոր վերահսկիչն էր։ Անդրե Լենոթրը հայտնի է որպես Վերսալի թագավորական այգիների և զբոսայգիների նախագծող, ինչպես նաև՝ հետագա վերակառուցման պատասխանատու։ Մինչև Վերսալի այգիների նախագծումը, Լենոթրը Լուի Լևոյի և Շառլ Լը Բրենի հետ միասին ակտիվ մասնակցել է Վո Լը Վիկոնտ այգու ստեղծման աշխատանքերին։ Նրա ոչ պակաս հետաքրքիր աշխատանքների թվում են Ֆոնտենբլոյի, Շանթիի, Սեն Կլու և Սեն Ժերմենի պալատական այգիների նախագծումը և ստեղծումը։

Լենոթրը համարվում է Լոնդոնի Սենտ Ջեյմսի և Գրինվիչի այգիների նախագծող- հեղինակը, ինչպես նաև՝ ֆրանսիական կանոնավոր այգիների համակարգի ստեղծողը։ Այգիների այդ տիպը Եվրոպայում գերիշխում էր մինչև 18-րդ դարի կեսերը։ Դրա հետ մեկտեղ նա մեծ ներդրում է ունեցել քաղաքաշինության պրակտիկայում. ընդլայնել է Թյուիլրիի ծառուղիները արևմտյան ուղղությամբ, որի արդյունքում Փարիզը դարձել է պատմական իրադարձությունների կարևոր առանցքը[6]

Ավելի ուշ, քաղաքի այդ հատվածում նախագծվեցին և ստեղծվեցին Ելիսեյան դաշտերը՝ դառնալով Փարիզի գեղատեսիլ վայրերից մեկը։

Անդրե Լենոթրը շատ մեծ հռչակ ձեռք բերեց Լյուդովիկոս XIV թագավորի օրոք՝ ստանալով «մեր բարի Լենոթր» մականունը։ Չնայած իր մեծ համբավին, Լենոթրը հեռու էր մնում պալատական ինտրիգներից, և այգեգործության և կանաչապատման արվեստի միջոցով շարունակում էր ծառայել թագավորին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրե Լենոթրի կիսանդրին Թյուիլրիում

Անդրե Լենոթրը ծնվել է 1613 թվականին, մարտի 12-ին, Փարիզում, կանաչապատող-այգեպանների ընտանիքում։ Նույն օրն էլ կնքվել է Սուրբ Ռոհա եկեղեցում ( ֆր.՝ Église Saint-Roch)[7]: Նրա կնքահայրն էր թագավորական այգիների կառավարիչ Անդրե Բեռարը, իսկ կնքամայրը՝ այգեպան Կլոդ Մոլլեի կինը։ Ամենայն հավանականությամբ, նրա պապը եղել է հայտնի այգեպան Պիեռ Լենոտրը, ով ծաղիկների սերմեր և գոմաղբ էր մատակարարում Մարիա Մեդիչիի այգու համար, իսկ 1572 թվականից դարձավ Թյուիլրիի դղյակի պալատական այգեպանը։ Անդրեի հայրը՝ Ժան Լենոթրը, նույնպես այգեպան էր, Թյուիլրիի այգու պատասխանատուներից էր. սկզբում աշխատում էր Կլոդ Մոլլեի գլխավորությամբ, իսկ հետագայում, Լյուդովիկոս XIII-ի օրոք՝ որպես գլխավոր այգեպան։ Անդրեի ընտանիքին պատկանող տունը գտնվում էր Թյուիլրիում։ Այդ հանգամանքը տղային հնարավորություն էր տալիս փոքր տարիքից մասնակցել այգիների մշակմանը, յուրացնել այգեգործության տեսական և գործնական հիմունքները։

Թագավորական պալատին մոտ գտնվելը նաև հեշտացրեց հետագա կրթություն ստանալը։ Հետագայում, հենց Թյուիլրիի պալատին կից էլ ձևավորվոց Արվեստի ակադեմիան։ Անդրեն սովորել է մաթեմատիկա, գեղանկարչություն և ճարտարապետություն, ընդունվել է Լյուդովիկոս XIII –ի առաջին նկարիչ Սիմոն Վուեի գեղարվեստական արվեստանոց (ֆր.՝ Atelier): Այստեղ նա ծանոթացել և ընկերացել է նկարիչ Շառլ Լեբրենի հետ։

Անդրե Լենոթրը խոր ուսումնասիրել է անտիկ շրջանի արվեստը, հարթության վրա առարկաների տարածական պատկերման տեսությունը, ինչպես նաև մի քանի տարի եղել է Լեբրենի ընկերոջ' ճարտարապետ Ֆրանսուա Մանսարի աշակերտը։

Ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

1635 թվականին, երբ Անդրեն դարձավ 22 տարեկան, նրան նշանակեցին Լյուդովիկոս XIII թագավորի եղբոր՝ Օռլեանի դուքս Գաստոնի գլխավոր այգեպան։ 1637 թվականի հունիսի 26-ից Լենոթրը նշանակվում է Թյուիլրիի գլխավոր այգեպան՝ զբաղեցնելով հոր պաշտոնը[8]։ Նրա պատասխանատվության տակ էին պալատական այգիները և Սիմոն Բուշարի կառուցած ջերմոցը։ 1643 թվականին Աննա Ավստիրացու կողմից նշանակվում է «Մարգագետինների և տնկարկների նախագծող», իսկ 1645 թվականից մինչև 1646 թվականն աշխատում էր Ֆոնտենբլոյի ամրոցի այգիների վերակառուցման ուղղությամբ[9]։

Ավելի ուշ ԱՆդրեն դարձավ ֆրանսիական թագավորական այգիների կառավարիչը՝ 1657 թվականին ձեռք բերելով թագավորական շենքերի գլխավոր վերահսկիչի լրացուցիչ պաշտոնը։ Չնայած իր լայնածավալ գործունեությանը, թագավորական հաշվառման փաստաթղթերում ԱՆդրե Լենոթրի մասին շատ քիչ է հիշատակվում։ Անդրե Լենոթրն ինքն էլ չափազանց հազվադեպ էր թղթին հանձնում այգիների նախագծման և վերակառուցման վերաբերյալ իր գաղափարները կամ առաջարկները՝ իր ներաշխարհը բացառապես արտահայտելով միայն այգիների միջոցով[10]։

Իր աշխատանքի շնորհիվ Անդրեն դարձավ Լյուդովիկոս XIV-ի վստահելի խորհրդականը, իսկ 1675 թվականին, 62 տարեկան հասակում, Լենոթրը դարջավ պալատական՝ արժանանալով ազնվականի տիտղոսի։ 1977 թվականին, Լենոթրը և Լեբրեն արժանացան Սուրբ Միքայելի շքանշանի ասպետ, իսկ 1681 թվականին՝ Սուրբ Լազարի շքանաշանի ասպետ կոչմանը[11]։

1640 թվականի հունվարի 16-ին Անդրե Լենոթրն ամուսնացավ Ֆրանսուազե Լանգլուայի հետ։ Նրանց երեք երեխաներն էլ մահացել են մանուկ հասակում։

Վո լը Վիկոնտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին և նշանակալից կանաչապատման նախագիծը Անդրե Լենոթրն իրականացրեց Լյուդովիկոս XIV-ի ֆինանսների գերինտենդանտ Նիկոլյա Ֆուկեի համար։ Ֆուկեն Վո լը Վիկոնտ ամրոցի վերակառուցման աշխատանքներն սկսել է 1657 թվականին՝ աշխատանքի վերցնելով ճարտարապետ Լուի Լևոյին, նկարիչներ Շառլ լը Բրենին և Լենոթրին։ Այս ստեղծագործական կոլեկտիվում Լենոթրը պատասխանատու էր հողամասի պլանավորման, պարտերների, լճակների և մանրախիճով պատված նրբանցքների սիմետրիկ դասավորության համար[12]։

Լևոն և Լենոթրը կարողացան ճիշտ օգտագործել տեղանքի բարձրությունների տարբերությունը, որի արդյունքում, օրինակ, ջրանցքը տան պատուհաններից չէր երևում, իսկ ամպրոպը թվում էր ավելի մոտ, քան իրականում էր։ Այգու աշխատանքները ավարտվել են 1661 թվականին, երբ Ֆուկեն ամրոցի մեջ տոնախմբություն էր կազմակերպել թագավորի պատվին։ Սակայն ընդամենը երեք շաբաթ անց՝ 1661 թվականի սեպտեմբերի 10-ին, Ֆուկեն ձերբակալվել էր պետական միջոցները յուրացնելու մեղադրանքով, իսկ ստեղծագործական կոլեկտիվի անդամ նկարիչներն ու արհեստավորները հրավիրվել էին թագավորի մոտ ծառայության։

Վերսալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1661 թվականից, Լյուդովիկոս XIV-ի հանձնարարությամբ, Լենոթրը զբաղվել է Վերսալի պալատի այգիների նախագծման և վերակառուցման աշխատանքներով[13]։ Լյուդովիկոս XIV-ը որոշել էր ընդլայնել հայրական որսորդական տնակը՝ նպատակ ունենալով հետագայում այն դարձնել թագավորական նստավայր։ Այգու աշխատանքներին զուգահեռ, Լենոթրը նաև մշակելէ Վերսալ քաղաքի հատակագիծը՝ կյանքի կոչելով մինչ այժմ գոյություն ունեցող Եվրոպայի ամենալայն փողոցի ՝ Փարիզի պողոտայի նախագիծը։

Վերսալի այգու նախագիծը

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1661 թվականին Լենոթրը նախագծել է Ֆոնտենբլոյի պալատի այգիները։ 1663 թվականին նրան հրավիրել են աշխատելու Սեն Ժերմենի պալատում և Սեն Կլուի դղյակում, Լյուդովիկոս XIV-ի կրտսեր եղբոր՝ Ֆիլիպ Օռլեանցու նստավայրում, որտեղ Լենոթրը երկար տարիներ վերահսկել է տարածքի կանաչապատման և այգեգործական աշխատանքները։ 1663 թվականին Անդրե Լենոթրը հրավիրվել է նաև Շատո Շանթիի՝ արքայազն դե Կոնդեի կալվածք, որտեղ աշխատել է մինչև 1680-ական թվականներն իր եղբորորդու՝ Պիեռ Դեգոթսի հետ միասին։ 1664 թվականից սկսած, Լյուդովիկոս XIV-ի պետական նախարար Կոլբերի հրավերով Լենոթրը սկսել է Թյուիլրիի այգիների վերակառուցումը։

Շանտիի այգու նախագիծը

Կոլբերը կարծում էր, որ դրա շնորհիվ Փարիզը կշարունակի ծառայել որպես թագավորական նստավայր։ 1667 թվականին, Լենոթրը այգու ծառուղիները ընդալայնում է դեպի արևմուտք, ձևավորելով մի պողոտա, որը հետագայում կկոչվի Ելիսեյան դաշտեր։ 1670 թվականին Կոլբերը Լենոթրին պատվիրում է իր կողմից նոր գնված Շատո դե Սո ամրոցի այգիների ձևավորումը ( ֆր.՝ Château de Sceaux): Այդ աշխատանքները տևել են մինչև 1683 թվականը։

Այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

1662 թվականին Լենոթրը Կառլ II թագավորին առաջարկել է Լոնդոնի Գրինվիչի այգու կանաչապատման նախագիծ։ 1670 թվականին զբաղվել է իտալական Ռակկոնիջի դղյակի տարածքի կանաչապատմամբ, իսկ 1674-1698 թվականների ընթացքում վերականգնել է Իտալիայի Թուրին քաղաքի մերձակայքում գտնվող Վենարիա Ռեալի այգիները։ 1678 թվականին, օգտվելով Իտալիայում գտնվելու հնարավորությունից, Լենոթրն այցելել է 81-ամյա Բեռնինիին, իսկ հաջորդ այցի ժամանակ, 1679 թվականին, նրան ընդունել է Հռոմի Պապ Ինոկենտի XI-ը։

Անդրե Լենոթրի հետագա ստեղծագործական գաղափարները վերաբերում էին հայտնի գերմանական պալատների՝ Բեռլինի Շառլոտենբուրգի և Շատո Կասսելին կից այգիների կանաչապատմանը։

Վերջին աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

1679-ից մինչև 1691 թվականը Լյուդովիկոս XIV –ի ռազմական նախարար մարկիզ դը Լուվուայի պատվերով, Լենոթրը մասնակցել է Շատո դը Մեդոն (ֆր.՝ Chateau de Medon) այգիների նախագծմանը։ 1692 թվականին, թագավորական պալատում, իր ծառայության վերջին տարում, մասնակցել է Մարլիի պալատի այգու նախագծմանը։ Ժամանակակիցների վկայությամբ, 1693 թվականին Լենոթրը վերցրել էր մասնավոր պատվերներ՝ կիսատ թողնելով Վերսալի այգու կանաչապատման աշխատանքները։ Այդ փաստը խիստ զայրացրել էր Լյուդովիկոս XIV-ին, ինչի արդյունքում 1963 թվականին, Անդրե Լենոթրը հրաժարվեց պալատական պաշտոններից և հեռացավ թագավորական ծառայությունից։

Չնայած դրան, նա շարունակել է խորհրդակցություններ անցկացնել՝ 1690-ական թվականներին Գերմանիա ուղարկելով իր առաջարկությունները Շառլոտենբուրգ և Շատո Կասսել պալատների, ինչպես նաև Վիլհելմ III Վինձոր ամրոցի այգիների նախագծման վերաբերյալ։

Անդրե Լենոթրը մահացել է Փարիզում, 1700 թվականի սեպտեմբերին, 87 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Սեն Ժերմեն Օսերուա եկեղեցում, թաղել են Փարիզի Սուրբ Ռոհա եկեղեցում (որտեղ նրան մկրտել են ծննդյան ժամանակ)։ Սակայն ֆրանսիական հեղափոխության ժամանակ նրա գերեզմանը պղծվել է և անուշադրության մատնվել։

Անդրե Լենոթրայի նախագծած այգիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրե Լենոթրի ստեղծագործությունները կարևոր են լանդշաֆտային ճարտարապետության զարգացման գործում[14]։ Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ленотр Андре // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. RKDartists (նիդերլ.)
  6. Garrigues, стр. 282
  7. «Le Notre, Andre». www.gardenvisit.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. Guiffrey, стр. 5
  9. Ladonne, Jennifer (2013 թ․ սեպտեմբերի 10). «André Le Nôtre: Magnificent Masterpieces of the Gardener's Art». France Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. Guiffrey, стр. 18
  11. «Andre Le Notre». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին. {{cite web}}: Text "Biography, Designs, & Facts" ignored (օգնություն)
  12. «Андре Ленотр, Шарль Лебрен и Луи Лево - Великие создатели Версаля». wap.richelieu.forum24.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. «André Le Nôtre». Palace of Versailles (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «Творчество создателя классического регулярного стиля Андре Ленотра». www.vashsad.ua. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Լենոթր» հոդվածին։