Անդրեյ Լավրով
Անդրեյ Լավրով | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | Андрей Лавров |
Ազգություն | ռուս |
Մասնագիտացում | հանդբոլիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1962 (63 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ | ՍԿԻՖ (Կրասնոդար, 1978-1992, 2001) |
Հասակ՝ | 198 սանտիմետր |
Քաշ | 94 կիլոգրամ[1] |
Անդրեյ Իվանովիչ Լավրով (ռուս.՝ Андрей Иванович Лавров, մարտի 26, 1962, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս հանդբոլիստ, դարպասապահ, միակ հանդբոլիստը, որ երեք անգամ դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ 2000 թվականին, Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված հարցման տվյալներով, ճանաչվել է 21-րդ դարի երկրագնդի երրորդ հանդբոլիստը (հարցման արդյունքներով՝ առաջին տեղը գրավել է Մագնուս Վիսլանդերը, երկրորդ տեղը՝ Տալանտ Դույշեբաևը)[2]։ Միակ տղամարդ հանդբոլիստն է, որ հինգ անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Լավրովը ծնվել է 1962 թվականի մարտի 26-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։ Նրա առաջին մարզիչը եղել է Յուրի Գրիգորևիչ Զայցևը։
Անդրեյ Լավրովն Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի է արժանացել երեք անգամ՝ 1988, 1992, 2000 թվականներին, իսկ 2004 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Երկու անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում (1993, 1997)։ 1996 թվականի Եվրոպայի առաջնությունում արժանացել է ոսկե, իսկ 1990, 1999 թվականների առաջնություններում՝ արծաթե մեդալների։ 1990 թվականին Անդրեյ Լավրովը դարձել է Բարի կամքի խաղերի ոսկե, իսկ 1994 թվականին՝ արծաթե մեդալակիր։
1995-2004 թվականներին Անդրեյ Լավրովը եղել է Ռուսաստանի հանդբոլի ազգային հավաքականի անփոփոխ ավագը։ Նա ընտրվել է Ռուսաստանի 20-րդ դարի լավագույն հանդբոլիստը, ինչպես նաև եղել է աշխարհի հավաքականի դարպասապահը։ Ազգային հավաքականի կազմում Լավրովն անցկացրել է 312 խաղ և խփել մեկ գոլ։ 2000 թվականին Սիդնեյում անցկացված Ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Լավրովը եղել է Ռուսաստանի թիմի դրոշակիրը։
Անդրեյ Լավրովը խաղացել է Կրասնոդարի ՍԿԻՖ ակումբում (1978-1992, 2001), ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի ու Խորվաթիայի ակումբներում։ ՍԿԻՖ-ի կազմում նա դարձել է EHF գավաթակիր (1990), ԽՍՀՄ չեմպիոն (1991), ԱՊՀ չեմպիոն (1992), ինչպես նաև արժանացել է ԽՍՀՄ առաջնությունների երեք բրոնզե մեդալների (1988, 1989, 1990)։ Անդրեյ Լավրովը հաղթել է Ֆրանսիայի գավաթի առաջնությունում, արժանացել է Ֆրանսիայի առաջնության արծաթե ու բրոնզե մեդալների, ինչպես նաև դարձել է Խորվաթիայի չեմպիոն։
2005 թվականի հունիսից Անդրեյ Լավրովը եղել է Ռյազանի մարզային դումայի ներկայացուցիչը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում, Դաշնության խորհրդի բյուջեի հանձնաժողովի անդամ, Դաշնության խորհրդի երիտասարդության ու սպորտի հարցերով հանձանժողովի նախագահի տեղակալ։ 2011 թվականի փետրվարին ընտրվել է Ռուսաստանի հանդբոլիստների միության առաջին փոխնախագահ[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Լավրովն ամուսնացած է Տատյանա Պետրովնա Լավրովայի հետ։ Նրանք ունեն երկու որդի։ Ավագը՝ Իվան Լավրովը (ծնվել է 1987 թվականին), սովորել է Ստրասբուրգի համալսարանում, եղել է Ֆրանսիայի հանդբոլի պատանեկան առաջնության չեմպիոն։ Սերգեյ Լավրովը (ծնվել է 1993 թվականին) զբաղվում է թենիսով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (9 հունիսի, 2001) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման ու 2000 թվականին Սիդնեյում XXVII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ ձեռքբերումների համար[4]
- Պատվո շքանշան (31 օգոստոսի, 1998) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[5]
- Բարեկամության շքանշան (18 փետրվարի, 2006) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և մարզական մեծ ձեռքբերումների համար[6]
- «Պատվո նշան» շքանշան (1989)
- «Կուբանի աշխատանքի հերոս» մեդալ (Կրասնոդարի երկրամաս, 2005 թվականի փետրվար) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած անձնական մեծ ներդրման, Կուբանի օլիմպիական ռեզերվի նախապատրաստման ու սպորտային մեծ ձեռքբերումների համար[7]
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988)
- Կրասնոդարի պատվավոր քաղաքացի (2003)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olympedia — 2006.
- ↑ Газета «Ведомости» от 20 июня 2000 года
- ↑ Андрей Лавров избран первым вице-президентом Союза гандболистов России
- ↑ Указ Президента РФ от 9 июня 2001 г. № 692
- ↑ Указ Президента РФ от 31 августа 1998 г. № 1038
- ↑ Указ Президента РФ от 18 февраля 2006 г. № 126
- ↑ Спортсмены-олимпийцы стали героями труда Кубани // новости на портале ЮГА
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Լավրով» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կրասնոդար քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- Ռուս հանդբոլիստներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ