Անդրաշ Հեգեդյուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրաշ Հեգեդյուշ
հունգ.՝ Hegedüs András
ՀԺՀ նախարարների խորհրդի նախագահ
18 ապրիլի, 1955 - 24 հոկտեմբերի, 1956
Նախորդող Իմրե Նադ
Հաջորդող Իմրե Նադ
 
Կուսակցություն՝ Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1943)
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սոցիոլոգ
Ծննդյան օր հոկտեմբերի 31, 1922(1922-10-31)[2]
Ծննդավայր Սիլսարկանի, Չորնայի շրջան, Շոպրոն, Հունգարիայի թագավորություն
Վախճանի օր հոկտեմբերի 23, 1999(1999-10-23)[2][3] (76 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիա[1]
Թաղված Ֆարկաշրետի գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Պարգևներ

Անդրաշ Հեգեդյուշ (հունգ.՝ Hegedüs András, 31 հոկտեմբերի, 1922, Սիլշարկան – 23 հոկտեմբերի, 1999, Բուդապեշտ), հունգարացի կոմունիստ քաղաքական գործիչ, որ Մատյաշ Ռակոշիի իշխանության տարիներին եղել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության վարչապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրաշ Հեգեդյուշը ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 31-ին Հունգարիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սիլշարկան գյուղում։ Նրա ընտանիքը եղել է աղքատ, հայրը վաղ է մահացել, և Անդրաշ Հեգեդյուշին պահել է մայրը՝ Իդա Գեչենին։ Միջնակարգ կրթությունն ստացել է Սիլշարկանում՝ ավետարանական դպրոցում։ Տեղի վանականի օգնությամբ ընդունվել է Չորնայում ընդունվել է քաղաքացիական դպրոց։ 1941 թվականին Շոպրոնում ավարտել է ավետարանական լիցեյ։ Նույն թվականի աշնանն ընդունվել է Բուդապեշտի տեխնոլոգիական համալսարանի երկաթուղային ֆակուլտետ՝ նպատակ ունենալով դառնալ ինժեներ-երկաթուղային։

1942 թվականին ծանոթանալով երիտասարդական ընդհատակի ներկայացուցիչներ Ֆերենց Դոնատի ու Բելա Սալաիի հետ՝ Անդրաշ Հեգեդյուշն անդակամցում է ոչ օրինական Հունգարական կոմունիստական կուսակցությանը, որ պայքարում էր Միկլոշ Հորթիի ավտորիտար վարչակարգի դեմ։ Անդրաշ Հեգեդյուշը վարում էր կուսակցության համալսարանական խմբակի գործերը, ինչի պատճառով 1944 թվականի օգոստոսին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման, սակայն նույն թվականի նոյեմբերին փախել է և վերադարձել հակաֆաշիստական Ընդդիմություն։ 1945 թվականի հունիսի 24-ին ընտրվել է Ժամանակավոր ազգային ժողովի պատգամավոր։ 1948 թվականից մինչև 1949 թվականը եղել է Հունգարական աշխատանքի կուսակցության գյուղատնտեսության ու կապի բաժնի աշխատակից, իսկ դրանից հետո՝ մինչև 1951 թվականը, գլխավորել է այն։ 1951-1956 թվականներին եղել է Քաղբյուրոյի, Կենտրոնական կոմիտեի ու կոււսակցության քարտուղարության անդամ։

Չնայած իր երիտասարդ տարիքին ու անփորձությանը՝ Անդրաշ Հեգեդյուշն 1955-1956 թվականներին զբաղեցրել է Հունգարիայի վարչապետի պաշտոնը։ Ռակոշին նրան այդ պաշտոնում նշանակել է որպես իր գլխավոր հակառակորդի՝ Իմրե Նադի փոխարեն։ Անդրաշ Հեգեդյուշն ստորագրել է Վարշավայի պայմանագիրը Հունգարիայի կողմից։

1956 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Հունգարական հեղափոխության հինգերորդ օրը, Անդրաշ Հեգեդյուշը փախել է ԽՍՀՄ[4]։ 1958 թվականին նա վերադարձել է Հունգարիա, սակայն այլև քաղաքականությամբ չի զբաղվել, դասավանդել է սոցիոլոգիա։ Իր գիտական գործունեությունը նա սկսել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում (1958-1961), ապա եղել է Հունգարիայի վիճակագրության կոմիտեի նախագահի տեղաալ (1961-1963)։ 1963 թվականից մինչև 1968 թվականը նա գլխավորել է Հունգարիայի գիտությունների ակադեմիային կից իր կողմից հիմնադրած Սոցիոլոգիական հետազոտական խումբը (հետագայում՝ Սոցիոլոգիայի ինստիտուտ), ինչպես նաև եղել է «Իրականություն» (Valóság) հրատարակության խմբագիրը, իսկ 1966 թվականից դասավանդել է Կարլ Մարքսի անվան տնտեսագիտության համալսարանում։

1968 թվականին իր Անդրաշ Հեգեդյուշն մի քանի կոլեգաների հետ միասին դատապարտել է Վարշավայի պայմանագրի կազմակերպության զորքերի մուտքը Չեխոսլովակիա Պրահայի գարնան ճնշման նպատակով։ Արդյունքում Անդրաշ Հեգեդյուշին արգելում են դասավանդել սոցիոլոգիա, և նա Հունգարիայի արդյունաբերության նախարարությունում աշխատանքի է անցնում որպես գլխավոր գիտական խորհրդական։ 1973 թվականին նա հեռացվել է կոմունիստական կուսակցությունից և վտարվել նախարարությունից։ 1975 թվականից անցել է թոշակի, իսկ 1982 թվականին կրկին սկսել է դասավանդել Տնտեսագիտության համալսարանում։ Հանդես է եկել «շոկային թերապիայի» ընթացքում կապիտալիստական հարաբերությունների լայնամասշտաբ ներդրման դեմ։ 1990 թվականին Անդրաշ Հեգեդյուշը կազմակերպել է Աշխատավորական ակադեմիա, որտեղ աշխատել է մինչև մահ։

Անդրաշ Հեգեդյուշը մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 23-ին Բուդապեշտում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրաշ Հեգեդյուշը 1947 թվականին ամուսնացել է Ժուժաննա Հյոլցլի հետ։ Նրանք ունեցել են վեց երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118815814 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Meghalt Hegedüs András (հունգ.)Magyar Hírlap Kft., 1999. — ISSN 1786-478X
  4. Джоанна Гранвилл (Johanna Granville), Первый Домино The First Domino: International Decision Making During the Hungarian Crisis of 1956, Texas A & M University Press, 2004. ISBN 1-58544-298-4.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sebestyen, Victor (2006). Twelve Days: The Story of the 1956 Hungarian Revolution. New York: Pantheon. p. xix. ISBN 0-375-42458-X.