Անդրանիկ Սողոմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Անդրանիկ Սողոմոնյան
Ի ծնեԱնդրանիկ Սողոմոնյան
Ծնվել է1873
ԾննդավայրԱգուլիս
Մահացել է1949(1949)
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, բեմադրիչ
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի Մարդասիրական ընկերության դպրոց, Բաքվի ռուսական գիմնազիա
ԱմպլուաՈղբերգություններ
ԹատրոնԱնդրանիկ թատերախումբ
ԴերերՍուլեյման խան («Դավաճանություն»), վանահայր («Հին աստվածներ»), Յագո («Օթելլո»), Ֆրեդեր («17 տարեկաններ»)


Անդրանիկ Սողոմոնյան, հայ թատերական գործիչ, ԱՄՆ-ում երկար տարիներ գործունեություն ծավալած «Անդրանիկ» թատերախմբի հիմնադիր և ղեկավար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1873 թվականին, Ագուլիսում[1]: Կրթություն է ստացել Բաքվի Մարդասիրական ընկերության դպրոցում և նույն քաղաքի ռուսական գիմնազիայում: Պատանի տարիքից շատ է հետաքրքրվել դրամատուրգիայով, գրականությամբ: Ռուսերենի լավ իմացության շնորհիվ ծանոթացել է ռուսական և արևելաեվրոպական գրականությանը: 1890-ական թվականների սկզբներից ոչ շատ մեծ դերերով սկսել է մասնակցել հայկական ու ռուսական ներակայացումների: Հետագայում տեղափոխվել է Թիֆլիս, դերեր է ստացել հայկական կայուն թատերախմբերում:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Սողոմոնյանը կնոջ` Ազնիվի և մի քանի ընկերների հետ 1900-ական թվականների սկզբներից կազմել է թատերախմբեր և ելույթներ ունեցել Պարսկաստանում, Աստրախանում, Կարսում և Կովկասի տարբեր քաղաքներում: Հայտնի դերասանուհի Սիրանույշը, հետևելով խմբի գործունեությանը, առաջարկել է նրանց համագործակցել իր հետ: Անդրանիկն ու Ազնիվը համաձայնել են խաղալ Սիրանույշի խմբում, նրա հետ մասնակցել են տարբեր հյուրախաղերի: Սիրանույշի հետ աշխատանքը նաև բեմական դպրոց է եղել Սողոմոնյան ամուսինների համար[2]:

Aquote1.png Թե հայրս, թե մայրս մինչև իրենց կյանքի վերջը բացառիկ հարգանքով ու երախտագիտությամբ էին խոսում Սիրանույշի մասին, նրան համարում էին արվեստի տիրական իշխանուհի, հոգատար, բարի, իր հարուստ փորձը շրջապատին տալու պատրաստակամ նվիրյալ: Այնքան մանրամասնություններ էին պատմում դերակատարումների մասին, որ ինձ թվում էր, թե հենց ես էլ նրանց հետ եմ եղել դահլիճում, տեսել այդ զարմանալի դերասանուհու հոգեպարար դերակատարումները, Մարգարիտ Գոթիեի և Հայր Դյուվալի հանդիպման հուզիչ տեսարանը:

Անդրանիկի և Ազնիվի դուստր Պերճուհի, Գ. Ստեփանյան «Ամերիկահայ թատրոնի պատմություն», Երևան, 2008, էջ 418

Aquote2.png

1914 թվականին Անդրանիկն ու Ազնիվը Զարիֆյան-Սևումյանի խմբի հետ ելույթներ են ունեցել Կոստանդնուպոլսում: 1919 թվականին նշվել է Անդրանիկի բեմական գործունեության 25-ամյակը: 1921 թվականին Անդրանիկների ընտանիքը տեղափոխվել է Բուլղարիա, տվել է մի քանի ներկայացումներ այնտեղ գտնվող գաղթական հայերի համար: Խումբն այստեղ մեծ հաջողությամբ բերադրել է Ալ. Շիրվանզադեի «Նամուսը», «Չար ոգին», ինչպես նաև` «Տրիլբի», «Կույր ջութակահարը», «Հայրենական տուն» պիեսները: Բուլղարիայից խումբը մեկնել է Ռումինիա: Այս ընթացքում խմբի հետ համագործակցելու առաջարկներ են արել Հովհաննես Աբելյանն ու Սիրանույշը: 1922 թվականին խումբը գործել է Զմյուռնիայում, հետո` Եգիպտոսում: 1923 թվականին Անդրանիկ Սողոմոնյանն ու խումբը մեկնել են ԱՄՆ: Հիմնական գործունեությունն «Անդրանիկ» թատերախումբը ծավալել է հենց ԱՄՆ-ում` հանդես գալով հայաշատ մի շարք քաղաքներում` հիմնականում ապրելով և ստեղծագործելով Լոս-Անջելեսում: Անդրանիկ Սողոմոնյանը մահացել է 1949 թվականին` մինչև կյանքի վերջին օրը խաղալով ներկայացման մեջ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսում ապրելու տարիներին ամուսնացել է խաղընկերուհի Ազնիվի հետ, ով կրել է Անդրանիկի ազգանունը: Ազնիվ Սողոմոնյանը ծնվել է Կարսում, նույնպես կրթություն է ստացել գիմնազիայում: Նախ աշխատել է որպես ուսուցչուհի, այնուհետև տեղափոխվել է Թիֆլիս: Ազնիվն ու Անդրանիկը ոչ միայն ամուսիններ են եղել, այլև` երկար տարիներ միասին խաղացել են բեմում, միասին են ներկայացումներ պատրաստել: Ունեցել են երկու դուստր` Պերճուհին և Գոհարը, ովքեր ևս շարունակել են ծնողների գործը` դառնալով դերասանուհիներ և խաղալով «Անդրանիկ» թատերախմբում: Անդրանիկից և Ազնիվից հետո «Անդրանիկ» թատերախումբը ղեկավարել է Եղիշե Հարութը` Գոհարի ամուսինը:

Հիմնական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Սողոմոնյանը և՛ «Անդրանիկ» թատերախմբի բեմադրած ներկայացումներում, և՛ տարբեր հայտնի դերասանների հետ համագործակցության ընթացքում խաղացել է մի շարք գլխավոր դերեր, որոնք ժամանակի մամուլում մեծ արձագանք են գտել: Առավել հայտնի դերերից են.

  • Դավաճանություն-Սուլեյման խան, Գլախա
  • 17 տարեկանները-Ֆրեդեր
  • Օթելլո-Յագո
  • Ավազակները-Ֆրանց
  • Պաղտասար աղբար-Պաղտասար աղբար
  • Ոճրագործի ընտանիքը-Կորրադո
  • Կույր ջութակահարը-Միշել, կույը ջութակահար
  • Աստված և սատանա-սատանա
  • Մուսա լեռան-Տեր Աբրահամ, ապստամբության ղեկավար
  • Հին աստվածներ-վանահայր
  • Կամելիազարդ տիկինը-Հայր Դյուվալ
  • Չար ոգի-Գիժ Դանիել
  • Հայրենական տուն-Շվայցեր
  • Նամուս-Բարխուդար
  • Տրիբլի-Սվենգալի
  • Պեպո-Գիքո
  • Կայրս-Նիկեֆոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 416
  2. Նույն տեղում, 417

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]