Անդրանիկ Մեհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեհրաբյան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Մեհրաբյան
Ծնվել էհունիսի 25, 1904(1904-06-25)[1]
ԾննդավայրՇուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 18, 1986(1986-02-18) (81 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՌոստովի պետական համալսարան (1929)[1]
Մասնագիտությունհոգեբույժ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1] և թղթակից անդամ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1941)
ԱշխատավայրՌոստովի պետական համալսարան[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Անդրանիկ Համբարձումի Մեհրաբյան (հունիսի 25, 1904(1904-06-25)[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18, 1986(1986-02-18)[2]), հայազգի խորհրդային հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1941), պրոֆեսոր (1942), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Մեհրաբյանը ծնվել է 1904 թվականին Վրաստանի Շուլավեր գյուղում։ Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Ավարտել է Թիֆլիսի 3-րդ հայկական գիմնազիան։ 1923 թվականից զբաղվել է ուսուցչությամբ։ 1929 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիս-Կովկասյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1929-1930 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես զինվորական բժիշկ, որտեղ էլ ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1930-1933 թվականներին եղել է Ռոստովի հոգեբուժական հիվանդանոցի օրդինատոր։ Աշխատանքին զուգահեռ անցել է մանկավարժների համար նախատեսված նախապատրաստական փիլիսոփայության դասընթացը, ինչը նրան հնարավորություն է տվել վարելու մարքս-լենինյան փիլիսոփայության դիալեկտիկայի և պատմական մատերիալիզմի դասընթացը Ռոստովի բժշկական ինստիտուտում։ 1930-1932 թվականներին սովորել է ՌՊԲԻ ասպիրանտուրայում՝ հոգեբուժության գծով։ Աշակերտել է պրոֆեսոր Ա. Յուշչենկոյին, որը խորհրդային հոգեբուժության մեջ կեսաքիմիական և մորֆոլոգիական ուղղության հիմնադիրներից է։ 1932-1936 թվականներին աշխատել է նույն բուհի հոգեբուժության ամբիոնում ՝ որպես ասիստենտ։ 1937 թվականին պաշտպանել է թեզ՝ «Օտարացման սինդրոմը և զառանցանքը» թեմայով և ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Թեզը տպագրվել է մենագրության ձևով և ճանաչում բերել հեղինակին։ 1937 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1941 թվականին պաշտպանել է թեզ՝ «Օտարացման սինդրոմի կլինիկան և հոգեախտաբանությունը» թեմայով և ստացել բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան։ 1942 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[2]։ Եղել է Ռոստովի քաղխորհրդի գործկոմի անդամ, Կոմկուսի Ռոստովի քաղկոմի բարձրագույն դպրոցի բաժանմունքի վարիչ։ 1941-1944 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել Հարավային ռազմաճակատի գլխավոր հոգեբույժ։ Ունեցել է բժշկական ծառայության մայորի կոչում[3]։ Պատերազմի տարիների նրա գիտական դիտարկումները ընդհանրացված են պատերազմական նևրոզների և փսիխոզների հարցերին նվիրված գիտական աշխատանքներում։ Ռուսաստանում աշխատելու տարիներին ստեղծել է ընդհանուր հոգե-ախտաբանության իր կոնցեպցիան, գրել բազմաթիվ աշխատություններ, մասնակցել Մ. Սերեյսկու «Հոգեբուժություն» դասագրքի «Տեսական պրոբլեմներ» գլխի շարադրմանը։

1944 թվականին ՀԽՍՀ առողջապահության նախարարության կողմից հրավիրվել է Երևան և ստանձնել Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչի պաշտոնը, որը զբաղեցրել է մինչև 1985 թվականը։ 1946-1948 թվականներին եղել է ինստիտուտի ռեկտորի տեղակալ՝ գիտական գծով[2], տասնյակ տարիներ ղեկավարել է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի փիլիսոփայության սեմինարները, ուսանողական գիտական ընկերությունը։ ԱՆ գլխավոր հոգեբույժ (1965-1983)։ Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնին առընթեր ստեղծել է պրոբլեմային լաբորատորիա։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 250 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ 9 մենագրությունների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 25 թեկնածուական և 6 դոկտորական թեզեր։ Աշխատանքները նվիրված են վարակական (հատկապես մալարիային) պսիխոզների, շիզոֆրենիայի, էպիլեպսիայի, գլխուղեղի վնասվածքների, ալկոհոլամոլության, նարկոմանիաների կլինիկական ընթացքի, հոգեախտաբանության դասակարգման և բուժման հարցերին։ Մեհրաբյանը լուսաբանել էր գիտակցության և անձի (բնականոն և ախտաբանական վիճակներում), հոգեկան օտարացման, զգայախաբությունների, զառանցական մտքերի և ապաանհատականացման խնդիրները[3]։

Անդրանիկ Մեհրաբյանը խոշոր ներդրում ունի Հայաստանում գիտական հոգեբուժության զարգացման, բժշկական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման, հոգեբուժական ծառայության ընդլայման գործում։ Նրա նախաձեռնությամբ Երևանում անցկացվել են հանրապետական, անդրկովկասյան, միութենական, միջազգային մի շարք գիտաժողովներ։ Նրա «Անհատական գիտակցության բնույթի մասին (նորմալ և ախտաբանական պայամններում)» մենագրության մեջ ընդհարացվել են հիմնահարցի փիլիսոփայական, ֆիզիոլոգիական, հոգեբանական և կլինիկական տվյալները։ Գրքի առաջաբանում ակադեմիկոս Էզրաս Հասրաթյանը գրել է.

Մենք չենք կասկածում, որ աշխատության լույս ընծայումը կարժանանա մեծ թվով փիլիսոփաների, հոգեբանների, ֆիզիոլոգների, բժիշկների և ամենատարբեր մասնագետների ջերմ ընդունելությանը, ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

«Դեպերսոնալիզացիա» կապիտալ աշխատության մեջ Մեհրաբյանը շարադրել է հոգեկան օտարացման մասին իր տեսությունը։ Խորհրդային հոգեբուժության խոշոր ներկայացուցիչ, ակադեմիկոս Ա. Սնեժնևսկու կարծիքով, գիրքը ոչ միայն հիմնահարցի վերաբերյալ առաջին հիմնարար աշխատությունն է խորհրդային հոգեբուժության մեջ, այլև մատերիալիստական դիրքերից կատարված առաջին հետազոտությունը համաշխարհային հոգեբուժության մեջ։ Առաջաբանում նա գրել է.

Անդրանիկ Մեհրաբյանի մենագրությունը, անշուշտ, ընդհանուր հոգեախտաբանության ուղենիշ կդառնա ոչ միայն մեզ մոտ, այլև արտասահմանում։

1966 թվականին Մոսկվայում կայացած Համամիութենական գիտաժողովում Անդրանիկ Մեհրաբյանը նախագահել է գիտակցության ախտաբանության հարցերին վերաբերող նիստը։ Նա զեկուցումներով հանդես է եկել Մոնրեալում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Դրեզդենում կայացած միջազգային կոնգրեսներում, ինչը մեծ ճանաչում է բերել նրան։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականից եղել է Մեհրաբյանը ՀԽՍՀ նյարդախտաբանների, հոգեբույժների և նյարդավիրաբույժների ընկերության նախագահն[3], անդամակցել է նաև Նյարդախտաբանների և հոգեբույժների համախորհրդային միությանը[2]։ Շուրջ 20 տարի եղել է ՀԽՍՀ ԱՆ գիտաբժշկական խորհրդի նախագահության անդամ։ Բժշկական մեծ հանրագիտարանի (Մ.) 2-3 հրատարակությունների «Հոգեբուժություն» բաժնի խմբագիրը, «Ս. Կորսակովի անվան նյարդաբուժության և հոգեբուժության ամսագրի» (Մ.) խմբագրական խորհրդի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օտարացման սինդրոմը և զառանցանքը (ռուսերեն), Դոնի Ռոստով, 1938։
  • О природе индивидуального сознания, Ереван, 1959. //Անհատական գիտակցության բնույթի մասին (նորմայում և պաթոլոգիայում, ռուսերեն)։
  • Деперсонализация, Ереван. Армгосиздат, 1962. 356 с.[4]
  • Հոգեախտաբանության տեսական պրոբլեմները (ռուսերեն), Երևան, 1967, 228 էջ։
  • Общая психопатология, Москва, 1972, 288 с. //Ընդհանուր հոգեախտաբանություն (ռուսերեն)։
  • Личность и сознание, Москва,1978, 176 с. // Անձը և գիտակցությունը (ռուսերեն)։
  • Ակնարկներ հոգեբանության և հոգեբուժության տեսությունից (ռուսերեն), Երևան, 1984, 196 էջ։
  • Ճանաչողության և զգացողության դիալեկտիկակա հոգեախտաբանության պրոբլեմի լույսի ներքո (ռուսերեն), երևան, 1988, 175 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 444.
  2. 2,0 2,1 2,2 2,3 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 47. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1981). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջեր հատոր 7, 444.
  4. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Մեհրաբյան Անդրանիկ Համբարձումի». koha.anau.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Մեհրաբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 444