Անդրանիկ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Այվազյան
Ծնվել է1850[1] կամ 1851[2][3]
ԾննդավայրԿեմերեկ, Սեբաստիայի նահանգ
Մահացել է1919
Մահվան վայրՆյու Յորք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ
ԱմուսինԼուսաբեր Հազարապետյան

Անդրանիկ Այվազյան (1850 կամ 1851, Կեմերեկ, Սեբաստիայի նահանգ - 1919, Նյու Յորք, ԱՄՆ), հայ բժիշկ, թարգմանիչ։

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1863 թվականին գալով Կ. Պոլիս՝ հաճախել է Ս. Փրկչի դպրոցը, որն ավարտել է 1867 թվականին և նույն դպրոցում աշխատել ուսուցչի օգնական։ 1868 թվականին տեղափոխվել է Բաֆրա և վարել տնօրենի պաշտոն։ 1870-1875 թվականներին Թալասի Ներքին թաղի Արշակունյաց վարժարանի տնօրենն էր։ Այստեղ ամերիկյան միսիոներներին ֆրանսերեն և թուրքերեն սովորեցնելով՝ փոխադարձաբար նրանցից անգլերեն է սովորում և սկսում է թղթակցել ամերիկյան մի պարբերականի։ Այդ թղթակցությունները գրավում է Կ. Պոլսի «Ավետաբեր» պարբերականի խմբագրի ուշադրությունը, որը նրան հրավիրում է թերթում թարգմանություններ անելու։ 1875-1884 թվականներին Կ. Պոլսում խմբագրական աշխատանք է կատարում։ Մասնակցում է ազգային կրթական և այլ շարժումների։ Անդամակցում է Արարատյան ընկերությանը իբրև փոխատենապետ, որոշ ժամանակ էլ՝ ընդհանուր ժողովի նախագահ։

1880 թվականին ամուսնանում է Լուսաբեր Հազարապետյանի հետ, սակայն վերջինս մեկ տարի հետո մահանում է։

Այնուհետև Անդրանիկ Այվազյանը նվիրվում է բժշկությանը։ Երկու տարի գիտական մասնավոր դասեր անցնելուց հետո՝ 1884 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ ուսանում է բժշկական համալսարանում։ 1886 թվականին ավարտելով ուսումը՝ նույն տարվա աշնանը աշխատանքի է ընդունվում Նյու Յորքի հոգեբուժարանում։ 1887 թվականին, որպես քննիչ-բժիշկ, աշխատանքի է անցնում Նյու Յորքի առողջապահական վարչությունում, որտեղ պաշտոնավարում է քսան տարի։

Անդամակցել է մի շարք բժշկական ընկերությունների և մասոնական կարևոր մի օթյակի[2]։

Օգտագործել է Ա. ծածկանունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 557։
  2. 2,0 2,1 Մկրտիչ Պոտուրյան, Հայ հանրագիտակ, 1938, գիրք Ա, էջ 143։
  3. Ազատ, Նյու Յորք, 1918, թիվ Դ, էջ 63։