Անգլո-իրանական պայմանագիր և համաձայնագրեր (1801, 1809, 1814, 1857, 1882, 1919)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Անգլո–իրանական պայմանագրեր և համաձայնագրեր (1801, 1809, 1814, 1857, 1882, 1919), 1801 թվականի քաղաքական և առևտրական պայմանագրերը կնքվել են հունվարի 4-ին, Թեհրանում։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1801 թվականի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանը պարտավորվում էր պաշտպանել Հնդկաստանին՝ Աֆղանստանի կամ եվրոպական որևէ տերության հարձակման դեպքում։ Անգլիան պարտավորվում էր Իրանին մատակարարել զենք և ռազմական հանդերձանք։ Առևտրական պայմանագրով անգլիական և հնդկական վաճառականներին արտոնվում էր անգլիական որոշ ապրանքներ առանց մաքսի ներմուծել Իրան։

1809 թվականի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1809 թվականի պայմանագիրը («դաշինքի և բարեկամության մասին») կնքվել է մարտի 12-ին, Թեհրանում, այն բանից հետո, երբ Տիլզիտի հաշտությամբ (1807) Ֆրանսիան դադարեց օգնել Իրանին՝ Ռուսաստանի դեմ 1804-1813 թվականներին մղվող պատերազմում։ Իրանը պարտավորվում էր խզել հարաբերությունները Ֆրանսիայի և Անգլիային թշնամի մյուս պետությունների հետ, իսկ Անգլիան պարտավորվում էր մինչև պատերազմի ավարտը Իրանին տարեկան վճարել 160 հազար թուման և հրահանգիչներ ու զենք ուղարկել իրանական բանակի համար։

1814 թվականի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1814 թվականի պայմանագիրը կնքվել է Թեհրանում, նոյեմբերի 25-ին, 1809 թվականի պայմանագրի հիման վրա։ Իրանը պարտավորվում էր չեղյալ հայտարարել Անգլիային թշնամի բոլոր եվրոպական պետությունների հետ կնքված պայմանագրերն ու դաշինքները, թույլ չտալ, որ նրանց զորքերը Իրանի վրայով անցնեն Հնդկաստան, Աֆղանստանի և Բրիտանական Հնդկաստանի միջև պատերազմ ծագելու դեպքում՝ անգլիացիներին օգնել զորքով, զինվորական հրահանգիչներ հրավիրել միայն Անգլիայից կամ նրան բարեկամ երկրներից։

Անգլիան պարտավորվում էր Իրանի վրա որևէ եվրոպական տերության հարձակման դեպքում Իրանին օգնել Հնդկաստանից բերված անգլիական զորքով կամ 200 հազար թուման ամենամյա նպաստով, վերանայել ռուս-իրանական պայմանագրով հաստատված ռուս-իրանական սահմանը օգուտ Իրանի, չմիջամտել Իրանի ներքին գործերին և Իրանի ու Աֆղանստանի միջև հնարավոր պատերազմին։

1857 թվականի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականի պայմանագիրը վերջ դրեց 1856–1857 թվականների անգլո-իրանական պատերազմին։ Կնքվել է մարտի 4-ին, Փարիզում, նախապատերազմյան ստատուս քվոյի հիման վրա և ունի փոխզիջման բնույթ։ Իրանը պարտավորվում էր զորքերը հանել Հերաթից ու Աֆղանստանին հարող մի քանի այլ վայրերից և ճանաչել Հերաթի ու Աֆղանստանի անկախությունը։ Մի կողմից Իրանի, մյուս կողմից Հերաթի ու Աֆղանստանի միջև տարաձայնություններ ծագելիս՝ դիմել Անգլիայի միջնորդությանը։ Անգլիան պարտավորվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և իր զորքերը դուրս բերել Իրանից։

1882 թվականի համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1882-ի համաձայնագիրը կնքվել է մարտի 2-ին։ Այն անգլիացիներին իրավունք էր վերապահում ստուգման ենթարկել իրանական առևտրական նավերը: 1919 թվականի համաձայնագիրը կնքվել է օգոստոսի 9-ին։ Անգլիան իրավունք էր ստանում վերակառուցել իրանական բանակը, խորհրդատուներ ունենալ Իրանի պետական հիմնարկություններում ևն։ Իրանին տրամադրված 2 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխառությունը պետք է ծախսվեր անգլիացիների հսկողությամբ։ Համաձայնագիրը չեղյալ հայտարարվեց 1921 թվականի փետրվարին՝ իրանական հասարակայնության ճնշման տակ։

Անգլո–ռուսական համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլո–ռուսական համաձայնագիր 1907, կնքվել է օգոստոսի 18(31)–ին, Պետեր֊բուրգում։ Աշխարհի բաժանման համար գերտերությունների մղած պայքարում անգլո-գերմանական և ռուս–գերմանական հակասությունների սրման արդյունքն էր։ Երկու կողմերը ճանաչեցին Տիբեթի տարածքային անձեռնմխելիությունը։

Համաձայնագրի 3 գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանը բաժանվում էր երեք գոտու.

  1. ռուսական ազդեցության (հյուսիսային)
  2. անգլիական ազդեցության (հարավային)
  3. չեզոք (անգլիականի և ռուսականի միջև)

3-րդ գոտին դարձավ անգլո-ռուսսւկան մրցակցության ասպարեզ։ Ռուսաստանը ճանաչում էր Անգլիայի ազդեցությունը Աֆղանստանում՝ պայմանով, որ պահպանվի նրա տերիտորիալ ամբողջականությունը։ Համաձայնագիրը Անտանտի ձևավորման կարևոր փուլ էր, միևնույն ժամանակ ուղղված էր Արևելքի ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման դեմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 383 CC-BY-SA-icon-80x15.png