Անգլո-եգիպտական պատերազմ (1882)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտացիները անգլո-եգիպտական պատերազմի ճակատամարտերից մեկում

1882 թվականի անգլո-եգիպտական պատերազմ (անգլ.՝ Second Anglo-Egyptian War), պատերազմ էր Մեծ Բրիտանիայի կողմից ընդդեմ Եգիպտոսի, որը տեղի ունեցավ 1882 թվականի ամռանը և աշնան սկզբին։ Բրիտանական կայսրությունը փորձում էր ընդլայնել իր գաղութային տիրույթները Աֆրիկայում և, դրանով իսկ, հրահրեց եգիպտացի հայրենասեր-սպաների ապստամբությունը՝ գնդապետ Արաբի-փաշայի գլխավորությամբ։

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական կայսրությունը
Եգիպտոսը և Սուդանը, XIX դ. 2-րդ կես

Երկրորդ անգլո-եգիպտական պատերազմը տեղի է ունեցել Եգիպտոսում, 1882 թվականի հուլիսի 11-ից մինչև սեպտեմբերի 15-ը։ Տևել է 67 օր։ Պատերազմը բռնկվեց շնորհիվ Եգիպտոսի բնակչության ազգայնականորեն տրամադրված խավերի հակազդեցության ընդդեմ Եգիպտոսի նկատմամբ բրիտանական և ֆրանսիական գաղութարարական քաղաքականության։ Եգիպտացիների նման դիրքորոշումը կարող էր վտանգել ռազմավարական կարևորություն ունեցող Սուեզի ջրանցքի նկատմամբ անգլո-ֆրանսիական վերահսկողությունը։ Պատերազմն ավարտվեց բրիտանական հաղթանակով։ Եգիպտոսը ենթարկվեց բրիտանական ռազմակալման։ Ապստամբած եգիպտացիների առաջնորդը՝ գնդապետ Արաբին մահվան դատապարտվեց (հետագայում պատիժը մեղմվում է՝ աքսորվում է Ցեյլոն

Բրիտանական զորքերի հրամանատարներն էին Գարնետ Վուլզլին, Վուլզլիի 1–ին վիկոնտը՝ փոխկոմսը, Սեյմուր Բոշամպը, I բարոն Ալսեսթերը։ Բրիտանական կողմից պատերազմին մասնակցում էին բրիտանական և հնդկական զորքերը, նաև Եգիպտոսի տապալված խեդիվի` Թաուֆիք փաշայի եգիպտական ու սուդանյան զորքերը։ Ընդամենը` 40.560 կանոնավոր զորքեր։ Պաշտոնապես Անգլիայի դաշնակիցներն էին նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ն, սակայն ռազմադաշտում նրանք որևէ մասնակցություն չեն ունեցել։

Հակառակորդ կողմի՝ գնդապետ Արաբիի հրամանատարության ներքո գործող եգիպտական և սուդանյան զորքերի թիվը հասնում էր մոտ 100.000-ի, սակայն դրանց մեջ մեծ թիվ էին կազմում անվարժ նորակոչիկները` մոտ 40.000, ինչպես նաև անկարգապահ բեդուինական ցեղերի ջոկատները, որոնց առաջնորդները կաշառվեցին անգլիացիների կողմից և մերկացրեցին ռազմաճակատի` իրենց պաշտպանությանը հանձնված մասը։ Արաբիի քիչ, թե շատ մարտունակ ուժերը կազմում էր մոտ 19.000 կանոնավոր զորք։

Անգլո-եգիպտական պատերազմի վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմող կողմերը Բնակչությունը (առ 1882 թ.) Զորահավաքված զինվորների թիվը Սպանվել է և մահացել հիվանդություններից Վիրավորվել է
Մեծ Բրիտանիա 30 100 000 40 560 67 438
Եգիպտոս 7 850 000 100 000 2165
ԸՆԴԱՄԵՆԸ 37 950 000 140 560 2232

Պատերազմի պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Ահմեդ Արաբի կամ Օրաբի (1882)
Սուեզի ջրանցքը
Սուեզի ջրանցքի գծագիրը

Օտարերկրացիների ամենազորությունը վիրավորում էր եգիպտացիների ազգային զգացմունքները։ Ազգային-ազատագրական շարժման գլուխ կանգնեցին երիտասարդ եգիպտական ազգային բուրժուազիայի ներկայացուցիչները, եգիպտական մտավորականությունը, բանակի սպաները, հայրենասիրորեն տրամադրված կալվածատերերը։ Նրանք բոլորը միավորվեցին «Եգիպտոսը` եգիպտացիներին» կարգախոսի ներքո և ստեղծեցին Եգիպտոսի առաջին քաղաքական կազմակերպությունը՝ «Հիզբ-ուլ-վաթան», այսինքն «Հայրենիքի կուսակցությունը» կամ «Ազգայնական կուսակցությունը»[1]։

1880 թվականի մայիսին Եգիպտոսի բանակի սպաների մի խումբ հանդես եկավ ընդդեմ եգիպտացի-սպաների առաջխաղացման համար ստեղծված խոչընդոտների, զինվորներին տարբեր ոչ ռազմական աշխատանքների մեջ հարկադրաբար օգտագործելու և զինվորականների աշխատավարձերի պարբերական ուշացումների[1][2]։

1881 թվականին եգիպտական բանակի մի խումբ սպաներ՝ գնդապետ Ահմեդ Արաբիի կամ Օրաբիի գլխավորությամբ Եգիպտոսի կառավարությանը խնդրագիր-դիմում ուղարկեցին՝ պահանջելով պաշտոնազրկել ռազմական նախարարին և հետաքննել նրա կողմից կատարված որոշ ռազմական պաշտոնյաների աստիճանների բարձրացումը։ Գնդապետ Արաբին ծագում էր ֆելլահներից և «Հիզբ-ուլ-վաթան» կուսակցության տաղանդավոր ու եռանդուն գործիչներից մեկն էր։ Նա հասկանում էր բանակի, որպես Եգիպտոսի միակ կազմակերպված ուժի նշանակությունը և փորձում էր ազգայնական շարժման համար աջակցություն ձեռք բերել գյուղացիության շրջանում[1][2]։

1881 թվականի փետրվարին Եգիպտական բանակի հայրենասեր-սպաների հրամանատարության ներքո գործող զինվորները գրավեցին եգիպտական ռազմական նախարարության շենքը և ձերբակալեցին ռազմական նախարարին[3]։

Գնդապետ Արաբիի խմբի հաջողությունը սարսափեցրեց կառավարությանը և նրա օտարերկրյա խորհրդականներին։ Նրանք փորձեցին Կահիրեցի հեռացնել եգիպտական բանակի հայրենասիրորեն տրամադրված զորագնդերը։ Սակայն այդ փոսրձը հանդիպեց դիմադրության։ «Վաթանիստները« այժմ պահանջեցին արդեն եգիպտական ամբողջ կառավարության հրաժարականը, նաև՝ մշակել Եգիպտոսի սահմանադրություն և մեծացնել Եգիպտոսի բանակը, որը նրանք համարում էին երկրի հզորության ու ազգային ինքնիշխանության հիմնական պաշտպանը։ Բանակի զինված ելույթը 1881 թվականի սեպտեմբերին ստիպեց խեդիվ Թաուֆիքին ընդունելու «վաթանիստների» բոլոր պահանջները[3]։

Այս իրադարձություններն ուժեղացրեցին օտարերկրյա մեծ տերությունների տագնապը։ Անգլիական և ֆրանսիական դիվանագիտությունը փորձեց կազմակերպել օսմանյան ռազմական ներխուժումը Եգիպտոս։ Երբ դա չհաջողվեց, Ֆրանսիան առաջ քաշեց Եգիպտոսի նկատմամբ համատեղ անգլո-ֆրանսիական ռազմական վերահսկողության նախագիծը։ Անգլիացիները, որոնք ձգտում էին ինքնուրույն գերիշխել Եգիպտոսում մերժեցին պաշտոնական Փարիզի այդ առաջարկը[3]։

Այնինչ 1881 թվականի սեպտեմբերյան ապստամբությունից հետո կազմավորված Շերիֆ փաշայի նոր կառավարությունը որոշում կայացրեց՝ անցկացնել Եգիպտոսի խորհրդարանի ընտրություններ։ Ընտրությունները պետք է կատարվեին 1866 թվականի ընտրական օրենքի հիման վրա, որը խիստ սահմանափակում էր ազգաբնակչության ընտրական իրավունքները։ Այնուամենայնիվ, խորհրդարան անցան մեծ մասամբ հենց «վաթանիստները»։ Վերջիններս պնդում էին, որ Եգիպտոսի ապագա սահմանադրությունը խորհրդարանին իրավունք պետք է տա լիովին վերահսկելու պետական բյուջեի թեկուզ այն մասը, որը նախատեսված չէր պետական պարտքի մարման համար։ Այնինչ, վարչապետ Շերիֆ փաշայի մշակած սահմանադրության նախագիծը խորհրդարանին այդ հարցում սոսկ խորհրդակցական իրավունք էր տալիս։ Եգիպտոսի խորհրդրանի պատգամավորների մեծ մասը 1881 թվականի դեկտեմբերի 26-ին բացված նստաշրջանի ժամանակ իրենց դժգոհությունն արտահայտեցին երկրի սահմանադրության՝ Շերիֆ փաշայի մշակած նախագծի նկատմամբ։ Գնդապետ Արաբին առաջարկեց՝ կազմավորել Եգիպտոսի նոր կառավարություն[3]։

Հաջորդ ամիս՝ 1882 թվականի հունվարին խեդիվ Թաուֆիքը ստացավ անգլո-ֆրանսիական համատեղ նոտա, որը պահանջում էր՝

  • ա. ցրել Եգիպտոսի խորհրդարանը,
  • բ. կասեցնել գնդապետ Արաբիի գործունեությունը։

Այնուամենայնիվ, Եգիպտոսի՝ հիմնականում ազգայնականորեն տրամադրված խորհրդարանը, չնայած անգլո-ֆրանսիական բացահայտ ճնշմանը՝ հասավ նրան, որ Շարիֆ փաշայի կառավարությունը հրաժարական տվեց։

Կազմավորվեց Եգիպտոսի նոր կառավարություն։ Այստեղ նոր ռազմական նախարար նշանակվեց գնդապետ Արաբին։

Եգիպտոսում բազմամարդ հավաքներ էին անցնում, որոնք ողջունում էին նոր կառավարության կազմավորումը։

Նոր կառավարությունը նոր սահմանադրության նախագիծ ընդունեց, որը նախատեսում էր երկրի բյուջեի հաստատումը կառավարության կողմից՝ խորհրդարանի հետ համատեղ, անշուշտ առանց բյուջեի այն մասի, որը նախատեսված էր պետական պարտքի մարման համար[3]։

Ֆրանսիան և Անգլիան փորձեցին կաշառել գնդապետ Արաբիին, սակայն դա նրանց չհաջողվեց։ Դրանից հետո Անգլիան և Ֆրանսիան 1882 թվականի մայիսի 25-ին խեդիվ Թաուֆիքին նոտա հանձնեցին՝ պահանջելով պաշտոնաթող անել նոր կառավարությունը, երկրից վտարել գնդապետ Արաբուն և Կահիրեց հեռացնել բոլոր ականավոր «վաթանիստներին»[3]։

Ի նշան կոպիտ օտարերկյա միջամտության դեմ բողոքի՝ ազգային կառավարությունը հրաժարական տվեց, սակայն դա այնպիսի լուրջ հուզումներ առաջացրեց Եգիպտոսի խոշորագույն քաղաքներում՝ Ալեքսանդրիայում և Կահիրեում, որ խեդիվ Թաուֆիքը հարկադրված եղավ 1828 թվականի մայիսի 28-ին ռազմական նախարարի պաշտոնում դարձյալ նշանակել գնդապետ Արաբիին[4]։

Պատերազմի առիթը[խմբագրել | խմբագրել կոդը]

1867-1869 թվականներին Եգիպտոսում Ֆերդինանդ դե Լեսեպսը կառուցեց Սուեզի ջրանցքը, որը ռազմավարական նշանակություն ուներ համաշխարհային տնտեսության համար։ Սկզբում բաժնետոմսերի վերահսկիչ ծրարին տիրում էր Եգիպտոսի խեդիվ (1863-1879) Իսմայիլ փաշան։ 1875 թվականին խեդիվը իր բաժնետոմսերը վաճառեց Մեծ Բրիտանիային։ 1880 թվականից Սուեզի ջրանցիք բաժնետոմսերին տիրում էր անգլո-ֆրանսիական ընկերությունը։

1881 թվականին Եգիպտոսում սկսվեց սպաների ապստամբությունն ընդդեմ Սուեզի ջրանցքում Բրիտանական կայսրության ազդեցության։ Մեծ Բրիտանիան անհապաղ օգտվեց դրանից և սկսեց ռազմական նախապատրաստություններ կատարել՝ Եգիպտոս ներխուժելու համար։ 1882 թվականի ամռանը Կոստանդնուպոլսում գումարված Եվրոպական ազգերի միջազգային համաժողովում Մեծ Բրիտանիան հարց բարձրացրեց՝ Եգիպտոսում ապստամբության մասին։

1882 թվականի հունիսին այդ համաժողովի անգլիացի պատվիրակները ստիպված էին միանալ միջազգային համաժողովի ընդունած արձանագրությանը, որը պարտավորեցնում էր բոլոր եվրոպական տերություններին՝ չդիմել Եգիպտոսի տարածքի որևէ աննեքսիայի (բռնակցման) կամ օկուպացիայի (զինակալման)[5]։

Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ IIը հրաժարվեց իր զորքերն ուղարկել Եգիպտոս։ Բրիտանիայի այդ հարցում չօգնեց նաև իր գաղութային պատերազմներում վաղուցվա դաշնակիցը՝ Ֆրանսիան, քանի որ զբաղված էր Վյետնամ ներխուժելու ռազմական նախապատրաստություններով։ Այնժամ բրիտանացիները որոշեցին միայնակ գործել։ Ֆրանսիան իր ռազմածովային զորագունդը հանեց Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից։

Չսպասելով համաժողովի արձանագրության հաստատմանը, Ալեքսանդրիայի նավահանգստի մոտ ծովում կանգնած անգլիական էսկադրայի հրամանատարը՝ փոխծովակալ Սեյմուրը Ալեքսանդրիայի ռազմական կառավարչին (Military Governor) սադրիչ պահանջ ուղարկեց՝ դադարեցնել եգիպտացիների կողմից կատարվող ամրաշինական աշխատանքները։ 1882 թվականի հուլիսի 10-ին հանձնված այդ վերջնագիրն առաջարկում էր եգիպտական կողմին՝ կատարել անգլիական կողմի տվյալ պահանջը 24 ժամվա ընթացքում[5]։

Մարտական գործողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրիայի ռմբակոծումը բրիտանական էսկադրայի կողմից. քարտեզ
Ռազմաբեմը` Ալեքսանդրիան և Նեղոսի դելտան (1882). քարտեզ
Թել-էլ-Քեբիրի ճակատամարտը

1882 թվականի հուլիսի 11-ի վաղ առավոտյան բրիտանական էսկադրան, որը բաղկացած էր 8 զրահակիր նավից, 5 թնդանոթային նավից և 1 ականակրից, անձնակազմում ունենալով 5700 մարդ, սկսեց ռմբակոծել Ալեքսանդրիան։ Ռմբակոծությունն ավարտվեց հուլիսի 12-ի ուշ երեկոյան, երբ քաղաքի բոլոր ռազմական ամրությունները ավերվել էին։

Ապա բրիտանացիները դեսանտ իջեցրին. ցամաքային զորքեր, որոնք բաղկացած էին 25 հազար մարդուց[5]։ Գնդապետ Արաբիի բանակը (շուրջ 7500 զինվոր) նրանց դիմավորեց համառ դիմադրությամբ։ Սակայն բրիտանացիները հաղթանակ տարան և եգիպտական բանակը թողեց Ալեքսանդրիան, կորցնելով մոտ 2000 սպանված և վիրավոր։ Բրիտանացիների կորուստներն աննշան էին։ 4 օր անց Ալեքսանդրիան զավթվեց բրիտանացիների կողմից։

Խեդիվ Թաուֆիքը, դավաճանելով Եգիպտոսի ազգային շահերին, Կահիրեից փախավ Ալեքսանդրիա, որն այդ ժամանակ զինակալված էր անգլիացիների կողմից[5]։

Շուտով բրիտանական զորքերը թողեցին Ալեքսանդրիան և շարժվեցին դեպի Եգիպտոսի մայրաքաղաքը՝ Կահիրե։ Սակայն հուլիսի 28-ին եգիպտացիները կանգենցրին բրիտանացիների ռազմարշավը դեպի իրենց մայրաքաղաք. Քաֆր-էդ-Դաուվարի ճակատամարտում եգիպտական բանակը կարողացավ արժանի դիմադրություն ցուցաբերել աշխարհի լավագույն բանակներից մեկին։

Բանն այն է, որ Ալեքսանդրիայի անկումից հետո գնդապետ Արաբին Եգիպտոսում մտցրել էր համընդհանուր զինապարտություն, դրա շնորհիվ հավաքել էր մեծ զորք։ Արաբին պաշտոնապես պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և բոլոր ուժերով շարժվեց հակառակորդի դեմ։ Դրանով իսկ նա անպաշտպան թողեց Սուեզի ջրանցքը։

Դրանից անհապաղ օգտվեց բրիտանական հրամանատարությունը։ Օգոստոսի 2-ին բրիտանա-հնդկական զորքերը (20 000 զինվոր), լորդ Վոլզլիի հրամանատարությամբ, գրավեցին Սուեզը։ Օգոստոսի 20-ին բրիտանացիները զավթեցին նաև Իսմայիլիան։ Վերջինիս անկումից հետո բացվեց ճանապարհը դեպի Կահիրե։

Օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Թել-էլ-Մագութի ճակատամարտը։ Այդ ճակատամարտում եգիպտացիները փորձեցին հետ մղել գեներալ Գրեմի բրիտանական զորքերի հարձակումը Կասասինի վրա։ Սակայն չկարողանալով լուրջ դիմադրություն ցուցաբերել, եգիպտացիները հետ շպրտվեցին և կրեցին ծանր կորուստներ։

Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ Կասանիսի ճակատամարտը։ Այդտեղ բրիտանացիների հրամանատարն էր գեներալ Գրեմը, իսկ եգիպտացիներինը՝ գնդապետ Արաբին։ Նրա զորքերը հարձակվում էին բրիտանացիների վրա։ Գեներալ Գրեմը ամբողջ օրվա ընթացքում պաշտպանվում էր, սակայն երեկոյան մոտ նա հարձակման նետեց իր թեթև հեծելազորը՝ սըր Բեյքեր Ռասսելի հրամատարությամբ։ Եգիպտացիները սասանվեցին և փախուստի դիմեցին։ Բրիտանացիների կորուստները կազմեցին 11 սպանված և 68 վիրավոր։

1882 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ հակառակորդ կողմերի զորքերի ճակատամարտը Թել-էլ-Քեբիր քաղաքի մերձակայքում։ Լորդ Վոլզլիի զորքերը (շուրջ 20 000 զինվոր), չնայած իրենց կատարած հյուծիչ անապատային գիշերային ռազմերթին, վաղ առավոտյան կարողացան գրոհել և ճեղքել գնդապետ Արաբիի բանակի (22 000 մարդ) պաշտպանական դիրքերը։ Եգիպտացիները կորցրեցին մի քանի հազար սպանված և վիրավոր և նահանջեցին։ Բրիտանացիները, որոնց կորուստները ճակատամարտից հետո կազմում էին ընդամենը 339 սպանվախ և վիրավոր, սեպտեմբերի 14-ին հաղթական կերպով մտան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե։

Ահա այստեղ պարզորոշ երևաց բրիտանական առաջավոր ռազմական տեխնիկայի և ռազմական կարգապահության առավելությունը եգիպտական բանակի նկատմամբ։

Պատերազմի ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Արաբին հանձնվում է բրիտանական հրամանատարությանը

Կահիրեի գրավման հաջորդ օրը (սեպտեմբերի 15-ին) Արաբի-փաշան և իր զինակիցները ձերբակալվեցին։ Եգիպտոսի կառավարությունը, որի գլուխ, փաստացի, կանգնած էր գնդապետ Արաբին, ստորագրեց իր անվերապահ կաիպտուլյացիան։ Բրիտանական զորքերը ռազմակալեցին ամբողջ Եգիպտոսը։ Այժմ Եգիպտոսը դարձավ Մեծ Բրիտանիայի գաղութներից մեկը։ Դրանից հետո 40 տարի Եգիպտոսը կմնա բրիտանական ուղղակի վերահսկողության ներքո, որից հետո 1922 թվականին կհռչակվի Եգիպտոսի անկախությունը։ Բայց փաստացի կերպով, վերջին բրիտանական զինվորը Եգիպտոսից դուրս եկավ միայն 1956 թվականին։

Եգիպտոսի խեդիվի դատարանը Արաբի փաշային դատապարտեց մահապատժի։ Սակայն բրիտանական կառավարությունը միջամտեց և դատավճիռը փոխեցին. Արաբին աքսորվեց Ցեյլոն կղզի (արդի Շրի-Լանկա)։ Այդտեղ նա ապրեց 19 տարի, ապա ներում ստացավ և վերադարձավ Եգիպտոս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, Ар—Арл. т. Ia, с. 939—940
  2. 2,0 2,1 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 210-211 (ռուս.՝ Всемирная история).
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 211(ռուս.՝ Всемирная история).
  4. Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 211-212(ռուս.՝ Всемирная история).
  5. 5,0 5,1 5,2 5,3 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212(ռուս.՝ Всемирная история).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мерников А. Г., Спектор А. А. Всемирная история войн. — Минск., 2005.

Կաղապար:XIX դարի պատերազմներ Կաղապար:Մեծ տերությունների դիվանագիտությունը 1871-1913

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]