Անգլո-գերմանական բանակցություններ (1895)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլո-գերմանական բանակցություններ Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ, տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր լորդ Սոլսբերիի և Գերմանիայի դեսպան Պ. Գատսֆիլդ-Վիլդենբուրգի ու կայզեր Վիլհելմ II-ի միջև, 1895 թ. հուլիս-օգոստոսին Լոնդոնում՝ Հայկական հարցի սրման կապակցությամբ։ Օգտագործելով Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ անգլիական դիվանագիտությունը երկակի խաղ էր խաղում, մի կողմից Գերմանիային ահաբեկում էր Ռուսաստանի հետ մերձեցման հեռանկարով, մյուս կողմից՝ ակնարկում անգլո-գերմանական համաձայնության մասին Օսմանյան կայսրության բաժանման հարցում։ Հուլիսյան բանակցություններում գերմանական դեսպանը փորձում Էր անգլիական կառավարության ղեկավարին համոզել Գերմանիայի, այլ ոչ թե Ոուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու նպատակահարմարությունը։ Օգոստոսի սկզբին Անգլիա ժամանեց Վիլհելմ ll-ը, որն իր դժգոհությունը հայտնեց Հայկական հարցում անգլիական կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ։ Միաժամանակ նա անգլիական կառավարությանը ծանոթացրեց Օսմանյան կայսրության բաժանման իր ծրագրին՝ Մեծ Բրիտանիային խոստանալով աջակցություն սուլթանի դեմ ուժ գործադրելու հարցում, եթե Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան համապատասխան տարածքային փոխհատուցում ստանան։ Անգլիական կառավարությունն անտարբերությամբ վերաբերվեց կայսրի ծրագրին, քանի որ Թուրքիայի անհապաղ անդամահատման մտադրություն չուներ։ Անգլիական դիվանագիտության նպատակն էր այդ բանակցություններով սրել ռուս-գերմանական հակասությունները Մերձավոր Արևելքում։ Լոնդոնի բանակցությունները տեղի էին ունենում գաղտնի, և սուլթան, կառավարությունը անտեղյակ մնաց դրանց։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Силин А С., Экспансия Германии на Ближнем Востоке в конце XIX века, М., 1971։
  • Киракосян А Дж., Великобритания и Армянский вопрос 90-е годы XIX века, Е, 1990։
  • Douglas Я, Britain and Armenian Question. 1894-1897, " The Historical Joumar, 1976, No 19.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։