Անաստասյա Գոլովինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անաստասյա Գոլովինա
Anastasia Golovina Nicolau.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1850(1850-10-17)
Քիշնև, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 5, 1933(1933-03-05) (82 տարեկան)
Վառնա, Բուլղարիա
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ
Ալմա մատերՓարիզի համալսարան (1879)
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն, ռուսերեն և ֆրանսերեն
ՀայրAnghel Nicolau?
Anastasia Golovina Վիքիպահեստում

Անաստասյա Անգելովնա Գոլովինա, օրիորդական ազգանունը՝ Նիկոլաու (ռուս.՝ Анастасия Ангеловна Головина, Николау, հոկտեմբերի 17, 1850(1850-10-17), Քիշնև, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1933(1933-03-05), Վառնա, Բուլղարիա), ռուսական ծագմամբ բուլղարացի բժշկուհի, հոգեբույժ[1]։ Բուլղարիայի առաջին կին բժիշկը, որն ունեցել է բարձրագույն կրթություն, հիմադրել է առաջին մանկական կենտրոնը Վառնայում։ Ալեքսանդր Գոլովինի կինն է, որը ռուս և բուլղարացի աստիճանավոր էր[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասյա Գոլովինայի ութսունամյակին։ Ձախից աջ նստած են՝ բժիշկներ Գանև և Շիշկով, երկու անհայտ անձինք, բժիշկներ Բոժկով և Պիսկյուլիև, միտրոպոլիտ Սիմեոն, Անաստասյա Գոլովինա, եպիսկոպոս Անդրեյ, բժիշկներ Նեդյալկով, Պոպով և Սկորչև։ Երկրորդ շարքում՝ բժիշկնր Խաջոլյան, Վ. Պաշև, ատամնաբույժներ Փափազյան, Մոլլով և Կր. Պաշև, մանկաբարձուհիներ Ավրամովա և Սպասովա, Յուրի Գոլովինի որդեգրած տղան, բժիշկներ Միշին և Լյուբա Սվրակովա

Ծնվել է 1850 թվականի հոկտեմբերի 17-ին Քիշնևում[5]։ Հայրը Անգել Պետրովիչ Նիկոլաուն է՝ Քիշնևի քաղաքային ղեկավարը։ Մորեղբայրը՝ Կիրիլ Մինկովը, ծնունդով Կալոֆերից էր, քիշնևյան առևտրական։ Ավարտել է հայրենի քաղաքի ֆրանսիական դպրոցը, հետագայում աշխատել է որպես սղագրուհի։ Հոր մահից հետո մեկնել է Ցյուրիխ, որտեղ ընդունվել է համալսարան և սովորել է բժշկություն։ Եղել է ռուսական ուսանողական հեղափոխական շարժման անդամ[6], որի համար հեռացվել է համալսարանից և շարունակել ուսումը Փարիզում։ Ավարտել է Փարիզի համալսարանը 1878 թվականին[4], Սորբոնում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Զարկերակների պատերի հյուսվածքաբանական ուսումնասիրությունը» թեմայով, ինչով տպավորել է հոգեբույժ Ժան-Մարտին Շարկոյին և դարձել Սորբոնի առաջին բուլղարացի կին շրջանավարտ[7]։

Այնուհետև Անաստասյան տեղափոխվել է Բուլղարիա, որտեղ տարբեր կազմակերպություններում աշխատել է որպես բժիշկ-հոգեբույժ[4], եղել է Տիրնովի համայնքի առողջապահական ծառայության աշխատակից, Սոֆիայի աղջիկների առաջին վարժարանի բժիշկ և Ալեքսանդրովյան հիվանդանոցի բժիշկ-օրդինատոր։ 1888 թվականին աշխատել է Պլովդիվում, այնուհետև վերադարձել Վառնա, որտեղ աշխատել է 1889-1893 թվականներին։ Առաջին Բալկանյան պատերազմի և Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից[1]։ Եղել է Վառնայի հնագիտական ընկերության և կանանց «Գթություն» բարեգործական միության անդամ։ 1922 թվականին պարգևատրվել է Բուլղարական կարմիր խաչի պատվավոր շքանշանով[8]։

Հետազոտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլովինան հետաքրքրված է եղել տարբեր հոգեկան խանգարումների նախապայմաններով և ախտանշաններով, նկարագրել է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ապուշությունը, մեծության մոլորությունը, դեմենցիան, Հենտինգտոնի հիվանդությունը և այլն։ Նրա նորամուծությունները կիրառել են Բուլղարիայի դատաբժշկական փորձագետները՝ մահվան պատճառների բացահայտման և ճշտման ժամանակ[1]։ Գոլովինան բժշկության բնագավառում բազմաթիվ գիտական և գիտահանրամատչելի աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են բուլղարական և արտասահմանյան հրատարակություններում[8]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլովինան զբաղվել է հասարակական և բարեգործական գործունեությամբ։ 1915 թվականին որպես կանանց «Գթություն» բարեգործական ընկերության նախագահ աջակցել է Վառնայում որբանոցի բացմանը։ 1919 թվականին նվիրատվություն է կատարել ի հիշատակ իր ամուսնու՝ Ալեքսանդր Ֆյոդորովիչ Գոլովինի՝ Ֆերդինանդ I-ի անվան Վառնայի տղամարդկանց վարժարանի կարիքավոր և տաղանդավոր աշակերտներին պահելու համար։ 1919 թվականի մայիսի 27-ին նրա ջանքերով բացվել է բարեգործական հիմնադրամ։ Գլխավորել է վարժարանի ուսուցչական խորհուրդը, նրա ֆոնդն ընդգրկվել է «Կտակարարներ և նվիրատուներ» հիմնադրամի կազմում։ 1944 թվականին հիմնադրամում եղել է 13 350 բուլղարական լև։ Մինչև 1940 թվականը հիմնադրամն ամեն տարի 380-ից մինչև 780 լևի չափով օգնություն է տրամադրել Վառնայի տղամարդկանց վարժարանի կարիքավոր սաներին։ Օգնություն ստացողների թվում են եղել Տոդոր Ստոիչկովը, Գեորգի Տրիպչևը, Յանակի Վատևը, Իվան Դոբրևը և ուրիշներ։ 1941-1943 թվականներին միջոցներ չեն հատկացվում, 1948 թվականին հիմնադրամը փակվել է[8]։

1927 թվականին նրա տունը նվիրվել է Վառնայի Երեխաների պաշտպանության միության մասնաճյուղին, իսկ տանը բացվել է երեխաների համար բժշկական խորհրդատվություն, որտեղ երիտասարդ աղջիկների և մայրերի համար անցկացվել են բժշկական գրագիտության դասընթացներ։ Խորհրդատվությանն աջակցել է «Բժիշկ Անաստասյա Գոլովինա» բարեգործական ընկերությունը, որը հիմնադրվել է 1933 թվականի դեկտեմբերի 12-ին (դրան մասնակցել է Անաստասյայի խորթ որդին՝ Յուրին), սնունդ և հագուստ է մատակարարել կարիքավոր երեխաներին և հղի աղքատ կանանց[8]։ Կյանքի վերջում Անաստասյա Գոլովինայի միջոցների մի մասը փոխանցվել է Բելորեցկ գյուղի (Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն), որտեղ սովորել էր նաև նրա ամուսինը Ալեքսանդրը։ Իշխան Ալեքսանդր I Բաթենբերգի և այլ քաղաքական գործիչների հետ նամակագրությունը փոխանցվել է Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարան։ Բժշկական գրականության զգալի մասը կտակել է Պենչո Սլավեյկովի անվան Վառնայի քաղաքային գրադարանին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • К. Кълчев Една забранена българка. — Велико Търново, 1996.
  • R. J. Crampton Bulgaria. — Oxford University Press, 2007. — ISBN 978-0-19-151331-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]