Անասազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժայռուտ պալատը այլ դիտանկյունից, Մեսա Վերդե

Անասազի կամ պուեբլոյի նախորդներ, հնդկացիական նախապատմական քաղաքակրթություն, որ գոյություն է ունեցել ներկայիս ԱՄՆ-ի հարավարևմտյան տարածքում, որ հայտնի է Չորս անկյուններ անունով (Կոլորադո, Յուտա, Արիզոնա և Նյու Մեքսիկո նահանգներ): Անասազի մշակույթին բնորոշ է եղել խեցեղենի և բնակարան կառուցելու ինքնատիպ ոճը:

Մինչ օրս էլ հնագետների շրջանում շարունակվում է անասազիի ծագման ժամանակաշրջանի շուրջ վեճը, սակայն ներկայումս գիտնականները գրեթե համամիտ են այն տեսակետին, որ մշակույթը սկզբնավորվել է մոտավորապես մ. թ. ա. 12-րդ դարում: Սկսած ամենավաղ պեղումներից` մասնագետները ենթադրել են, որ հին պուեբլոները եղել են ժամանակակից պուեբլոների նախնիները[1]: Մինչ օրս մեզ է հասել բնակավայր` Տաոս Պուեբլոն, որ 1.000 տարի առաջ բնակեցված է եղել պուեբլոներով: Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում:

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անասազի» եզրը պուեբլոների ընդունելի չէ: Նավահո ցեղի լեզվով անասազի (anaasází <anaa- «թշնամի», sází «նախնի») նշանակում է «հին թշնամի»[1]: Եզրն առաջին անգամ 19-րդ դարում առաջարկել է Ռիչարդ Ուեզերիլը (Richard Wetherill), ով տիրապետում էր նավահո լեզվին: Եզրն ամրագրվել է հնագիտության մեջ Պեկոսի դասակարգման համակարգով 1927 թվականին: Ներկայումս պուեբլոները հանդես են գալիս «անասազի» եզրի դեմ, իսկ նավահոները` «հին պուեբլոներ» կամ «պուեբլոների նախնիներ» (ancestral Pueblo) եզրերի դեմ:

«Հին պուեբլոներ» եզրն ունի նաև ավելի լայն նշանակություն: Այն ներառում է ոչ միայն անասազի մշակույթը, որը ժամանակակից պուեբլոների հնդկացիական ցեղինն է, որ խոսում է տարբեր լեզուներով, այլև անասազի, մոգոլյոն, պատայան և հոհոկամ հնագիտական մշակույթները:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասազի, մոգոլյոն և հոհոկամ քաղաքակրթությունների տարածման քարտեզ

Հին պուեբլոները եղել են հարավ-արևմուտքի հիմնական չորս մշակույթներից մեկը: Անասազի մշակույթը, աշխարհագրական մոտ դիրքով պայմանավորված, ընդհանուր շատ գծեր է ունեցել մոգոլյոն մշակույթի հետ` միևնույն ժամանակ կտրուկ տարբերվելով հոհոկամ և պատայան մշակույթներից: Հարևանների համեմատությամբ հին պուեբլոները զբաղեցրել են քառակուսի տարածքի հյուսիսարևմտյան մասը[2]: Հին պուեբլոների պատմական հայրենիքը Կոլորադոյի սարավանդն է, իսկ ամբողջ շրջանը ձգվում է Նյու Մեքսիկոյի կենտրոնից մինչև Նևադայի հարավ: Պուեբլոների հին մշակույթի վկայությունները հանդիպում են մինչև Մեծ հարթավայրերը, Սիմարոն և Պեկոս գետերի շրջանը, ինչպես նաև Գալիստեո գետի ավազանը:

Այս շրջանում լանդշաֆտն ու ռեսուրսները տարբեր են: Սարավանդի շրջանները հիմնականում բարձր են` 1.5-2.5 կմ ծովի մակարդակից: Ընդարձակ հարթավայրերը ծածկված են տարբեր շերտերով, որտեղ աճում են թավուտ անտառներ` գիհու, կաղնու տեսակներով, ընդ որում, ծառատեսակներից ամեն մեկն ունի նախընտրելի բարձրությունը: Ջրի և քամու էրոզիայի հետևանքով առաջացել են թեք լանջերով կիրճեր, կրաքարե ժայռերին` «պատուհաններ» ու «կամուրջներ»: Այն տեղերում, ուր կրաքարի ու ավազաքարի շերտեր են` էրոզիայի նկատմամբ կայուն, վերին շերտերում եղել են անկայուն շերտեր կավից: Դրա հետևանքով ձևավորվել են ժայռային գոյացություններ: Հենց այդ վայրերում են նաև հին պուեբլոները իրենց համար կացարաններ պատրաստել: Տեղանքը, ուր բնակություն են հաստատել հին պուեբլոները, եղել է սառը կլիմայով ցածրավանդակ, ուր տարածված են եղել անապատային թփերն ու խոտաբույսերը: Պուեբլոները տնտեսություն են վարել հիմնականում գետերից ոչ հեռու, ուր աճել են նաև եղեգ և ուռենի: Լեռների բարձրությունն այս հատվածում հասնում է 4 կմ-ի: Դրանք եղել են փայտի, որսի և ասբեստի տեսակի հատուկ քարերի աղբյուր:

Հարավ-արևմուտքում ջրի հասանելի լինելը մեծ նշանակություն է ունեցել: Հին պուեբլոների զբաղեցրած գրեթ ողջ տարածքն աչքի է ընկել չորությամբ, քամու և ջրի էրոզիայով: Ամռանը անձրևները եղել են հանկարծակի` հաճախ վերածվելով ավերիչ փոթորկի: Չնայած ձյան տեղումները կանոնավոր բնույթ չեն կրել, հենց դրանք են եղել ջրի հիմնական աղբյուրը: Գարնանը ձնհալը նպաստել է հացահատիկային բույսերի աճմանը` ինչպես վայրի, այնպես էլ մշակովի: Այն տեղերում, ուր ավազաքարի շերտերը տարածվել են կավի վրա, ձնհալի հետևանքով աղբյուրներ են առաջացել: Ձյունը ջրով է սնել նաև փոքր գետերը, օրինակ` Չինլեն, Անիմասը, Խեմեսը և Տաոսը: Մեծ գետերը փոքր դեր են ունեցել, քանի որ ավելի հեշտ է եղել փոքր վտակները թեքել անհրաժեշտ ուղղությամբ և օգտագործել ոռոգման նպատակով:

Մշակութային բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուեբլո Բոնիտո, Չակոյի մեծ տներից խոշորագույնը: Գտնվում է Չակո կիրճի հյուսիսային վերջավորության հարևանությամբ

Հին պուեբլոների մշակութային հուշարձաններից առավել հայտնի են քարե և կավային հիմքով կառույցները, որ ձգվում են ուղղաբերձ ժայռերի երկայնքով: Այդ տները պահպանվել են ԱՄՆ-ի ազգային պարկերում` Չակո ազգային պատմական պարկում, Մեսա Վերդեում, Հովենուիպում և Կանյոն դե Շեյում: Այս գյուղերը, որոնք իսպանացի նվաճողները կոչել են պուեբլոներ, մարդիկ այցելել են դժվարությամբ. երբեմն նույնիսկ հարկ է եղել բարձրանալ շրջակա ժայռերը` հաճախ պարանի օգնությամբ:

Այս ինքնատիպ տների ծագումը առավել քան համեստ է: Հին պուեբլոների առաջին տներն ու գյուղերը եղել են տուն-քաարնձավներ, որոնք բնորոշ են եղել զամբյուղագործության շրջանին:

Հին պուեբլոները հայտնի են նաև խեցեղենի առանձնահատուկ ոճով, որ ներկայումս շատ բարձր է գնահատվում` շնորհիվ իր եզակիության: Նրանք թողել են նաև ժայռապատկերներ ու պատկերագրեր:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավային կացարան, Բանդելյեր, Նյու Մեքսիկո

Մ. թ. 700-1130 թվականներին նկատվում է բնակչության կտրուկ աճ` շնորհիվ անձրևային տեղումների աճի: Կմախքների մնացորդների հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության աճին ավելի շատ նպաստել է հողի բերրիության բարձրացումը և ոչ թե մահացության ցուցանիշի նվազումը: Ամեն դեպքում, բնակչության աճի բարձրացումը կարճ ժամանակահատվածում կապված է եղել նաև մոտակա տարածքներից մարդկանց ներգաղթով: Այնպիսի նորամուծություններ, ինչպիսիք են խեցեգործությունը, մթերքների երկարատև պահպանումը և գյուղատնտեսությունը, նույնպես իրենց դերն են ունեցել բնակչության թվաքանակի աճման վրա: Մի քանի տասնամյակների ընթացքում հին պուեբլոների մշակույթը տարածում է գտնում ամբողջ լանդշաֆտով և բաժանվում աշխարհագրական երեք հիմնական շրջանների` Չակո կիրճ (Նյու Մեքսիկոյի հյուսիս-արևմուտք), Կայենտա (Արիզոնայի հյուսիս-արևելք) և Հյուսիսային Սան Խուան կամ Մեսա Վերդե (Կոլորադոյի հարավ-արևմուտք):

Համաձայն ժամանակակից պուեբլոների ավանդությունների` նրանք ծագում են այն տեղից, որը գտնվում է իրենց ժամանակակից բնակավայրերից հյուսիս` Սիպապուից (Շիբապու), որտեղ նրանք իբր դուրս են եկել լճի նմանվող գետնի տակից: Որոշ ժամանակ նրանց Ամերիկայում առաջնորդել են ռազմական առաջնորդները` Մեծ հոգու գլխավորությամբ: Մի քանի հարյուրամյակ նրանք ապրել են այն տեղերում, ուր հնագետները հայտնաբերել են անասազի մշակույթը, այնուհետև տեղափոխվել են ներկայիս բնակության վայրեր: Արտագաղթի նպատակը եղել է ինքնակատարելագործումը, բնության հետ ներդաշնակ ապրելու ձգտումը և ժողովրդի փրկությունը վերջնական բնաջնջումից:

Արտագաղթ պատմական հայրենիքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին պուեբլոների կացարանների ավերակներ, Յուտա

Լիովին պարզաբանված չէ, թե ինչու են հին պուեբլոները 12-13-րդ դարերում արտագաղթել իրենց բնակավայրերից: Ենթադրյալ պատճառներից են կլիմայի գլոբալ փոփոխությունը (այսպես կոչված` փոքր սառցե դարաշրջան), տևական երաշտը, հողի վերնաշերտի փուլային էրոզիան, տնտեսական վատ պայմանները, անտառների վերացումը, ներգաղթյալների հետ ունեցած թշնամությունը, կրոնական կամ մշակութային փոփոխությունները և նույնիսկ մեսոամերիկյան մշակույթի ազդեցությունը: Այս փաստարկումների օգտին են վկայում հնագիտական հետազոտությունները:

Պատմաբանների կարծիքով հին պուեբլոները դարձել են Կոլորադոյի հարթավայրում բնակություն հաստատած նումիական լեզուները կրողների, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների զոհը, ինչը հանգեցրել է գյուղատնտեսության անկմանը: Հնագիտական տվյալներով հին պուեբլոները բազմիցս արձագանքել են կլիմայական փոփոխություններին` փոխելով իրենց բնակության վայրը: Պուեբլոների` վաղ շրջանի կացարանները տեղավորում էին մինչև 600 բնակիչ, ովքեր ապրում էին մի քանի առանձին, բայց միմյանց մոտ տեղակայված կացարաններում: Մյուս կողմից, այս բնակավայրերը գոյատևել են 30 տարուց ոչ ավել: Հնագետ Թիմաթի Քոլերը պուեբլոների խոշոր հուշարձանների մոտ (Կոլորադո, Դոլորես) իրականացրել է պեղումներ և հայտնաբերել, որ դրանք հիմնադրվել են անձրևային ուժեղ (միջինից բարձր) տեղումների ժամանակ: Դա թույլ է տվել գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնել` առանց լրացուցիչ ոռոգման: Այդ նույն ժամանակ անասազիները լքել են իրենց բնակավայրերը երաշտի պատճառով:

Անասազի կոշիկ, Չակո կիրճ, 12-րդ դար

Մշակութային ոսկեդարը պուեբլոների մոտ եղել է 900-1130 թվականները: Այս շրջանում, որ սովորաբար կոչվում է Պուեբլո II, կլիման համեմատաբար ավելի տաք է եղել, իսկ տեղումները` չափավոր: Համայնքներն ընդարձակվել են` ավելի երկար գոյատևելով: Ձևավորվել են ճարտարապետական և խեցեգործության ինքնատիպ ավանդույթներ, զարգացել է առևտուրը: Բնակիչները սկսել են հնդկահավեր պահել:

Մոտավորապես 1150 թվականին Հյուսիսային Ամերիկայում տեղի է ունեցել կլիմայական կարևոր փոփոխություն, որ հայտնի է Մեծ երաշտ անունով: Այն շարունակվել է մոտ 300 տարի` հանգեցնելով Տիուանակո քաղաքակրթության վերացմանը Տիտիկակա լճի մոտ[3]: Այդ ժամանակ անկում է ապրում միսսիսպյան մշակույթը: Այս տեսակետի օգտին են վկայում Միսսիսիպիի արևմտյան շրջաններում արված պեղումները: 1150-1350 թվականներին վերաբերող շերտերում նախանշաններ են հայտնաբերվել, որ այդ ժամանակաշրջանում ձմեռները եղել են տաք ու խոնավ, իսկ ամառները` չոր ու ցուրտ: Պուեբլո II մշակույթի այդ վերջին շրջանում նվազում են առևտուրը և շփումը այլ համայնքների հետ: Հարավարևմտյան մասի ֆերմերները գտնում են հողը ոռոգելու այլ ձևեր, ինչպիսիք են ամբարտակների կառուցումն ու սանդղային մշակումը: Մյուս կողմից, տեղի բնակչությունը շարունակում էր լքել բնակավայրը անբարենպաստ պայմանների պատճառով:

Տեղումների մակարդակի վերոնշյալ փոփոխություններից բացի ամենայն հավանականությամբ ջրի մակարդակն իջել է նաև տեղումներով չպայմանավորված: Դա հանգեցրել է նրան, որ ավելի չորային տեղերում բնակիչները լքել են տեղանքը:

Վուկոկի ավերակներ, Վուպատկի ազգային հուշարձան

Կան նաև վկայություններ, որ այս շրջանում հիմնավոր փոփոխություններ են եղել բնակիչների կրոնական հավատալիքներում: Չակո կիրճի և այլ վայրերի կառույցները հիմնականում եղել են աստղագիտական ուղեցույցներ: Մուտքերը հերմետիկ փակվել են քարերով և կրաքարային լուծույթով: Կրոնական շինությունների պատերին նկատելի են մեծ հրդեհների հետքեր, ինչի հետևանքով հավանաբար քանդվել են հսկայական տանիքները, ինչը մեծ ջանքեր է պահանջել: Դրանից հետո բնակավայրերը լքվել են, ցեղախմբերն առանձնացել են` բնակություն հաստատելով նոր հողերում: Սա նշանակում է, որ կրոնական շինությունները ժամանակի հետ կորցրել են իրենց նշանակությունը: Համաձայն պուեբլոների հավատալիքների` նրանց նախնիներն ունեցել են հոգու մեծ ուժ` կարողանալով ազդել բնության արհավիրքների վրա ու բնության մեջ փոփոխություններ կատարել: Հավանական է, որ կրոնական շինությունների քանդումը եղել է փոփոխությունների խորհրդանշական փոփոխության փորձ, եթե նրանք կարծել են, թե չարաշահել են իրենց ուժերը, կամ բնությունը պատժում է նրանց անբարենպաստ պայմաններով:

Ինչպես ժամանակակից պուեբլո ժողովուրդների (կերսներ, հոպի, տանո) ավանդույթները, այնպես էլ պատմաբանները, օրինակ` Ջեյմս Լյովենը, գտնում են, որ հին պուեբլոները չեն վերացել, չնայած այդ կարծիքն առաջ է քաշվել ամերիկյան հանրաճանաչ մի շարք գրքերում, այլ տեղափոխվել են հարավ-արևմուտք, որտեղ առավել բարենպաստ պայմաններ են եղել: Հին պուեբլոների հետնորդներից առաջացել են ժամանակակից ժողովուրդներ, որոնք ապրում են Արիզոնայում և Նյու Մեքսիկոյում: Այս հետևությանն են հանգել նաև մարդաբանները 20-րդ դարի սկզբին, այդ թվում` Ֆրենկ Համիլթոն Կաշինգը, Ուոլթեր Ֆյուքսը և Ալֆրեդ Կիդերը: Ժամանակակից շատ պուեբլոներ իրենց ժամանակագրությունն սկսում են հին բնիկներից: Կան նաև վկայություններ, որ անասազի և մոգոլյոն հին մակույթների տեղում էական փոփոխություններ են եղել, օրինակ` Սան Իլդեֆոնսոյի պուեբլոները կարծում են, որ իրենց նախնիներն ապրել են Մեսա Վերդեում և Բանդելյերում:

Պատերազմներ և մարդակերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի դաժան պայմանները արտացոլվել են սոցիալական մակարդակում` հակամարտությունների ու պատերազմների առիթ դառնալով: Կայենտայից ոչ հեռու` Արիզոնա նահանգում, հնագետ Ջոնաթան Հաասը Չիկագոյի Դաշտային հետազոտությունների թանգարանից (Field Museum in Chicago) ուսումնասիրել է անասազի բնակավայրերի խմբեր, որոնք 13-րդ դարում կիրճերից տեղափոխվել են բարձրավանդակ: Ջրից հեռու վայրեր տեղափոխման միակ պատճառը Հաասը համարում է թշնամիների հարձակումը: Նա կարծում է, որ մեկուսացված համայնքները կարող էին ասպատակություններ կատարել տնտեսությունը գրավելու նպատակով, և նման կոնֆլիկտները 13-րդ դարում շատ տարածված են եղել: Կոնֆլիկտները խորացել են նումիական լեզուները կրող քոչվոր ցեղերի հոսքի հետ, ինչպիսիք են յուտեն, շոշոնները և պայուտները, որոնք ամենայն հավանականությամբ ձևավորվել են ժամանակակից Կալիֆորնիայի տարածքում:

1997 թվականին Կովբոյ Վոշում (անգլ.՝ Cowboy Wash) պեղումների ժամանակ հայտնաբերվել է մարդկային 24 կմախք` բռնի մահվան հետքերով, որոնք ակնհայտորեն մարդակերության նշաններ են կրում: Հին պուեբլոների բնակավայրերի պեղումների ժամանակ ևս հայտնաբերվել են չթաղված, անդմահատված կմախքներ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Ancient Puebloans: How Do We Get Started?
  2. The Anasazi or «Ancient Pueblo» from CP-LUHNA
  3. Mountains of Evidence from American Scientist
  4. Tim White, Prehistoric cannibalism at Mancos 5MTUMR-2346, Princeton, 1992, ISBN 0-691-09467-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Childs, Craig House of Rain: Tracking a Vanished Civilization Across the American Southwest. Little, Brown and Company, February 22, 2007. ISBN 0-316-60817-3.
  • Cordell, Linda S. Ancient Pueblo Peoples. St. Remy Press and Smithsonian Institution, 1994. ISBN 0-89599-038-5.
  • Fagan, Brian M. «Ancient North America: Tha Archaeology of a Continent (part five).» Thames and Hudson, Inc., New York, New York, 1991. ISBN 0-500-05075-9.
  • Jennings, Jesse D. Glen Canyon: An Archaeological Summary. University of Utah Press, Salt Lake City, Utah, 1966, republished 1998. ISBN 0-87480-584-8.
  • LeBlanc, Steven A. «Prehistoric Warfare in the American Southwest.» 1999, University of Utah Press, Salt Lake City, Utah. ISBN 0-87480-581-3.
  • Plog, Stephen. Ancient Peoples of the American Southwest. Thames and Hudson, London, England, 1997. ISBN 0-500-27939-X.
  • Roberts, David D. In Search of the Old Ones: Exploring the Anasazi World of the Southwest. Simon & Schuster Adult Publishing Group, 1996. ISBN 0-684-81078-6.
  • Sofaer, Anna , Director. «Mystery of Chaco Canyon.» 1999. DVD/VHS. Bullfrog Films. Blurb: «Unveiling the ancient astronomy of southwestern Pueblo Indians.» Sequel to «The Sun Dagger.»
  • Great Drought. (2008). In Encyclopædia Britannica. Retrieved September 30, 2008, from Encyclopædia Britannica Online: http://www.britannica.com/EBchecked/topic/243212/Great-Drought

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]