Անապլազիա
Անապլազիա (անգլ.՝ Anaplasia), բջջի թույլ բջջային տարբերակմամբ վիճակ:
Այս վիճակում բջիջները կորցնում են հասուն բջիջներին բնորոշ ձևաբանական (մորֆոլոգիական) հատկանիշները, ինչպես նաև իրենց կողմնորոշումը միմյանց և էնդոթելային բջիջների նկատմամբ: Այս եզրույթը վերաբերում է նաև բջջում մորֆոլոգիական փոփոխություններին (կորիզների բազմաձևություն, փոփոխված կորիզ-ցիտոպլազմային հարաբերակցություն, կորիզակների առկայություն, բազմացման բարձր ինդեքս), որոնք ցույց են տալիս հնարավոր չարորակ փոխակերպումը[1]:
Կառուցվածքային տարբերակման նման կորուստը հատկապես նկատվում է չարորակ նորագոյացությունների մեծ մասում[2]։ Երբեմն այս եզրույթը ներառում է նաև բջիջների կիսման (պրոլիֆերացիայի) ուժեղացված կարողությունը[3]։ Տարբերակման բացակայությունը համարվում է ագրեսիվ չարորակ ուռուցքների հիմնական հատկանիշը (օրինակ՝ այն թույլ է տալիս տարբերակել լեյոմիոսարկոմաները լեյոմիոմաներից)։ Անապլազիա եզրույթը բառացիորեն նշանակում է հետ ձևավորվել։ Այն ենթադրում է ապատարբերակում կամ նորմալ բջիջների կառուցվածքային և գործառութային տարբերակման կորուստ։ Սակայն այժմ հայտնի է, որ առնվազն որոշ քաղցկեղներ առաջանում են հյուսվածքների ցողունային բջիջներից․ այս ուռուցքներում չտարբերակված լինելու պատճառը ոչ թե մասնագիտացված բջիջների ապատարբերակում, այլ տարբերակման գործընթացի ձախողումը։
Անապլաստիկ բջիջները դրսևորում են ընդգծված պլեոմորֆիզմ (բազմաձևություն)։ Կորիզները բնութագրվում են խիստ հիպերքրոմիայով և մեծ չափսերով։ Կորիզ-ցիտոպլազմային հարաբերակցությունը կարող է մոտենալ 1:1-ի՝ նորմալ 1:4 կամ 1:6 հարաբերակցության փոխարեն։ Կարող են ձևավորվել հսկա բջիջներ, որոնք զգալիորեն մեծ են իրենց հարևան բջիջներից և ունեն կա՛մ մեկ հսկայական կորիզ, կա՛մ մի քանի կորիզներ: Անապլաստիկ կորիզները փոփոխական են և ունեն տարօրինակ չափսեր ու ձևեր: Քրոմատինը խիտ է և կուտակված, իսկ կորիզակները կարող են լինել մեծ չափերի։ Ավելի կարևոր է այն, որ միտոզները հաճախ բազմաթիվ են և ատիպիկ։ Բացի այդ, անապլաստիկ բջիջները սովորաբար չեն կարողանում ձևավորել միմյանց նկատմամբ կողմնորոշման ճանաչելի օրինաչափություններ (այսինքն՝ նրանք կորցնում են նորմալ բևեռայնությունը): Նրանք կարող են աճել շերտերով՝ ընդհանուր կառույցների ամբողջական կորստով, ինչպիսիք են գեղձային կառուցվածքները կամ տափակ բազմաշերտ էպիթելային հյուսվածքը[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Anaplasia» – via The Free Dictionary.
- ↑ «Anaplasia». Medical Definition from MediLexicon. Արխիվացված է օրիգինալից 2014-03-06-ին. Վերցված է 2014-03-06-ին.
- ↑ «Anaplasia». Biology-Online Dictionary. Արխիվացված է օրիգինալից 2019-12-08-ին. Վերցված է 2008-12-12-ին.
- ↑ Kumar V, Abbas AK, Fausto N, Mitchell R (2007). Robbins Basic Pathology (8th ed.). Philadelphia: Saunders Elsevier. էջեր 176–177. ISBN 978-1-4160-2973-1.
| ||||||