Մարմնի երկարությունը 14-15 սմ է, թևերի բացվածքը՝ 24, 5-29 սմ։ Մարմինը վերևից միատարր բաց մոխրավունից դեղին-դարչնագույն է, թևերը և ունկընկալները՝ ավելի մուգ, հոնքը՝ բաց գույնի։ Մարմինը ներքևից բաց դարչնագույն-դեղին է, կոկորդը և ներքևապոչը՝ սպիտակավուն։ Ձմռան վերջին արուի փետուրների բաց երիզներն անհետանում են, և գլխի ստորին մասի սև հատվածը տարածվելով միաձուլվում է առավելապես սև թևերի հետ։
Նստում է քարերին կամ հողաթմբերին, գետնի վրա շարժվում է արագ թռչկոտելով։ Բնակվում է չոր տափաստաններում, կիսաանապատներում, հերկած դաշտերում։ Սնվում է անողնաշարավորներով։
Հայաստանում հայտնաբերվել է 1995-ին։ Կարիք ունի տարածման շրջանների, թվաքանակի, կենսակերպի ու վարքի դրսևորումների լրացուցիչ ճշգրտման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։