Անապականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անապականություն, Հիսուս Քրիստոսի մարմնի անապականության վերաբերյալ վարդապետություն։ Անապականության վարդապետությունն արդյունք էր եկեղեցու քրիստոսաբանական մտքի հետևողական զարգացման։ Ներկայումս պահպանված է միայն Հայ եկեղեցու քրիստոսաբանական համակարգում։ Կարևոր աղբյուրներ են «Կնիք հավատո» և «Գիրք թղթոց» ժողովածուները, Հովհաննես Գ Օձնեցու, Խոսրովիկ Թարգմանչի, Անանիա Սանահնեցու, Հովհաննես Սարկավագի, Մխիթար Սասնեցու, Գրիգոր Տաթևացու և այլոց աշխատությունները, որոնցից առանձնացնելի է Հովհաննես Սարկավագի «Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուն։

Անապականության խնդիրը ծագել է Անտիոքի պատրիարք Սևերիոս Անտիոքացու և Հալիկառնասի եպիսկոպոս Հուլիանոս Հալիկառնասցու՝ Տիրոջ մարմնի անապականության շուրջ նշանավոր հակաճառությունից, երբ 518-ին երկուսն էլ աքսորվել էին Ալեքսանդրիա։ Ապականություն և անապականություն եզրերը սույն հակաճառության մեջ գործածվել են ոչ թե մարմնի քայքայման կամ ոչ քայքայման իմաստով, այլ՝ Քրիստոսի մարդկային «կիրընդունակության» (կրքեր կրելու հանձնառություն) կամովի կամ ակամա լինելու իմաստով, այսինքն՝ որքանով են Քրիստոսին բնորոշ մարդկային կրքերը, եթե խոստովանում ենք, որ Քրիստոսն ամեն ինչով նման է մեզ՝ բացի մեղքից։ Քրիստոսի մարմնի կիրընդունակության մասին խոսելիս նկատի են առնվում բացառապես անմեղ կրքերը՝ տխրություն, երկյուղ, սով, ծարավ ևն, որոնք դիտարկվում են որպես մեղքի անկման հետևանքային վիճակներ։

Սևերիոս Անտիոքացին պնդում էր, որ Քրիստոսը բոլոր մարմնական կրքերը կրում էր հարկադրաբար (ակամա, ստիպված, անհրաժեշտորեն)՝ սովորական մարդկանց պես։ Հակառակ դեպքում նրան թվում էր, թե Քրիստոսն իսկապես մարդացած չէր լինի։ Նա ասում էր, որ Քրիստոսի մարմինն ապականացու է բոլոր մարդկանց մարմինների նման։ Սևերիոս Անտիոքացու ապականության ուսմունքը կտրականապես մերժել է Հայ եկեղեցին։ Սակայն Տիրոջ մարմնի Ա-յան վարդապետությունը Սևերիոս Անտիոքացու և Հուլիանոս Հալիկառնասցու հակաճառությամբ ծագած մի նորաստեղծ երևույթ չէր աստվածաբան․ մտքի պատմության մեջ, այլ՝ եկեղեցու տիեզերական հայրերի գրվածքներում բյուրեղացած դավան․ ուսմունք։ Հայ եկեղեցու հայրերը և վարդապետները սոսկ շարունակել, զարգացրել են այն, ինչ ավանդված է եղել Աթանաս Ալեքսանդրացու, Եփրեմ Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու (Աստվածաբան) և ուրիշների կողմից։ Դրա լավագույն վկայություններից է «Կնիք հավատո» ժողովածուի ստեղծումը, որի զգալի մասը նվիրված է Տիրոջ մարմնի կիրընդունակության և անապականության խնդիրներին։ VI–VIII դդ․ «ապականության» վարդապետության հետևորդների՝ սևերիոսյանների դեմ ծավալվել է սուր պայքար, որը եզրափակվել է 726-ի Մանազկերտի եկեղեցական ժողովով։

Հայ եկեղեցու հայրերը որքան որ խորշել են Սևերիոս Անտիոքացու «ապականության» վարդապետությունից, նույնքան էլ զգուշացել են Հուլիանոս Հալիկառնասցու անապականության մեջ քողարկված երևութականությունից։ Սակայն հայ հայրերը վիճել են ոչ այնքան Հուլիանոս Հալիկառնասցու, որքան նրա ծայրահեղ հետևորդների հետ։ Համենայն դեպս, Հուլիանոս Հալիկառնասցու գրվածքներում չկա այն կոպիտ երևութականությունը, որի մասին հաճախ խոսում էին նրա հակառակորդները՝ մեղադրելով նրան այն բանում, որ Տիրոջ մարմնի անապականության իր ուսմունքով նա փրկության խորհուրդը վերածում է ինչ-որ «երևակայության և անրջական պատրանքի» (այստեղից էլ՝ «երևութականներ» անունը)։

Տիրոջ մարմնի անապականության վարդապետությունն առանձնահատուկ զարգացում է ապրել և բյուրեղացել Հայ եկեղեցու դավանաբանական համակարգում, որը զերծ է թե՛ սևերիոսյան, թե՛ հուլիանոսյան ծայրահեղություններից։ Հայ եկեղեցու հայրերը Տիրոջ Մարդեղության որևէ դրվագի մոտեցել են միմիայն փրկաբանական տեսանկյունից։ Քրիստոսի երկրավոր կյանքը փրկական տնտեսություն է և զերծ է պատահականություններից։ Հետևաբար, Քրիստոսի մարդկային կյանքի ամեն մի պահ, սկսած սուրբ Հղությունից մինչև հրաշափառ Հարություն, ունի բարձրագույն և փրկաբանական նշանակություն։

Ըստ հայ հայրերի՝ Քրիստոսին բնորոշ են, այսպես կոչված, անմեղ կրքերը, որոնք կոչվում են նաև անպարսավելի, անըստգտանելի, անանգոսնելի կրքեր։ Դրանք, զերծ լինելով մեղքից, բնավորվել են մարդկային բնության մեջ մեղքի անկումից հետո, այսինքն՝ հատուկ են մահկանացու և չարչարական մարդկային բնությանը և ոչ թե ադամական նախաստեղծ բնությանը։ Ուստի դրանք կոչվում են միաժամանակ և՛ բնավորական, և՛ տրտմական կրքեր։ Քրիստոսն անցնում է մարդկային կրքերի միջով կամավորապես և ոչ ի հարկե, առանց բնության բռնադատվածության, հետևաբար այդ կրքերը կամավոր են։ Աստված կատարելապես մարդացավ, այսինքն՝ վերցրեց մարդկային բնության ամբողջականությունը մեր փրկության համար, ուստի Տիրոջ մարդկային կրքերը փրկական են, ինչպես նաև՝ տնօրինական կամ տնտեսական։

Քրիստոսը փրկական տնօրինությամբ կրում է բոլոր մարդկային տկարությունները, ազատորեն անցնում մարդկային կրքերի միջով՝ դատապարտելով դրանց մեջ մեղքի թթխմորը և ազատագրելով մեզ մեղքի դատապարտվածությունից։ Հետևաբար տնօրինական գործեր են ոչ միայն աստվածավայելուչ հրաշքները, այլև՝ մարդավայելուչ տկարությունները։

Քրիստոսի մարմինը չարչարելի է և մահկանացու, սակայն ոչ ապականացու (ապականությունն այստեղ դիտվում է որպես մեղքին զուգակցված մարմն․ վիճակ, որը հակաբնական է, քայքայում է բնությունը)։ Բանն Աստված ոչ թե առավ Ադամի նախաստեղծ բնությունը, այլ մեր ապականացու բնությունը՝ ապականակիր մարմինը և մեղանչական հոգին ու միտքը, և, միավորելով իրեն, զատեց մեղքը հոգուց և ապականությունը՝ մարմնից։ Տիրոջ մարմնի աճն ու զարգացումը վկայում են ոչ թե նրա ապականացու լինելը, այլ՝ ընդհակառակը, քանզի սրանք կատարելագործում են մարմնի զգայական համակարգը, իսկ ապականությունը՝ քայքայում։ Տերը կրեց կամավոր և անանգոսնելի կրքերը և ոչ թե ակամաները և անգոսնելիները, որոնք հարկադիր են, ծառայական և մեղանչական։ Սրանով չի թուլանում Տիրոջ Մարդեղության կատարելությունը և համագոյությունը մեզ հետ, քանզի բանական մարդը կամավորներով և անմեղությամբ է մարդ։ Այն, ինչ ակամա է և մեղանչական, գործում է ոչ թե ըստ բնության, այլ՝ հակառակ բնության, և բնության մեջ օտար և ներմուծված բան է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կնիք հաւատոյ․․․, Էջմիածին, 1914։
  • Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։
  • Գրիգոր Տաթեվացի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729։
  • Հովհաննես Օձնեցի, Մատենագրութիւնք, Վնտ․, 1833։
  • Հովսեփյան Գ․, Խոսրովիկ Թարգմանիչ, Վաղ-պատ, 1899։
  • Lebon J․, Le Monophysisme sévèrien, Louvain, 1909;
  • Draguet R․, Julien d’Halicarnasse et sa controverse avec Sévère d՚Antioche sur l'incorruptibilité du corps du Christ, Louvain, 1924;
  • Florovsky G․V․, Byzantine Fathers of the V–VIII [centuries], 1933;
  • Grillmeier A․, Christ in Christian Tradition, v․ 2, part 4, 1995․
  • , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 47-48 — 1076 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: