Այսպես խոսեց Զրադաշտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Այսպես խոսեց Զրադաշտը
Also sprach Zarathustra
Also sprach Zarathustra.GIF
Ենթավերնագիր Ein Buch für Alle und Keinen
Հեղինակ Ֆրիդրիխ Նիցշե
Անվանվել է Զրադաշտ
Տեսակ գիրք
Ժանր փիլիսոփայական վեպ, էսսե և վեպ
Բնօրինակ լեզու գերմաներեն
Ստեղծման տարեթիվ 1883
Նախորդ Զվարթ գիտություն
Հաջորդ Բարուց և չարից անդին
Երկիր Flag of the German Empire.svg Գերմանիա
Հրատարակման տարեթիվ 1883
Վիքիդարան Այսպես խոսեց Զրադաշտը

Այսպես խոսեց Զրադաշտը. Գիրք ամենքի և ոչ ոքի համար[1] (գերմ.՝ Also sprach Zarathustra. Ein Buch für Alle und Keinen, 1883 - 1891), Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայական վեպ, առաջին անգամ լույս է տեսել 1885 թվականին։

Գիրքը բաղկացած է չորս մասից։ Առաջինը լույս է տեսել 1883 թվականին, երկրորդը և երրորդը՝ 1884 թվականին, չորրորդը՝ 1885 թվականին, իբրև մասնավոր հրատարակություն։ 1886 թվականին Նիցշեն գիրքը հրատարակել է երեք մասերով։ Այս հիմն-արձակ գործը արտաբերվում է երևակայական մի հերոսի բերանով, որը պարսիկ մարգարե Զրադաշտի անունն է կրում։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասը տարի լեռներում իբրև մենակյաց ապրելուց հետո Զրադաշտը որոշում է իր իմաստնությունը կիսել մարդկանց հետ։ Նա Չալպուտուր կով կոչվող ինչ-որ քաղաքի շուկայի հրապարակում քարոզում է գերմարդուն, սակայն իր ունկնդիրների կողմից արժանանում է ծաղրանքի։ Նա թողնում է ամեն ինչ և սկսում է որոնել իր համախոհներին։

Առաջին մասը Զրադաշտի հռչակավոր ճառերն են, որոնցում սկզբունքային Վասն երեք կերպարանափոխությունների գլխում Նիցշեն այլաբանորեն նկարագրում է գիտակցության երեք փուլերը։ Ըստ այդմ ընթերցողին մեկնաբանելու են առաջարկվում երեք պատկեր-փոխաբերություններ.

  • ուղտի պատկեր (խորհրդանշում է գիտակցության ընդունող-հնազանդ վիճակը, որում այն զուրկ է ինքնուրույնությունից)
  • առյուծի պատկեր (գիտակցությունը հոշոտում է ամեն ճշմարտություն, վազ է տալիս ազատության մեջ, սակայն նորերը ստեղծել դեռ չի կարող)
  • մանկան պատկեր (սրան հատուկ է այն նախասկզբնական անմեղությունը, ինչը նոր արժեքների արարման նախապայմանն է)
Aquote1.png «Անմեղություն է մանուկը և մոռացում, նոր սկիզբ, խաղ, ինքնագլոր անիվ, մի առաջին շարժում, մի սրբազան Այո-ասել։ Այո, արարումի խաղի համար, իմ եղբայրներ, հարկավոր է մի սրբազան Այո-ասել, իր կամքն է կամենում այժմ ոգին, իր աշխարհն է շահում աշխարհակորույսը այդ» Aquote2.png


Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասը տարի լեռներում միայնակ ապրելուց հետո Զրադաշտը սարերից իջնում է մարդկանց մոտ, որպեսզի հայտնի նրանց Գերմարդու մասին: Նա զարմանում է, երբ հանդիպում է Աստծո մասին խոսող ճգնավորին: Քաղաքում Զրադաշտը տեսնում է լարախաղացի արվեստով հիացող ամբոխին և խոսում է նրանց հետ Գերմարդու մասին: Կոչ է անում մարդկանց հավատարիմ լինել հողին և չհավատալ ոչ երկրային հույսերին: Լարախաղացը ծաղրածուի ջանքերով ընկնում է և մահանում: Զրադաշտը վերցնում է նրա դին և հեռանում է: Նրան են հետևում օձը և արծիվը: Տասներկու առակներում Զրադաշտը ծաղրում է կեղծ բարոյականությունը: Պատմում է երեք փոխակերպությունների մասին: Ոգին ուղտ է, որին բեռնում և լծում են: Տենչալով ազատություն՝ ուղտը վերածվում է առյուծի, որը փշրում է սովորույթների և բարոյականության հաստատված կարգը: Սակայն նա չի կարող դառնալ արարող առանց երրորդ փոխակերպության: Նա պիտի վերածվի մանկան:

Զրադաշտը անիծում է եկեղեցականներին, որոնք կոչ են անում սպանել մարմինը: Փառաբանում է զինվորներին, որոնք պատրաստ են գնալ մահվանն ընդառաջ և այդկերպ հաղթահարում են իրենց մեջ մարդուն: Պետությունը միֆ է, որի հաղթահարումը ևս կապված է նոր մարդու հայտնության հետ: Չարիքին բարիքով պատասխանելը հիմարություն է, քանզի փոքրիկ վրեժն ավելի մարդկային է վրեժի բացակայությունից: Մարդը նման է ծառի, որի սաղարթը վեր է խոյանում երկինք բարիքի ուղղությամբ, իսկ արմատները մխրճվում են չարիքի և մեղքի մեջ: Մարդը մայրամուտն է այն տեսակի, որը շարժվում է դեպի Գերմարդը: Բոլոր աստվածները մեռել են, եկել է Գերմարդու ապրելու ժամանակը: Զրադաշտը հեռանում է իր քարանձավը: Տարիներ անց նա նորից վերադառնում է մարդկանց մոտ: Նա ունի նոր առակներ: Կրոնը բոլոր համայն ուղիղը ծռող միտք է: Հավասարությունը կեղծիք է: Բոլոր իմաստունները ծառայել են սնոտիապաշտությանը: Իսկական իմաստունը երբեք չի ապրել քաղաքներում: Նրա տեղը անապատն է: Պոետները չափազանց իգական են: Մակերեսային են և ոչ հետևողական: Միայն իշխանության կամքը կարող է նոր արժեքներ ստեղծել: Իրեն չհասկացող ունկնդիրներին թողնելով՝ դառնացած հեռանում է:

Որոշ ժամանակ անց նա դարձյալ վերադառնում է: Խոսում է ծանրության ոգու մասին, որն ինչպես գաճաճը լծել էր իրեն և ուզում էր քարշ տալ իր անդունդը: Միայն արիությունն է փրկում փիլիսոփային: Այդ ծանրությունը բարին ու չարն են: Ամեն բանի վրա իշխում է պատահականությունը: Մարդիկ ամեն բան փոքրացնում են: Գայլին դարձնում են շուն, իսկ իրենք իրենց՝ ձեռնասուն։ Զրադաշտը փառաբանում է հեշտասիրությունը, իշխանատենչությունը և ինքնասիրությունը: Սրանք բնական կրքեր են և կանխորոշելու են ազնվականության նոր տիպը: Ուժեղ լինելու համար հարկ է ունենալ լայն հոգի, որը ունակ է նետել իրեն ամենայն պատահականի մեջ: Նա փառաբանում է մարդու մեջ եղած ամենայն չարը, քանի որ դա մեծ ուժ է մարդու ձեռքին: Այս քարոզներից հետո գազանները կոչում են Զրադաշտին հավերժական վերադարձի ուսուցիչ:

Զրադաշտը ծերանում է, նրա մազերը սպիտակում են: Նա հավատում է Զրադաշտի հազարամյա թագավորությանը: Մի օր օգնության կանչ է լսում, տեսնում է մռայլ մարգարեին, երկու թագավորների և ավանակի, վերջին պապին, կամավոր չքավորին և ստվերին: Նրանք ուզում են գտնել բարձրագույն մարդուն: Հոգնած Զրադաշտը վերադառնում է քարանձավ և գտնում է այնտեղ ցերեկը հանդիպած անցորդներին: Նրանց մեջ են օձը և արծիվը: Կազմակերպում է ընթրիք, որտեղ բոլորը խմում են գինի, ուտում են գառնուկներին և փառաբանում են Զրադաշտի իմաստնությունը: Բոլորը, անգամ ավանակը, աղոթում են: Զրադաշտը իր հյուրերին կոչում է «ապաքինվող» և փառաբանում է մեծ Կեսօրի գալուստը: Առավոտյան Զրադաշտը լքում է քարանձավը:

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դու մե՜ծ լուսատու: Ի՜նչ կլիներ քո երջանկությունը, եթե դու չունենայիր նրանց, ում լույս ես տալիս:
  • Շատ անկատար բան է մարդն ինձ համար: Սերն առ մարդը կործանելու էր ինձ:
  • Ես ձեզ գերմարդն եմ ուսուցանում: Մարդը մի բան է, որ պետք է հաղթահարվի: Դուք ի՞նչ եք արել նրան հաղթահարելու համար: Բոլոր էակները ցարդ մի բան ստեղծել են իրենցից վեր. իսկ դուք կամենում եք այդ մեծ ալիքի տեղատվությու՞նը լինել և դեռ ավելի շուտ առ կենդանին ետ դառնալ, քան հաղթահարե՞լ մարդուն: Ի՞նչ է կապիկը մարդկանց համար: Ծաղրուծանակ կամ տանջալի ամոթ: Եվ ճիշտ նույնը պետք է լինի մարդը գերմարդու համար՝ ծաղրուծանակ կամ տանջալի ամոթ: Դուք անցել եք ճանապարհը ճիճվից մինչև մարդ, բայց ձեր մեջ դեռևս ճիճու է շատ բան: Երբևէ դուք կապիկ էիք, և նույնիսկ դեռ հիմա մարդը ավելի է կապիկ, քան որևէ կապիկ:
  • Ճշմարիտ եմ ասում՝ աղտոտ գետ է մարդը: Արդեն պետք է ծով լինել, որ կարողանաս աղտոտ մի գետ մեջդ առնել` առանց կեղտոտվելու:
  • Մարդը լար է՝ ձգված կենդանու և գերմարդու միջև, լար՝ անդունդի վրա:

Վտանգավոր է առաջ գնալը, վտանգավոր է ճանապարհին կենալը, վտանգավոր է ետ նայելը, վտանգավոր է սոսկալը և կանգնած մնալը:

  • Ամենաարհամարվածը վերջին մարդն է:
  • Ժամանակն է արդեն, որ մարդը իր նպատակը դնի իրեն: Ժամանակն է արդեն, որ մարդը ծիլը սերմանի իր բարձրագույն հույսի:
  • Մարդիկ աշխատում են տակավին, որովհետև աշխատանքը ժամանց է։ Բայց հոգում են, որ ժամանցը չուժասպառի:
  • Նա, ով կերակրում է սովյալին, սեփական իր հոգին է զորացնում. այսպես է ասում իմաստնությունը:
  • Մի թողեք բարձրացածին դարձյալ հետ իր ցածը ընկնի:
  • Այլ բան է միտքը, այլ բան՝ արարքը և այլ բան՝ պատկերը արարքի: Պատճառականության անիվը չի պտտվում նրանց միջև:
  • Ով այժմ հիվանդանում է, նրա վրա հարձակվում է չարը, որը հիմա է չար. նա ցավ է ուզում պատճառել նրանով, ինչը իրեն է ցավ պատճառում:
  • Դուք վերև եք նայում, երբ ձգտում եք բարձրանալ: Իսկ ես նայում եմ ներքև, քանզի բարձրացել եմ:
  • Ով ամենաբարձր լեռներն է բարձրանում, նա ծիծաղում է կյանքի և բեմի բոլոր ողբերգությունների վրա:
  • Ճիշտ է, մենք սիրում ենք կյանքը, բայց ոչ թե որ կյանքին, այլ որովհետև սիրելուն ենք սովոր: Սիրո մեջ միշտ մի քիչ խելագարություն կա: Սակայն խելագարության մեջ էլ միշտ մի քիչ բանականություն կա:
  • Ոչ թե զայրույթով, այլ ծիծաղով են սպանում։
  • Ամենը, ինչի մասին շատ են մտածում, դառնում է կասկածելի:
  • Ես սովորեցի քայլել. այդ պահից ի վեր ես ինձ թույլ եմ տալիս վազել: Ես սովորեցի թռչել. այդ պահից ես չեմ սպասում նախ հրեն, որ տեղիցս պոկվեմ:
  • Ստում է ոչ միայն նա, ով հակառակ իր իմացածի է խոսում, այլ մանավանդ նա, ով հակառակ իր չիմացածի է խոսում:
  • Իսկական տղամարդու մեջ թաքնված է մի մանուկ, և սա խաղալ է ցանկանում: Մի խաղալիք է կինը, մաքուր ու նուրբ որպես գոհար, լուսաշող մի աշխարհի առաքինություններով, որ դեռ գոյություն չունի:
  • Ամուսնությունը վերջ է տալիս բոլոր կարճ հիմարություններին որպես երկար հիմարություն:
  • Թող վախենա տղամարդը կնոջից, երբ նա սիրում է. նա ամեն ինչ կզոհաբերի, նրա համար մնացած բոլորը դատարկ բաներ են:
  • Արժեքների փոփոխությունը` արարողների փոփոխություն է:
  • Վատթարագույն թշնամին, ում դու կարող ես հանդիպել, միշտ ինքդ ես լինելու, դու ինքդ ես քեզ դարանակալում։
  • Իսկական տղամարդը երկու բան է ուզում` վտանգ և խաղ: Դրա համար էլ նա կամենում է կնոջը, իբրև ամենավտանգավոր խաղալիքը:
  • Սիրել նրանց, ովքեր արհամարհում են մեզ, և ձեռք պարզել այն ուրվականին, որ մեզ վախեցնել է կամենում:
  • Այս աշխարհը հավերժորեն անկատարյալ է, պատկերը՝ մի հավերժական հակասության, մի անկատար պատկեր, արբեցուցիչ մի վայելք իր անկատար արարչի համար:
  • Որ ամեն ոք կարդալ պիտի սովորի՝ այս միտքը փչացնում է ոչ միայն գրելու ցանկությունը, այլև մտածելու:
  • Ո՛վ արյունով ու հակիրճ ասացվածքներով է գրում՝ նա չի կամենում, որ իրեն կարդան, այլ` անգիր անեն:
  • Պատվիր հորդ ու մորդ մինչև հոգուդ խորքը և միշտ հնազանդ եղիր նրանց:
  • Ով թռչուն չէ՝ անդունդի վրա չպետք է ճախրի։

Հայերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այսպես խոսեց Զրադաշտը» երկն ամբողջությամբ թարգմանվել է հայերեն Հակոբ Մովսեսի կողմից՝ դիմանալով երեք հրատարակության։ 1914 թվականին Բաքվում լույս է տեսել երկի առաջին մասը Վահան Խորենու թարգմանությամբ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ընդունված է գրքի ենթավերնագրի թարգմանության մեկ այլ տարբերակ ևս` «Մի գիրք բոլորի և ոչ ոքի համար» (Հ. Խորենու թարգմանությամբ)
  2. Ֆրիդրիխ Նիցշե, Այսպես խոսեց Զրադաշտը, Առաջին մաս, Բաքու 1914 թ., Երևան, 1990։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]