Այոլա Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այոլա Ուիլյամս
Ծնվել էփետրվարի 2, 1936(1936-02-02)
ԾննդավայրՀաթիսբուրգ
Մահացել էապրիլի 4, 2019(2019-04-04) (83 տարեկան)
ԿրթությունՀարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Այոլա Մ․ Ուիլյամս (անգլ.՝ Iola M. Williams, փետրվարի 2, 1936(1936-02-02), Հաթիսբուրգ - ապրիլի 4, 2019(2019-04-04)), ամերիկացի քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա, քաղաքացիական իրավապաշտպան ու թանգարանի գործադիր տնօրեն։ 1979 թվականին դարձել է Սան Խոսեի քաղաքային խորհրդի կազմ ընդունված առաջին աֆրո-ամերիկացին, որտեղ պաշտոնավարել է 1979 թվականին իր նշանակումից մինչև 1991 թվականին հանգստի անցնելը։ Այս ընթացքում երկու անգամ եղել է նաև Սան Խոսեի փոխքաղաքապետը[1][2][3][4][5]։

Ուիլյամսը կարևոր դեր է ունեցել Միսիսիպի նահանգի Հաթսիբուրգ քաղաքում գտնվող աֆրոամերիկյան ռազմական պատմության թանգարանի ստեղծման գործում՝ որպես այդ հաստատության նախկին գործադիր տնօրեն[3]։ Նա պահպանել է թանգարանի նախնական, գոյություն ունեցող կառույցը, որը բացվել էր 1942 թվականին որպես աֆրոամերիկացի զինվորների համար նախատեսված Միացյալ ծառայության կազմակերպությունների ակումբ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղակայված է եղել Շելբի ճամբարում[3][4]։ Ուիլյամսի ղեկավարության տարիներին ակումբի նախկին շենքը պահպանվել, վերանորոգվել և 2009 թվականին վերաբացվել է որպես աֆրոամերիկյան ռազմական պատմության թանգարան[3][4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այոլա Քրաֆթը ծնվել է 1936 թվականի փետրվարի 2-ին Միսիսիպի նահանգի Հաթսիբուրգ քաղաքում ուսուցչի և պահեստի աշխատողի ընտանիքում[2][3]։ Հաճախել է Էուրեկա դպրոցը, որն այդ նահանգում սևամորթների համար սեգրեգացիայի ընթացքում կառուցված առաջին աղյուսե դպրոցն էր[4]։

1955 թվականին ամուսնացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ենթասպա Ջորջ Ուիլյամս ավագի հետ[2], որն ի վերջո իր կարիերայի ընթացքում հասել է մինչև մաստեր- սերժանտի կոչման[4]։ Ամուսնության առաջին տասնամյակում զույգն ունեցել է յոթ երեխա՝ չորս դուստր և երեք որդի[2][4]։ Ամուսնու աշխատանքի բերումով հաճախ են մի վայրից տեղափոխվել մյուսը[2], բնակվել են Հարավային Կարոլինայում, Տեխասում, Վիրջինիայում, Իլինոյսում, Կալիֆոռնիայում, նաև երեք տարի Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում[2][4]։

1966 թվականին, երբ Այոլան գտնվում էր արտասահմանում, Կու-կլուքս-կլանը հարձակվել և ռմբակոծել է նրա զարմիկի՝ Վերնոն Դահմերի տունը, որն օգտագործում էր իր մթերային խանութը՝ օգնելու համար Հաթսիբուրգի սևամորթ բնակիչներին գրանցվել քվեարկելու համար[2]․ վերջինս մահացել է հարձակման արդյունքում ստացված այրվածքներից, իսկ նրա սպանությունը համազգային ուշադրության է արժանացել[2]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Այոլան ու իր ընտանիքը տեղափոխվել են Սան Խոսե, Կալիֆոռնիա, որտեղ նրա ամուսինն աշխատանք էր ստացել «United Airlines» ամերիկական ավիաընկերությունում որպես մեխանիկ[2]։ Այս պահին նա արդեն սովորել և դարձել էր արտոնագրված բուժքույր և սկսել էր աշխատել Սան Խոսեի Օ'Քոնոր հիվանդանոցում[2], նա դաշնամուր էր նվագում, երգում եկեղեցական երգչախմբւմ ու կամավորություն անում եկեղեցու դպրոցում, որը նրա մոտ հետաքրքրություն է առաջացրել՝ առաջադրվել տեղի դպրոցական խորհրդի կազմում[2]։

1970 թվականին դարձել է Ֆրանկլին-Մաքքինլի դպրոցական շրջանի դպրոցական խորհրդի անդամ ընտրված առաջին աֆրոամերիկացին[1][3], որի կազմում աշխատել է 1970 թվականից մինչև 1979 թվականին Սան Խոսեի քաղաքային խորհրդում իր նշանակումը[2], որով դարձել է այդ խորհրդի պատմության մեջ աշխատած առաջին աֆրոամերիկացին[1][2][5]։ Քաղաքային խորհրդում աշխատել 1979 թվականից մինչև 1991 թվականին հանգստի անցնելը․ այդ ընթացքում երկու անգամ եղել է նաև Սան Խոսեի փոխքաղաքապետը[1][2]։

1980 թվականին, խորհրդի կազմում ընտրվելուց կարճ ժամանակ անց Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի կառավարման դպրոցից ընդունել և ավարտել է Միացյալ Նահանգների Բնակարանային և քաղաքաշինության վարչության (HUD) անդամությունը[4]։

Քաղաքային խորհրդում պաշտոնավարման ընթացքում Ուիլյամսը հայտնի էր որպես փոքրամասնությունների և կանանց իրավունքների պաշտպան, նրա ուշադրության կենտրոնում էին նաև Սան Խոսեի թաղամասերն ու տեղական ծառայությունները[1]։

Նա և քաղխորհրդի իր գործընկերները ստեղծել են նոր ծրագիր՝ օգնելու տարեցներին առողջապահական ծառայություններ մուտք ունենալուն[4][6]։ Այդ ծրագիրը, որը նա բնութագրել է որպես իր ամենամեծ ձեռքբերում[6], հետագայում նրա պատվին քաղխորհուրդն անվանել է «Այոլա Ուիլյամսի տարեցների ծրագիր»[4]։

Ուիլյամսը ազդեցիկ դիրքեր է ձեռք բերել նաև Կալիֆոռնիայի նահանգային քաղաքականության մեջ։ Նա ընտրվել է պետական քաղաքային պաշտոնյաների անկուսակցական ասոցիացիայի՝ Կալիֆոռնիայի քաղաքների լիգայի նախագահ[4]։ Նաև ծառայել է Լիգայի մարդկային ռեսուրսների կոմիտեում, ինչպես նաև կազմակերպության տնօրենների խորհրդում, որը ներկայացնում է Կալիֆոռնիայի քաղաքները ինչպես նահանգապետարանի աշխատակազմի պլանավորման և հետազոտության խորհրդում, այնպես էլ նահանգի քաղաքացիական իրավունքների աշխատանքային խմբում[6]։

Առաջատար պաշտոններ է զբաղեցրել Կալիֆոռնիայի նահանգի Դեմոկրատական կուսակցության շրջանակներում[4]։

Վերադարձ Միսսիսսիպպի[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին որոշել է չվերընտրվել ու անցել է հանգստի[1]։ Ամուսինը նույնպես հանգստի էր անցել 1990-ական թվականների սկզբին[2] և երկուսով, առանց ընկերներին կամ գործընկերներին ասելու, ամուսինները վերադարձել են Միսիսիպի նահանգի Հաթսիբուրգ քաղաքը[4]։ Կալիֆոռնիայում անցկացրած տարիների ընթացքում Ուիլյամսը հաճախ էր այցելում Հաթսիբուրգ՝ մորը խնամելու համար և այդ պատճառով տարածքում փոքրիկ շարժական տնակ էր պահում[4]։ Հայրենի քաղաք վերադառնալով՝ Ուիլյամսը խորապես ներգրավվել է տեղական, պետական, տնտեսական զարգացման և համայնքային մի շարք կազմակերպությունների աշխատանքներում[4]։

Միսիսիպի վերադառնալուց անմիջապես հետո 1992 թվականին Հաթսիբուրգի քաղաքապետ Ջ․ Էդ Մորգանը Ուիլյամսին հրավիրել է միանալ քաղաքի վարչակազմին և նշանակել նրան որպես հանգստի և համայնքային կապերի տնօրեն[3]։ Մորգանը խոստացել է Ուիլյամսին, որ քաղաքը կօգնի վերակառուցել անտեսված նախկին Միացյալ ծառայության կազմակերպությունների ակումբը (հետագայում նաև՝ նախկին գրադարան ու համայնքային կենտրոն), որը քաղաքային իշխանությունները ձեռք էին բերել 1993 թվականին[4]։ Ծրագիրը լավատեսորեն է ընդունվել[4]։

Ուիլյամսը, որպես համայնքների հետ կապերի գրասենյակի ղեկավար, տեղական ռազմական վետերաններին խնդրել է նվիրաբերել և գտնել իրեր, որոնք կցուցադրվեին ակումբի փոխարեն բացվելիք նոր թանգարանում․ թանգարանը հետագայում հայտնի էր դառնալու որպես Աֆրոամերիկյան ռազմական պատմության թանգարան[4]։ $1.1 միլիոն դոլլար արժողությամբ նոր թանգարանը հին ակումբի պահպանված շենքում հասարակության առջև բացվել է 2009 թվականի մայիսի 23-ին։

Ուիլյամսը 2004 թվականից մինչև 2014 թվականը երեք ժամկետ աշխատել է որպես Հաթիսբուրգի կոնվենցիայի հանձնաժողովի հանձնակատար[2]։ Հանգստի է անցել 2014 թվականի օգոստոսի 17-ին[4]։

Այոլա և Ջորջ Ուիլյամսները Կատրինա փոթորկից տուժած Միսիսիպիի տեղացի տարեց քաղաքացիների համար ճաշի ծրագիր են իրականացրել[2]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարին վերադարձել է Սան Խոսե ու աֆրո-ամերիկյան համայնքի սպասարկման գործակալությունից ստացել «Կյանքի նվաճումներ» մրցանակը[2][6][7]։ Նույն տարում այդ մրցանակն անվանակոչվել է նրա պատվին[1][7]։ Նա ներկաներին հիշեցրել է, որ իր հարազատներն իրենց կյանքի ընթացքում չեն կարողացել քվեարկել․ «Տատս չի կարողացել քվեարկել։ Մայրս միայն 70-ական թվականներին է կարողացել քվեարկել։ Այսպիսով, այդ ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել։ Դրանք կարծես մանրուքներ լինեն, բայց տարիների ընթացքում ընտանիքներ են այդպես ապրել։ Մենք տեսնում ենք, որ դրանցից շատերը մնում են, իսկ անելիքները շատ շատ են»[6]։ Նաև կատակել է, թե «Ուրախ եմ ծաղիկներս կենդանությանս օրոք ստանալ»[2]։ Ներկաների թվում էին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Զոու Լոֆգրինն ու Մայք Հոնդան[7]։

Ամուսնու հետ տեղափոխվել է Տեխաս նահանգի Լամպասաս քաղաքն ընտանիքին ավելի մոտ լինելու համար այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդությունը[1]։ Մահացել է այդ հիվանդությունից 2019 թվականի ապրիլի 4-ին 83 տարեկանում[1]։ Ունեցել է յոթ երեխա, տասնյոթ թոռ ու յոթ ծոռ, ամուսինը մահացել է իրենից հետո[1][2]։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 20-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Iola Williams, first African-American councilwoman in San Jose, dies». San Jose Spotlight. 2019 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 Prodis Sulek, Julia (2019 թ․ ապրիլի 7). «Iola Williams, San Jose's first black City Council member, remembered as trailblazer». The Mercury News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Pine Belt civil rights leader Iola Williams dies». WDAM-TV. 2019 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 Jones, Albert C. «Mrs. Iola Williams' return to Hattiesburg a work in heritage tourism and revival of World War II-era USO Club». America, The Diversity Place. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  5. 5,0 5,1 Moon, Danielle L. (November 2006). «Storming Politics: San José Women in the"Feminist Capital, 1975-2006». San Jose State University SJSU ScholarWorks. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Tan, Lili (2016 թ․ հունվարի 18). «'People Need to Shut Up and Feel': South Bay Civil Rights Legend Iola Williams Honored». KNTV. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 Pizarro, Sal (2016 թ․ հունվարի 20). «Iola Williams, pioneering San Jose councilwoman, honored on MLK Day». The Mercury News. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.