Այծկիթներ (լատ.՝ Caprimulgidae), այծկիթանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 70, Հայաստանում՝ 1 տեսակ՝ սովորական այծկիթը։
Կտուցը թույլ է, բերանի բացվածքը՝ լայն, ոտքերի մատևերը՝ կարճ, որի պատճառվ չեն կարողանում կառչել բարակ ճյուղերից, նստում են հաստ ճյուղերին։
Հայտնի է այծկիթների 70 տեսակ հիմնականում տարածված է արևադարձային և բարեխառն գոտիներում։ Եվրոպայում հանդիպող այծկիթների 3 տեսակից ամենատարածվածը սովորական այծկիթն է, որը հանդիպում է նաև ՀՀ-ում։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։
Այծկիթի փետուրների գույներն այնքան նման են շրջապատի գույներին, որ նույնիսկ շատ մոտ գտնվող կամ ծառի ճյուղին նստած թռչունը կարող է աննկատ մնալ։ Փետրածածկը դարչնագույն է՝ մոխրագույն ու սպիտակ բարդ նախշերով։ Բացի դրանից, ծառի ճյուղին նա նստում է երկայնակի ձգված։
Գիշերային թռչուն է։ Նրան կարելի է տեսնել միայն ուշ երեկոյան և գիշերը, երբ մերթ ընդ մերթ պտտվում է բացատի վրա՝ արագ վեր ճախրելով և սրընթաց վայր իջնելով։ Հաճախ ճանաչելի է մռլտոց հիշեցնող ձայնով։ Պտտվում է կովերի, այծերի, ձիերի շուրջը, սակայն ոչ թե կաթ գողանալու համար (ինչպես կարծել են մարդիկ՝ նրան այծկիթ անվանելով), այլ որսում է անասունների շուրջը թռչող մոծակների, գիշերային թիթեռների, ճանճերի և այլ միջատների։ Որսալով մեծ քանակության արյունածուծ միջատներ՝ այծկիթը նաև օգտակար գործ է կատարում։
Այծկիթները բույն չեն հյուսում։ Էգը մոխրագույն և դարչնագույն պուտերով 1–4 սպիտակ ձու է դնում թափված տերևների, փշերի կամ պարզապես գետնի վրա։ Եվ հենց այդտեղ էլ էգն ու արուն հերթով թուխս են նստում։ 17-18 օրից հետո դուրս են գալիս գորշ աղվամազով ծածկված ձագերը. նրանք լրիվ անպաշտպան են, և միայն խայտաբղետ նախշերով գունավորումն է երբեմն փրկում նրանց։ Աշնանն այծկիթները չվում են տաք երկրներ, գարնանը վերադառնում։
Այս թռչուններին մարդիկ տվել են այծկիթ անվանումը, որովհետև նրանք անընդհատ պտտվում են կովերի և այծերի շուրջը, և թվում է, թե նրանցից կաթ են գողանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 344)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։