Ամունեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամունեթի քանդակը Լուքսորում, 18-րդ դինաստիա

Ամունեթ, Ամոնեթ, Ամաունեթ, հին եգիպտական դիցաբանության օդի և քամու, անտեսանելի ուժերի, ծեսերի ու փարավոնի ընտանիքի պաշտպան աստվածուհի, Օգդոադի աստվածներից մեկը և Ամոնի կողակիցը, նաև նրա կանացի հիպոստասը։ Նրա անունը նշանակում է «կին՝ թաքնված մեկը»[1], որը պարզապես Ամոնի անվան կանացի ձևն է։ Հավանական է, որ նա երբեք էլ չի եղել ինքնուրույն աստվածություն, քանի որ նրանց մասին ցանկացած հիշատակման մեջ երկուսի անունն էլ մշտապես հանդես է գալիս միասին։

12-րդ դինաստիայի շրջանում (մոտ մ.թ.ա. 1991-1803 թթ.) Ամունեթը մնացել էր ստվերում, Ամոնի կողակից հիշատակվում է Մուտը, բայց նա մնում էր տեղական կարևորություն ունեցող աստվածուհի, օրինակ՝ Թեբեի շրջանում, որտեղ երկրպագում էին Ամոնին և որտեղ Ամունեթը հանդես էր գալիս որպես փարավոնի պահապան[2]։

Ամոնի պաշտամունքի կենտրոն Կարնակում քրմերը ծառայություններ էին մատուցում նաև Ամունեթի համար։ Աստվածուհուն նվիրված ծեսերը արքայական արարողությունների մաս էին կազմում, օրինակ՝ Սեդ տոնի ժամանակ։

Ամունեթը պատկերվում էր օձի գլխով կամ օձակերպ, և կամ էլ կնոջ կերպարանքով, որը կրում էր Կարմիր թագ[1]։

Կարնակյան վերջին տեքստերում Ամունեթը նույնացվում էր Նեյթի հետ, չնայած նա հիշատակվում էր առանձին աստվածություն ավելի ուշ՝ Հելլենական Եգիպտոսի շրջանում (մ.թ.հ. 323-30 թթ.)[2][1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wilkinson, Richard H. (2003). The Complete Gods and Goddesses of Ancient Egypt. Thames & Hudson. pp. 136–137
  2. 2,0 2,1 George Hart, The Routledge dictionary of Egyptian gods and goddesses, Psychology Press, 2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]