Ամորֆոֆալլուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամորֆոֆալլուս
Titan-arum1web.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Նվիկազգիներ (Araceae)
Ենթաընտանիք Նվիկայիններ (Aroideae)
Ցեղ Ամորֆոֆալլուս (Amorphophallus)
Decne., 1834

Ամորֆոֆալլուս (հին հունարեն՝ ἄμορφος - «անձև» և φαλλός - «ֆալլոս» (առնանդամ), լատ.՝ Amorphophallus), նվիկազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ, որի մեջ ընդգրկված են ավելի քան 170[1] արևադարձային և մերձարևադարձային պալարավոր բույսեր: Համաձայն The Plant List-ի (2013) տվյալների բազայի տեղեկատվության, ցեղը ներառում է 198 տեսակ[2]:

Աշխարհում առավել խոշորագույն ծաղկաբույլն ունի ամորֆոֆալլուս տիտանականը (Amorphophallus titanum), որը կարող է հասնել 2,5 մ բարձրության և 1,5 մ լայնության: Շատ բուսաբաններ կարծում են, որ ամորֆոֆալլուս տիտանականի ծաղկի արձակած հոտն ամենատհաճն է և հիշեցնում է հոտած ձվի ու նեխած ձկան հոտերի խառնուրդ: Այս արևադարձային ծաղկի յուրահատկությունն այն է, որ նա սկսում է հոտ արձակել միայն այն դեպքում, երբ իրեն դիպչում են:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորֆոֆալլուսը տիպիկ հարթավայրային բույս է, աճում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում՝ Արևմտյան Աֆրիկայից մինչև խաղաղօվկիանոսյան կղզիներ, այդ թվում արևադարձային և հարավային Աֆրիկա, Մադագասկար, Չինաստան, Ճապոնիա, Թայվան, Հնդկաստան, Բանգլադեշ, Նեպալ, Շրի Լանկա, Անդամանյան կղզիներ, Լաոս, Կամբոջա, Մյանմա, Նիկոբարյան կղզիներ, Թաիլանդ, Վիետնամ, Կալիմանտան, Ճավա, Մոլուքյան կղզիներ, Ֆիլիպիններ, Մալայզիա, Սուլավեսի, Նոր Գվինեա, Փոքր Զոնդյան կղզիներ, Ֆիջի, Սամոա, ինչպես նաև Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում[1]:

Ամորֆոֆալլուսի տեսակների մեծամասնությունը էնդեմիկ են: Հիմնականում աճում են խախտված հիմնահողերի վրա, օրինակ՝ երկրորդային անտառներում, հանդիպում են նաև ժայռերի վրա՝ կրաքարային շերտերին և աղտոտված վայրերում:

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում են ամորֆոֆալլուսի տարբեր, մինչև հսկայական չափսերի հասնող բույսեր: Աճն սկսում են հողի տակ գտնվող պալարից, որը կշռում է մոտ 5 կգ, իսկ որոշ մասը՝ կոճղարմատից: Օրինակ՝ ամորֆոֆալլուս տիտանականի պալարը կարող է կշռել մինչև 50 կգ[3]: Այս բույսերն ունեն հանգստի շրջան, որոշ մասը մշտադալար խոտաբույսեր են: Պալարը սեղմված է, գնդաձև, հաճախ անհամաչափորեն ձգված: Օգտագործվում է կերակրի մեջ:

Միակ տերևը աճում է պալարի վերնամասից (հազվադեպ հանդիպում են երկու կամ երեք տերև) և հասնում մի քանի մետր լայնության: Այն պահպանվում է մեկ վեգետացիոն շրջան և յուրաքանչյուր հաջորդ տարին՝ աճում ավելի բարձր: Տերևակոթունը երկար է, հարթ, հաճախ շատ հաստ:

Ծաղիկներ և փոշոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորֆոֆալլուսի ծաղկաբույլը զարգանում է հերթական հանգստի շրջանից հետո՝ մինչ նոր տերևի ի հայտ գալը: Ծաղկումը տևում է մոտ երկու շաբաթ: Այդ ընթացքում պալարի չափսերը փոքրանում են՝ մեծ քանակությամբ սննդարար նյութերի ծախսման հաշվին, որոնք անհրաժեշտ են ծաղկաբույլի ձևավորման համար:

Ծաղկի բացվելուց անմիջապես հետո, նույն օրը տեղի է ունենում նաև փոշոտումը: Ծաղկաբույլն արձակում է գարշահոտ՝ միջատներին գրավելու համար, սակայն կան ամորֆոֆալլուսի տեսակներ, որոնք հաճելի հոտ են արձակում: Իգական ծաղիկները բացված են մնում միայն մեկ օր և փոշոտումը տեղի է ունենում ծաղկաբույլի մեջ հայտնված միջատների միջոցով: Արական ծաղիկները բացվում են հաջորդ օրը, երբ իգական ծաղիկներն արդեն անհաղորդ են: Դա հիմնականում ինքնափոշոտումից զերծ մնալու համար է: Արական ծաղիկներն իրենց փոշին լցնում են ծաղկաբույլում գտնվող միջատների վրա, որից հետո միջատները կարող են փոշոտել նաև այլ ծաղիկների:

Այնուհետև փոշոտված ծաղիկները վերածվում են գնդաձև պտուղների, որոնք ունեն նարնջագույնից կարմիր, հազվադեպ սպիտակ կամ կապույտ գույն, միասերմ են կամ բազմասերմ: Սերմերն օվալաձև են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 По информации Королевских ботанических садов Кью, Великобритания. См. раздел «Ссылки»
  2. «Amorphophallus» (անգլերեն)։ The Plant List. Version 1.1.։ 2013։ Վերցված է 2016-10-13 
  3. Аморфофаллус титанический, виды растений, общие сведения