Ամոթալի դաշնագիր
Ամոթալի դաշնագիր, կնքվել է 363 թ. հուլիսի սկզբներին, Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական Կայսրության միջև (30 տարով)՝ վերջ տալով 338-ին սկսված և ընդմիջումներով շարունակված պարսկահռոմեական պատերազմներին։ Այդ պատերազմներում Հայաստանը Հռոմի դաշնակիցն էր։ 363-ին Հուլիանոս կայսրը, վճռական հաղթանակի հասնելու մտադրությամբ, Միջագետքի վրայով արշավեց Պարսկաստան, սակայն հունիսի 26-ին զոհվեց, և արշավանքը ձախողվեց։ Հռոմեական զորքը նոր կայսր ընտրեց Հովիանոսին, որը թուլամորթ ու անվճռական էր իր իշխանությունը ապահովելու և հռոմմեական զորքերի նահանջը կազմակերպելու նպատակով ընդունեց Շապուհ II առաջարկած ծանր ու ստորացուցիչ հաշտության պայմանները, չնայած բավարար ուժեր ուներ կռվելու համար։ Կնքված պայմանագրի համաձայն, որը հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին զիջեց Արվաստանը` Մծբին քաղաքով, Սինգարաու,Կաստրամավրորում հզոր ամրոցներով, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը և Ռեմիենեն։
«Ամոթալի դաշնագիր» Հայաստանի համար ծանր ու աղետալի հետևանքներ ունեցավ։ Շապուհ II-ը, իրեն ազատ զգալով, 364 թվականին հարձակվեց Հայաստանի վրա, ավերեց նրա քաղաքները, խարդախորեն ձերբակալեց Արշակ Բ թագավորին, կործանարար հարված հասցրեց հայ Արշակունիների թագավորությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 324)։ |