Երևանի խանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամիրդարենց ձորից)
Երևանի խանություն
خانات ایروان

Երևանի խանությունը (դեղին գույնով)՝ իր 15 մահալներով
Պետական կարգ խանություն
Մայրաքաղաք Երևան
Թագավորանիստ ոստան
Պետության գլուխ խան (նշանակվում է պարսից շահի կողմից)
Արքայատոհմ Ղաջարիների դինաստիա
Լեզու պարսկերեն, հայերեն, ադրբեջաներեն
Կրոն շիա իսլամ, սուննի իսլամ, հայ առաքելական եկեղեցի
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան ուշմիջնադարյան ժամանակաշրջան
Հասարակարգ Ավատատիրական հասարակարգ
Հիմնադրում 1747
Հզորության գագաթնակետ
Անկում
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքում Հայաստան Հայաստան
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Թուրքիա Թուրքիա
Ադրբեջան Ադրբեջան
 
Պատմության պորտալ

Երևանի խանություն (պարս.՝ خانات ایروان‎, Khānāt-e Īravān), միջնադարյան ավատատիրական կիսանկախ իշխանապետություն 1747-1827 թվականներին։ Օսմանյան կայսրությունից վերանվաճելով՝ Նադիր շահը 1736 թվականին այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թվականին վերջնականապես ձևավորվում է Երևանի խանությունը՝ Երևանի կուսակալության տարածքի վրա[1]։

Խանության տարածքը կազմել է շուրջ 19 500 կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջաններները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը։ Այժմ հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում Արարատ լեռը, որը պատկանում է Թուրքիային, և Շարուրի դաշտը՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությանը։

1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Երևանի խանությունը Նախիջևանի խանության և Օրդուբադի շրջանի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Հայկական մարզ` Երևան կենտրոնով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի սկզբին Իրանում հիմնված ղզլբաշների պետության (1501-1722) օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը։ Իրենց իշխանությունը հաստատելու նպատակով Սեֆյանները հիմնում են չորս խոշոր կուսակալություններ՝ Հյուսիսային Իրանի ու Հարավային Կովկասի տարածքում։ Երևանի կուսակալություն հիմնվել էր դեռ 14-րդ դարի վերջին՝ թուրքմենական Կարակոյունլուների տերության օրոք։ Միջնադարյան Հայաստանի ծաղկուն քաղաքները՝ Դվինը և Անին, ավերվել և անկում էին ապրել։ Ուստի կուսակալության կենտրոն է ընտրվել մոտ 20 000՝ բացառապես հայ բնակչություն ունեցող Երևան քաղաքը, որը սկսել էր զարգանալ որպես միջնադարյան արևելյան քաղաք։

1582-1583 թվականներին օսմանցիները գրավում են Երևանը և Ֆարհադ փաշան Հրազդան գետի ափին կառուցում են Երևանի բերդը՝ շուրջ 1000-ամյա հայկական ամրոցի հիմքերի վրա։ Երևանի կուսակալությունը պարբերաբար նվաճվում էր մերթ թուրքական, մերթ պարսկական զորքերի կողմից, բայց հիմնականում ամբողջ կուսակալությունը պատկանում էր շահական Պարսկաստանին։ Ամեն պատերազմական գործողությունից հետո բերդն ամրացվում էր։

Երևանի բերդ,
1796

Երևանի բերդը զբաղեցնում էր 7 հեկտար տարածություն, ամրացված էր 10.5-12 մետր բարձրությամբ երկշարք պարիսպներով։ Այն արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Այստեղ իրանական միջնադարյան ճարտարապետական ոճով կառուցվում են երկու մզկիթներ, բաղնիք, շուկա և Սարդարի նշանավոր կառույցը` պալատը։ Բերդի բնակիչներն էին բացառապես մուսուլմանները՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր՝ շուրջ 800 տուն[3]։ Այն կանգուն է մնացել ավելի քան 3 դար՝ ավերվելով խորհրդային իշխանության ժամանակ՝ 1920-ական թվականների վերջից։ Բերդը վերջնականապես ավերվել է 1950-ական թվականներին։ Նույն ժամանակ էլ ավերվել են Երևանի մզկիթներն ու եկեղեցիները[4]։

Ժամանակ առ ժամանակ թուրք-պարսկսկան տևական պատերազմների արդյունքում մի քանի ամսով կամ տարով կորցնում էր Արևելյան Հայաստանը՝ ոչ միայն Երևանի, այլև նրան հարակից Նախիջևանի, Գանձակի ու Ղարաբաղի խանությունները, ինչպես նաև Վրաստանի ինքնավար թագավորությունը։ Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1603-1604 թվականներին պարսիկները Շահ Աբբաս Առաջինի հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարում են Պարսկաստան։ Կուսակալությունը հայաթափվում է և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու են գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրանում են հայկական բնակավայրերին, այլև վերանվանում են դրանք։ Այդ ժամանակ էլ նշանակվում է առաջին ղեկավարը՝ Ամիրգունա խանը (1604-1628)։ Հայերը տեղափոխվում են Իրանի ներքին նահանգներ, հաստատվում Սպահանում, Նոր Ջուղայում, Թեհրանում և այլուր։ Այդ է պատճառը, որ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերի կողմից Երևանի բերդի ազատագրման ժամանակ՝ 1827 թվականին, խանության 100,000 հպատակներից միայն 23,000-ն էր ազգությամբ հայ։ Հարևան Նախիջևանի խանությունում 50,000 բնակչից հայեր էին 12,000-ը[5]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի խանությունը կիսանկախ վարչատարածքային միավոր էր, որն ուներ իր դրոշը, զորքը և հպատակները։ Պարսկական տիրապետության ժամանակ շահերը խանության ղեկավար էին նշանակում էին խաներ՝ իրենց իշխանությունը ամրապնդելու համար։ Երևանի խանը օժտված էր ավելի մեծ իրավունքներով, քանի որ ղեկավարում էր սահմանային նահանգ։ Նա հաճախ ստանում էր բեյլերբեյ կամ բեկլարբեկ տիտղոսը։ Երևանի խանը կարող էր հարկ եղած դեպքում մարտադաշտ հանել ու ղեկավարել շրջակա խանությունների ու բեյությունների զորքերը՝ ստանձնելով զորահրամանատարի՝ սարդարի պաշտոնը։ Ընդ որում, նրա դրոշի տակ կարող էին դուրս գալ ոչ միայն մուսուլմաններից, այլև տեղաբնիկ հայերից կազմված զորագնդերը։ Երևանի խաները հիմնականում իշխող Ղաջարիների շահական դինաստիայից էին[6][7]։ Որոշ աղբյուրների համաձայն՝ արքայատոհմը ուներ թյուրքական ծագում[8][9]։ 18-րդ դարի երկրորդ կեսից Երևանի խաները ձեռք են բերում ինքնավարություն։ Աստիճանավար թուլանում է շահերի իշխանությունը Անդրկովկասում և Ատրպատականում (Իրանական Ադրբեջան) ձևավորված Հյուսիսային Իրանի խանությունների վրա։ Ամուր դիրքեր են գրավում նաև վրաց իշխանները, հայ մելիքները, թուրք բեկերը։

Խանի մզկիթը[10]

Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալների՝ Աբովյանի (Կըրխբուլաղ), Ապարանի, Արարատի (Վեդիբասար), Արմավիրի (Սարդարապատ), Արտաշատի (Գառնիբասար), Ծաղկաձորի (Դարաչիչակ), Գեղարքունիքի (Գյոկչա), Աշտարակի (Կարբիբասար), Երվանդաշատի (Սադլու), Թալինի, Կողբի (Դարաքենդ), Շարուրի, Մասիսի (Զանգիբասար), Սուրմալուի, Ուշիի (Սայիդլի Ախսախլու)։ Խանության կենտրոն Երևանը առանձին վարչական միավոր էր համարվում և չէր մտնում որևէ մահալի մեջ։

Քաղաքը կառավարում էր դարուղան (ոստիկանապետը), որը նշանակվում էր բեյլերբեյի կողմից և պարտավոր էր զբաղվելու քաղաքի կարգ ու կանոնով։ Նա իր իշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) և չաուշների (տասնապետների) միջոցով։ Քաղաքի կառավարմանը մասնակցում էին թաղային ավագները՝ մելիքները, որոնք պատասխանատու էին թաղի կարգ ու կանոնի պահպանման և հարկերի բաշխման ու հավաքման համար։

Քաղաքի վարչական պաշտոնեությանն էին պատկանում նաև՝ բազարբաշին (շուկայի պետը), հասաս-բաշին (շուկայի պահակապետը) և ուրիշներ։ Քաղաքի ներքին կյանքում կարևոր դեր էին խաղում համքարությունները, որոնք, հանձինս իրենց քալանթարների (ավագ), նույնպես մասնակցություն ունեին քաղաքի ներքին վարչական և հասարակական գործերին։

Երևանում կար շուրջ 1000 խանութ, 8 մզկիթ, 7 եկեղեցի, 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա և 2 դպրոց-մեդրեսե։ Մահալներում գլխավորապես զբաղվում էին մյուլքադարային գյուղատնտեսությամբ, կային ջրանցքներ ու հովիտներ։ Ձորերից նշվում են Ամիրդարենց և Երմանի ձորերը[11]։ Մյուլքադար կարող էին լինել ոչ միայն խաները և բեկերը, այլև հայկական մելիքներն ու հայ եկեղեցին։ Գյուղացիները մշակում էին նրանց հողերը և հարկ տալիս։

Խաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի խաները հիմնականում Ղաջարիների դինաստիայից էին[10]։ Նրանք Նադիր շահի մահից հետո՝ 1747 թվականին համարյա անկախ էին։ Այս վիճակը տևում է մինչև 1790-ական թվականները, երբ աղա Մահմեդ խանը՝ Պարսկաստանի նոր շահը, պատժիչ արշավանք է կատարում Անդրկովկաս։ Խանությունները, բացի Երևանից ու Նախիջևանից, Պարսկաստանի կազմում մնում են 20 տարի՝ մինչև 1813 թվականի Գյուլիստանի հաշտությունը։ Իսկ 1827 թվականի Երևանի գրավումից և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկաստանը կորցնում է ամբողջ Անդրկովկասը՝ հօգուտ Ռուսաստանի։

Սարդարի պալատը․ Դիվան (ընդունելության դահլիճ) Էրիվանի միջնաբերդում[10]

Երևանի խաների ցանկը՝ սկսած 1736 թվականից Նադիր շահի կողմից Երևանը հետ գրավելուց հետո։

  • 1736-1740 - Թահմասպ-ղուլի խան
  • 1740-1747 - Նադիր շահ
  • 1745-1748 - Մեհդի խան Ղասըմլի
  • 1748-1750 - Հասան-Ալի խան
  • 1750-1780 - Հուսեյն-Ալի խան
  • 1752-1755 - Խալիլ խան
  • 1755-1762 - Հասան-Ալի խան Ղաջար
  • 1762-1783 - Հուսեյն-Ալի խան
  • 1783-1784 - Ղուլամ Ալի (Հասան Ալիի որդին)
  • 1784-1804 - Մեհմեդ խան
  • 1804-1806 - Մեհդի-ղուլի խան
  • 1806-1807 - Մեհմեդ խան Մարաղաէ
  • 1807-1828 - Հուսեյն խան Ղաջար[10]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Cambridge modern history, Том 14, 1992, стр. 72
  2. Suny, Ronald G. «Eastern Armenians Under Tsarist Rule». In Hovannisian, Richard G. (ed.). The Armenian People from Ancient to Modern Times: Foreign Dominion to Statehood: the Fifteenth Century to the Twentieth Century. էջեր 121–122. ISBN 1-4039-6422-X. «At the time of the conquest of Eastern Armenia, the former Persian khanate was in desperate economic straits. Much of the region was depopulated, and even with the mass migrations of Muslims and Armenians, hundreds of villages remained empty. Peasants made up almost 90 percent of the population of the Armianskaia Oblast.»
  3. http://www.hinyerevan.com
  4. http://www.erevangala500.com/?direct=page&id=240
  5. Bournoutian, George A. (1998 թ․ դեկտեմբերի 15). «Erevan». Encyclopædia Iranica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 16-ին. ««The Persian Khanate of Erevan» - «Due to centuries of warfare, by 1804 Erevan's population had been reduced to 6,000. It began to rise once again during the tenure of the last khan, and in 1827 it exceeded 20,000, with the Armenians forming barely twenty percent of the population. Following the Treaty of Torkamānčāy and the Armenian immigration from Persia and Turkey, the Armenian population rose to 40 percent of the total. The overall population, however, decreased to some 12,000, as the Persian forces and administration. emigrated. <…> Muslims (Persians, Turco-Mongols, Kurds) made up 80 percent of the population and were either sedentary, semi-sedentary, or nomadic. Christians (all Armenians) constituted the remaining 20 percent of the population and lived in Erevan or the villages. The Armenians dominated the various professions and trade in the area and were of great economic significance to the Persian administration.»»
  6. Abbasgulu Bakikhanov. Golestan-e Eram. Period V
  7. Bournoutian, George A. (2004 թ․ դեկտեմբերի 15). «Ḥosaynqoli Khan Sardār-e Iravāni». Encyclopæia Iranica. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. Amanat, Abbas. The Pivot of the Universe: Nasir Al-Din Shah Qajar and the Iranian Monarchy, 1831–1896. I.B. Tauris. էջեր 2–3. «In the 126 years between the fall of the Safavid state in 1722 and the accession of Nasir al-Din Shah, the Qajars evolved from a shepherd-warrior tribe with strongholds in northern Iran into a Persian dynasty.»
  9. Choueiri, Youssef M. (2005). A Companion to the History of the Middle East. Blackwell Ltd. էջ 516.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «The Zarrinkafsch-Bahman (Qajar) Family». www.zarrinkafsch-bahman.org (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  11. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 245 — 992 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Ռ. Գրիգորյան, Երևանի խանությունը (1780-1800), Երևան, 1958։
  • Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801-1879 թթ.), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1959։
  • Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1500-1800 թթ.), Երեւան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971:
  • Փափազյան Հակոբ, «Բեյթ-ուլ-մալ»-ի ինստիտուտը և հայ ֆեոդալների հողերի բռնագրավումները XV դարում.- «Պատմա-բանասիրական հանդես», 1958, N 2, էջ 193-203։
  • Փափազյան Հակոբ, Օտար տիրապետությունը Արարատյան երկրում (ԺԶ դ.).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1973, № 6, էջ 23-34։
  • Փափազյան Հակոբ, Օտար տիրապետությունը Արարատյան երկրում (ԺԷ դար).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1977, № 1, էջ 29-44։
Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1806)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
Ղարաբաղի գավառ
(1806-1840)
Ելիզավետպոլի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական մարզի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{} Հայաստանի Հանրապետություն (1918-1920)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 571