Ամբողջական առաջարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամբողջական առաջարկը տնտեսությունում արտադրված վերջնական սպառման ապրանքների և ծառայությունների ընդհանուր քանակությունն է արժեքային արտահայտությամբ։ Ամբողջական առաջարկի AS կորը ցույց է տալիս ամբողջական թողարկման այն ծավալը, որ կարող է առաջարկվել ձեռնարկությունների հատվածի կողմից գների տարբեր մակարդակների դեպքում։ Ամբողջական առաջարկի կորը աճող է. գների մակարդակի փոփոխության արդյունքում առաջարկի մեծության փոփոխությունն արտահայտվում է կորի վրա տեղաշարժով։ Գների մակարդակի և ամբողջական առաջարկի ծավալի մեծության միջև գոյություն ունի ուղիղ կապ, հետևաբար գների մակարդակի աճը, ձեռնարկությունների ծախսերի հաստատուն մնալու պարագայում, ավելացնում է վերջիններիս շահույթը դրանով իսկ խթանելով ամբողջական առաջարկի ծավալի մեծացումը և ընդհակառակը։

Ամբողջական առաջարկի և գների մակարդակի կախվածությունը

Ամբողջական առաջարկի ոչ գնային գործոններ են հանդիսանում տեխնոլոգիաների, արտադրողականության, ռեսուրսների գների կամ ձեռնարկությունների ծախսերի, հարկերի փոփոխությունները և այլն։ Ոչ գնային գործոնների փոփոխության արդյունքում փոխվում է արդեն ամբողջական առաջարկը, որը գրաֆիկորեն արտահայտվում է առաջարկի կորի տեղաշարժով։

Ամբողջական առաջարկի կորի տեղաշարժը ոչ գնային գործոնների ազդեցություն

Հատկանշական է, որ ամբողջական առաջարկի կորի ձևը միանգամայն տարբեր կերպ է մեկնաբանվում դասական և քեյնսյան դպրոցների ներկայացուցիչների կողմից։ Ամբողջական առաջարկի մեծության փոփոխությունը միևնույն գործոնի ազդեցությամբ, կարող է միանգամայն տարբեր լինել։ Նման տարբերակված ազդեցությունը կախված է այն փաստից՝ ամբողջական առաջարկի փոփոխությունը դիտարկվում է կարճաժամկետ հատվածում, թե դիտարկվում է կոնկրետ գործոնի ազդեցությունը ամբողջական առաջարկի վրա երկարաժամկետ միջակայքում։ Մակրոէկոնոմիկայում կարճաժամկետ և երկարաժամկետ միջակայքերի տարբերությունը գլխավորապես պայմանավորում են անվանական և իրական մեծությունների վարքով։ Կարճաժամկետ միջակայքում անվանական մեծությունները գները, անվանական աշխատավարձը, անվանական տոկոսադրույքը, հարաբերականորեն «կոշտ» են, այսինքն դանդաղ են փոխվում շուկայական տատանումների ազդեցությամբ։ Իսկ իրական մեծությունները թողարկման ծավալը, զբաղվածության մակարդակը, իրական տոկոսադրույքը, ընդհակառակը, շատ ավելի ճկուն են և արագ են փոխվում շուկայական կոնյուկտուրայի փոփոխության հետևանքով։ Երկարաժամկետ միջակայքում ավելի ճկուն են և արագ են փոխվում անվանական մեծությունները, իսկ իրական մեծությունները հարաբերականորեն ավելի կոշտ են և սովորաբար դրանք դիտարկվում են որպես հաստատուն մեծություններ։ Ամբողջական առաջարկի ̧դասական մոդելը, որպես կանոն, տնտեսության վարքը նկարագրում է երկարաժամկետ միջակայքում։ ̧Դասական մոդելում առաջ են քաշվում ամբողջական առաջարկի վերլուծության հետևյալ նախադրյալները`

  • թողարկման ծավալը կախված է միայն արտադրության գործոնների (աշխատանք, կապիտալ) քանակից ու տեխնոլոգիաներից, ուստի և անկախ է գների մակարդակից,
  • արտադրության գործոնները և տեխնոլոգիաները փոխվում են դանդաղ,
  • տնտեսությունը գործում է արտադրության գործոնների լրիվ զբաղվածության պայմաններում, հետևաբար թողարկման փաստացի ծավալը հավասար է ներուժային ծավալին,
  • գները և անվանական աշխատավարձը ճկուն են և դրանց փոփոխություններն ապահովում են շուկաներում հավասարակշռությունը։
Ամբողջական առաջարկի կորը երկարաժամկետ՝ LRAS, միջակայքում՝ ըստ դասական մոդելի

Գրաֆիկորեն AS կորը այսպիսի պայմաններում ուղղահայաց է արտադրության գործոնների լրիվ զբաղվածությամբ թողարկման մակարդակի վրա։ Դասական մոդելում AS կորի ձևը կապվում է աշխատանքի շուկայի վերլուծության հետ, քանզի ռեսուրսների լրիվ զբաղվածության պայմաններում աշխատանքը միակ գործոնն է, որի փոփոխությունը կարճաժամկետ միջակայքում կարող է ազդել թողարկման ծավալի վրա։ Գների ընդհանուր մակարդակի աճը նվազեցնում է իրական աշխատավարձը, ինչով պայմանավորված աշխատուժի պահանջարկը գերազանցում առաջարկին, քանզի թե վարձու աշխատողներրը, թե ձեռնարկատերերը արձագանքում են իրական աշխատավարձի փոփոխություններին։ Նման անհավասարակշռությունը կհանգեցնի անվանական աշխատավարձի մեծացմանը, որի շնորհիվ իրական աշխատավարձը կբարձրանա մինչև նախկին մակարդակը, կվերակագնվի զբաղվածության նախկին մակարդակն ու հավասարակշռությունը աշխատանքի շուկայում, իսկ թողարկման ծավալը կմնա անփոփոխ։ Երկարաժամկետ միջակայքում անվանական աշխատավարձի ճշգրտումները գների ցանկացած մակարդակի դեպքում թողարկման ծավալը կամ ամբողջական առաջարկը կպահպանեն ներուժային մակարդակի վրա, չհաշված կարճաժամկետ տատանումները։

Մեկ գրաֆիկական պատկերի վրա ամբողջական առաջարկի կորը և վերջինիս անցումը կարճաժամկետ հավասարակշռության վիճակից երկարաժամկետի կունենա հետևյալ տեսքը՝

Առաջարկի կորի փոփոխությունները կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում

Սկզբնական շրջանում՝ առաջարկի կորի 1-ին հատվածում, թողարկման համար անհրաժեշտ ռեսուրսները բավարար են և դրանց գինը չի փոխվում։ Կորի վռայի այդ հատվածը կարճաժամկետ հատվածն է՝ SRAS։ Սակայն հետագայում՝ արտադրության ծավալների աճին զուգընթաց ռեսուրսները այլևս չեն բավարարում և դրանց գինը սկսում է աճել։ Գծապատկերում դա կորի 2-րդ հատվածն է, երբ աճում են և՛ թողարկումը, և՛ գների մակարդակը։ 3-րդ հատվածը ներկայացնում է արդեն այն իրավիճակը, երբ ձեռք է բերվել ռեսուրսների լրիվ զբաղվածություն, հավասարվել են թողարկման փաստացի ու ներուժային ծավալները և թողարկման ծավալը կոշտ մեծություն է, գները՝ ճկուն։ Այսպիսով, կորի մեկնաբանությունը հետևյալն է՝

  1. Քեյնսյան հատված - գները կոշտ եննն, թողարկումը՝ ճկուն
  2. Միջանկյալ հատված - ճկուն են և՛ թողարկումը, և՛ գները
  3. Դասական հատված - թողարկումը կոշտ է, գները՝ ճկուն

Քեյնսյան մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AS կորի տեղաշարժերը հնարավոր են միայն արտադրության գործոնների և տեխնոլոգիաների մեծությունների փոփոխության դեպքում։ եթե այդպիսի փոփոխությունները բացակայում են, ապա AS կորը ներուժային (պոտենցիալ) թողարկման մակարդակում երկարաժամկետ միջակայքում հաստատուն է ( LRAS – long run aggregate Supply curve ), և ամբողջական պահանջարկի ցանկացած փոփոխություն արտահայտվում է միայն գների մակարդակի փոփոխություններում։ Քեյնսյան մոդելը տնտեսության գործառնությունը դիտարկում է ժամանակի համեմատաբար կարճ միջակայքում։ Քեյնսյան մոդելում ամբողջական առաջարկի կորի կառուցման պայմանները հետևյալն են`

  • տնտեսությունը գործում է արտադրության գործոնների ոչ լրիվ զբաղվածության պայմաններում,
  • գները, անվանական աշխատավարձը և անվանական այլ մեծություններ հարաբերականորեն կոշտ են և դանդաղ են արձագանքում շուկայական տատանումներին,
  • իրական մեծությունները (թողարկման ծավալ, զբաղվածություն, իրական աշխատավարձ և այլն) առավել շարժունակ են և արագ են արձագանքում շուկայական տատանումներին։

Քեյնսյան մոդելում ամբողջական առաջարկի AS կորը հորիզոնական է (սա ծայրահեղ դեպքն է կոշտ գների և անվանական աշխատավարձի պարագայում) կամ ունի դրական թեքություն (կոշտ աշխատավարձի և հարաբերականորեն ճկուն գների դեպքում, SRAS – Short run aggregate Supply curve ): Անվանական մեծությունների հարաբերական կոշտության պատճառներն են երկարատև աշխատանքային պայմանագրերը, նվազագույն աշխատավարձի պետական կարգավորումը, հումքի մատակարարման պայմանագրերի ժամկետները, արհմիությունների գործունեությունը և այլն։

Ամբողջական առաջարկի կորը կարճաժամկետ՝ SRAS միջակայքում` ըստ քեյնսյան մոդելի

Դասական մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AS հորիզոնական կորի դեպքում ամբողջական առաջարկի ծավալը կախված է միայն ամբողջական պահանջարկի մեծությունից։ Կարճաժամկետ միջակայքում ամբողջական պահանջարկի AD տատանումները փոփոխություններ առաջ կբերեն, նախ և առաջ, ամբողջական առաջարկի (թողարկման) ծավալում և միայն դրանից հետո կարող են ազդել գների մակարդակի վրա։ Եթե որևէ ապրանքի արտադրության ծախսերը հաստատուն գնի դեպքում արդեն իսկ բավարար չափով բարձր են, ապա պահանջարկի մեծացման դեպքում ֆիրմաները կձգտեն վարձել լրացուցիչ աշխատուժ և մեծացնել թողարկման ծավալը։ Գների նմանօրինակ բացարձակ «կոշտության» դեպքում AS առաջարկի կորը կլինի հորիզոնական։ եթե անվանական աշխատավարձը կայուն է, իսկ գները հարաբերականորեն ճկուն, ապա պահանջարկի մեծացմամբ պայմանավորված գների աճը կհանգեցնի իրական աշխատավարձի կրճատմանը, աշխատանքը կդառնա ավելի էժան, ինչն էլ կմեծացնի աշխատուժի պահանջարկը շուկայում և կավելանա թողարկման ծավալը։ Արդյունքում, երբ անվանական աշխատավարձը չի փոխվում, իսկ գների մակարդակի և թողարկման ծավալի միջև կախվածությունը դրական է, AS առաջարկի կորը կունենա անկյան դրական թեքություն։

Քեյնսյան մոդելում AS հորիզոնական կորը աջից սահմանափակված է ներուժային թողարկման մակարդակով, որի առկայության դեպքում կորը կընդունի ուղղահայաց գծի տեսք և կնույնանա երկարաժամկետ միջակայքի AS կորին։ Այսպիսով, ամբողջական առաջարկի մեծությունը կարճաժամկետ միջակայքում գլխավորապես կախված է ամբողջական պահանջարկի ծավալից։ Արտադրության գործոնների ոչ լրիվ զբաղվածության և հարաբերականորեն կայուն պայմաններում ամբողջական պահանջարկի տատանումները առաջ կբերեն, նախ և առաջ, փոփոխություններ թողարկման (առաջարկի) ծավալում և միայն դրանից հետո կարող են ազզդել գների մակարդակի վրա։ Հետևաբար, եթե կառավարությունը ցանկանում է մեծացնել տնտեսությունում թողարկման ծավալը, ապա, համաձայն քեյնսյան տեսության, պետք է խթանի ամբողջական պահանջարկը հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների օգնությամբ (մեծացնել պետական ծախսերը, կրճատել հարկերը, մեծացնել փողի առաջարկը և այլն)[1]։

Ամբողջական առաջարկի ոչ գնային դետերմինանտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջական առաջարկիկորը տեղաշարժող ոչ գնային դետերմինանտներն են՝

  1. ռեսուրսների գների փոփոխությունները, որոնց վրա ազդում են՝ ներքին ռեսուրսների առկայությունը, ներմուծվող ռեսուրսների գները, տիրապետությունը շուկայում,
  2. աշխատանքի արտադրողականության փոփոխությունները, որը որոշվում է ազգային արտադրության իրական ծավալների և ծախսերի հարաբերությամբ, և ցույց է տալիս յուրաքանչյուր միավոր ծախսի դիմաց ստեղծված արդյունքի միջին ծավալը։ Արտադրողականությունն ազդում է արտադրանքի միավորի համար կատարած ծախսերի վրա, որովհետև նրա բարձրացումը հնարավորություն է տալիս ավելի քիչ ծախսերով հասնել մեծ արդյունքի։ Այսպիսով աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ արտադրանքի միավորի ծախսերը նվազում են, որն էլ ամբողջական առաջարկի կորը տեղաշարժում է աջ կամ ձախ,
  3. իրավական նորմերի փոփոխությունները, որոնց վրա ազդում են՝ ձեռնարկություններից գանձվող հարկերը և վճարվող սուբսիդիաները, պետական կարգավորումը որի ուժեղացումը պահանջում է լրացուցիչ միջոցներ, որոնք ի վերջո հարկերի ձևով գանձվում են ձեռնարկություններից, մեծացնում արտադրանքի միավորի ծախքերն ու առաջարկի կորը տեղաշարժում դեպի ձախ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրեգորի Մենքյու, Մակրոէկոնոմիկա, 1994, էջ 344-350, 431-451