Ամազոնյան վիկտորիա
Ամազոնյան վիկտորիա | |
![]() Ամազոնյան վիկտորիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Nymphaeales |
Ընտանիք | Հարսնամատազգիներ (Nymphaeaceae) |
Ցեղ | Վիկտորիա (Victoria) |
Տեսակ | Ամազոնյան վիկտորիա (V. amazonica) |
Միջազգային անվանում | |
Victoria amazonica |
Ամազոնյան վիկտորիան (լատ.՝ Victoria amazonica) մեծ, ջրային տրոպիկական խոտաբույս է[1][2]։ Հանդիպում է աշխարհի ամենաջրառատ գետի՝ Ամազոնի ծանծաղուտներում։ Այն բավականին տարօրինակ և զարմանահրաշ բույս է, որը բաղկացած է ջրի մակերեսին լողացող 1,5-ից մինչև 2,0 մետր տրամագիծ ունեցող 1-2 հսկայական տերևներից, մինչև 2 մետր երկարությամբ տերևակոթունից և հսկայական ծաղիկներից։
Հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը հայտնաբերել է անգլիացի ճանապարհորդ Ռիչարդ Շոմբբուրգը[3] 1837 թվականին և ի պատիվ Անգլիայի թագուհու այն անվանել է վիկտորիա։ Հետագայում այն անվանվել է արքայական կամ ամազոնյան վիկտորիա։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտորիայի կլոր և տաշտականման տերևները ներքևից ծածկված են ուժեղ զարգացած ջլերի ցանցով[1]։ Այն տերևին մեծ ամրություն է տալիս և ունի օդով լցված ամուր հյուսվածքներ, որոնց շնորհիվ տերևը ոչ միայն մնում է ջրի մակերեսին, այլև հեշտությամբ կարող է պահել մինչև 50 կիլոգրամ ծանրություն[4]։ Այսինքն՝ նա իր վրա հեշտությամբ կարող է պահել 14-15 տարեկան երեխա։ Ինչպես պատմում են ճանապարհորդները վիկտորիայի վրա հավաքված ջրում, ինչպես տարրայում, լողանում են զանազան թռչուններ։ Զարմանահրաշ են նրա հսկայական ծաղիկները, դրանց տրամագիծը անցնում է 25-40 սանտիմետրից[2]։ Ծաղկումը տևում է ուղիղ 2 ցերեկ և 2 գիշեր։ Ծաղիկները խիստ բուրումնավետ են, երեկոյան փակվում են և առավոտյան բացվում։ Սպիտակ են՝ կարմրավարդագույն միջնամասով, սակայն ծաղկման հաջորդ օրը բազմազան գունավորում են ստանում՝ մոռագույն կարմիրից մինչև մուգ բոսորագույն։ Երբ միջատների միջոցով տեղի է ունենում ծաղիկների փոշոտումը, դրանք անմիջապես խոնարհվում են, սուզվում ջրի մեջ և այստեղ կազմավորում պտուղը՝ ոլոռի մեծությամբ սև[4], չափազանց համեղ սերմերով։ Այս հրաշալի բույսի տերևակոթունները, տերևների ներքին մակերեսը, ծաղկակիր ցողունները և ծաղկի բաժակաթերթիկները ծածկված են սուր և խիտ փշերով, որպեսզի գետում վխտացող ագահ, բուսակեր ձկները չհոշոտեն դրանք[4]։ Արքայական վիկտորիան խիստ քմահաճ բույս է։ Նա աճում է միայն այնպիսի ջրերում, որոնց ջերմաստիճանը 25-ից չի իջնում 30-ից չի բարձրանում։ Ահա թե ինչու մեր պայմաններում հնարավոր է այս հրաշալի բույսն աճեցնել միայն հատուկ ջերմատներում, որտեղ ջրի ջերմաստիճանը մշտապես պահպանվում է այդ սահմաններում։ Սերմերի հասունացումը տևում է մինչև երկու ամիս։ Վայրի բնության պայմաններում բույսը կարող է ապրել մինչև հինգ տարի[4]։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամազոնյան վիկտորիան հանդիպում է Ամազոն գետի ափում, Բրազիլիայում և Բոլիվիայում, ինչպես նաև Գայանա գետում, որը թափվում է Կարիբյան ծովը։ Պարոն Վիլիամ Ջեքսոն Հուկերը կարծում էր, Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան գետի առափնյա շրջանները չեն համապատասխանում բույսի բնական աճման համար, որի պատճառը գետի փոքր-ինչ արագ հոսքն է։
Այլ տեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է վիկտորիայի մեկ այլ տեսակ՝ խաչանման վիկտորիան (Victoria cruciana), որը տարածված է նույնպես Հարավային Ամերիկայում՝ Պարանա գետի ծանծաղուտներում։ Վիկտորիայի այս տեսակը, իհարկե, իր չափերով և շքեղությամբ զիջում է արքայական վիկտորիային։ Այնուամենայնիվ, սա ևս համարվում է բուսական աշխարհի հրաշալիքներից մեկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Victoria regia
- ↑ 2,0 2,1 Victoria regia (виктория королевская или виктория амазонская)
- ↑ Հարությունյան Լ.Վ՚ (2003)։ Հետաքրքրաշարժ բուսաբանություն։ Երևան: Երևանի Հայբուսակ հրատարակչություն։ էջ 45
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 (չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում) Виктория амазонская или кувшинка Виктория регия (лат. Victoria amazonica) (չաշխատող հղում)(Ստուգված է 8 փետրվարի 2013)(չաշխատող հղում)
|
|