Ամազոնյան լամանտին
| Ամազոնյան լամանտին | |
Ամազոնյան լամանտին | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Կաթնասուն (Mammalia) |
| Կարգ | Sirenia |
| Ընտանիք | Trichechidae |
| Ցեղ | Լամանտիններ (Trichechus) |
| Տեսակ | Ամազոնյան լամանտին (T. inunguis) |
| Միջազգային անվանում | |
| Trichechus inunguis | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Ամազոնյան լամանտին (լատիներեն՝ Trichechus inunguis), Բրազիլիայում սովորաբար հայտնի է որպես «կովաձուկ»[1], լամանտինների տեսակ է, բնակվում է Ամազոնի ավազանում՝ Բրազիլիայի, Պերուի, Կոլումբիայի և Էկվադորի տարածքներում։ Այն ունի բարակ, կնճռոտ, դարչնագույն կամ մոխրագույն մաշկ, որի վրա ցրված են նուրբ մազեր, իսկ կրծքավանդակի հատվածում առկա է սպիտակ բիծ[2][3]։ Այն ներկայումս գոյություն ունեցող լամանտինների երեք տեսակներից ամենափոքրն է[4]։
Կարգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակի inunguis անվանումը լատիներեն նշանակում է «առանց եղունգների»։ Trichechus ցեղի անվանումը ծագում է լատիներեն «մազ» նշանակող բառից՝ մատնանշելով լամանտինի բերանի շուրջ աճող բեղանման մազերը[2]։
Ֆիզիկական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամազոնյան լամանտինը լամանտինների ընտանիքի ամենափոքր ներկայացուցիչն է[1]։ Այն մյուս տեսակներից տարբերվում է առավել հարթ, ռետինանման մաշկով և լողաթևերի վրա մնացորդային եղունգների բացակայությամբ։ Անազատության պայմաններում պահվող արուների մարմնի քաշը տատանվում է 7,5–346 կգ-ի, իսկ երկարությունը՝ 76–225 սմ-ի սահմաններում։ Էգերի դեպքում համապատասխան ցուցանիշները կազմում են 8,1–379 կգ և 71–266 սմ, իսկ բնական միջավայրում ապրող առանձնյակների դեպքում՝ 120–270 կգ և 162–230 սմ։ Ամազոնյան լամանտինի գրանցված առավելագույն քաշը կազմում է 379 կգ[5]։ Այս տեսակի ձագերը ծնվում են 10–15 կգ քաշով և 85–105 սմ մարմնի երկարությամբ[5]։ Ամազոնյան լամանտինների մարմնի երկարությունն օրական ավելանում է մոտավորապես 1,6–2,0 մմ-ով։ Այս ցուցանիշը չափվում է մարմնի կորության երկայնքով, ուստի տարբեր առանձնյակների մարմնի իրական երկարությունը կարող է տարբերվել։ Ձագերը շաբաթական միջինում ավելացնում են 1 կգ քաշ[6]։
Ամազոնյան լամանտինները խոշոր, գլանաձև մարմնով կաթնասուններ են, որոնց առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթևերի, հետին ազատ վերջույթները բացակայում են, իսկ մարմնի հետին հատվածը վերածվել է հարթ, կլորավուն, հորիզոնական պոչալողակի[7]։ Ճկուն լողաթևերն օգնում են նրանց տեղաշարժվել ջրամբարի հատակով, քորել մարմինը, շոշափել առարկաները և նույնիսկ գրկել այլ լամանտինների, ինչպես նաև սնունդը մոտեցնել բերանին և մաքրել այն[7]։ Լամանտինի վերին շրթունքը ձևափոխվել է խոշոր, կոշտ մազերով պատված մակերեսի, որը խորապես բաժանված է երկու մասի[7]։ Սնվելիս կենդանին կարող է շրթունքի յուրաքանչյուր կեսը շարժել մյուսից անկախ[7]։ Մարմնի ընդհանուր գունավորումը մոխրագույն է, իսկ ամազոնյան լամանտինների մեծ մասի կրծքավանդակի վրա առկա է հստակ արտահայտված սպիտակ կամ վառ վարդագույն բիծ[7]։
Ինչպես լամանտինների ընտանիքի ներկայումս գոյություն ունեցող մյուս տեսակները, ամազոնյան լամանտինները նույնպես ունեն բազմակի փոխարինվող ատամներ։ Նրանց ատամներն ամբողջ կյանքի ընթացքում շարունակաբար փոխարինվում են՝ ծնոտի հետին հատվածից հորիզոնական ուղղությամբ տեղաշարժվելով դեպի առջևի հատվածը։ Սա կաթնասունների շրջանում եզակի առանձնահատկություն է։ Նմանատիպ ատամնափոխություն նկատվում է միայն սիրենների կարգի ներկայումս գոյություն ունեցող ամենամոտ ազգակիցների՝ փղերի մոտ, սակայն վերջիններիս փոխարինվող ատամների քանակը սահմանափակ է։ Լամանտինի ատամների՝ դեպի առաջ տեղաշարժվելու ընթացքում դրանց արմատներն աստիճանաբար ներծծվում են, իսկ բարակ էմալը մաշվում է, մինչև ատամն ի վերջո ընկնում է։ Լամանտինների այտային ատամները չեն տարբերակվում որպես մեծ և փոքր սեղանատամներ։ Բացի այդ, նրանք չունեն կտրիչներ և ժանիքներ։ Կախված ատամների մաշվածության աստիճանից և ծամելու ինտենսիվությունից՝ դրանք տեղաշարժվում են ամսական մոտ 1–2 մմ արագությամբ[8]։
Ամազոնյան լամանտինի լողաթևերի վրա եղունգներ չկան, ինչով այն տարբերվում է լամանտինների մյուս տեսակներից[2]։ Բացի այդ, ամազոնյան լամանտինների դնչի առջևի հատվածի թեքության անկյունը համեմատաբար փոքր է՝ 30,4°։ Այս ցուցանիշը կարող է վկայել այն մասին, թե ջրային սյան որ հատվածում է կենդանին սնվում։ Թեքության փոքր անկյունը նշանակում է, որ դնչի ծայրն ավելի ուղիղ դիրք ունի ծնոտի հետին հատվածի նկատմամբ։ Ավելի մեծ թեքության անկյուն ունեցող կենդանիները, օրինակ՝ դյուգոն տեսակը, որի մոտ այն կազմում է մոտ 70°, հիմնականում հատակաբնակ են, սնվում են ծովի հատակում և ունեն գրեթե ամբողջությամբ դեպի ներքև ուղղված դունչ։ Միայն աֆրիկյան լամանտին տեսակի մոտ է դնչի թեքության անկյունն ավելի փոքր՝ մոտ 25,8°։ Ենթադրվում է, որ դնչի նման կառուցվածքը նպաստում է սնվելու արդյունավետության բարձրացմանը։ Դնչի թեքության փոքր անկյունը ամազոնյան լամանտիններին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ սնվել ջրի մակերևույթի մոտ, որտեղ գտնվում է նրանց սննդի մեծ մասը[9]։
Վարքագիծ և կենսաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամազոնյան լամանտինը սիրենների կարգի միակ ներկայացուցիչն է, որը բնակվում է բացառապես քաղցրահամ ջրերում[5]։ Մարմնի ջերմաստիճանը կարգավորելու հիմնական մեխանիզմը ծայրամասային արյան շրջանառության փոփոխությունն է։ Հատուկ սեղմանների միջոցով կենդանին արյան հոսքը շեղում է մարմնի՝ ջրի հետ անմիջական շփման մեջ գտնվող հատվածներից։ Ջերմության կորուստը նվազեցնելու գործում կարևոր դեր ունի նաև ենթամաշկային ճարպային շերտը[10]։
Ի տարբերություն կետանմանների, որոնք շնչում են գլխի վերին հատվածում գտնվող շնչանցքերով, լամանտիններն ունեն քթանցքներ։ Դրանք ջրի տակ փակվում են՝ կանխելով ջրի ներթափանցումը, իսկ ջրի մակերևույթ բարձրանալիս բացվում են՝ հնարավորություն տալով շնչել[11]։ Թեև լամանտինները կարող են երկար ժամանակ մնալ ջրի տակ, սովորաբար նրանք մոտավորապես յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ բարձրանում են մակերևույթ՝ օդ շնչելու համար[12][13]։ Անազատության պայմաններում պահվող ամազոնյան լամանտինի՝ ջրի տակ մնալու գրանցված առավելագույն տևողությունը 14 րոպե է[14]։
Լամանտինները սեզոնային տեղաշարժեր են կատարում՝ համապատասխանեցնելով դրանք Ամազոնի ավազանում ջրի մակարդակի պարբերական փոփոխություններին[15]։ Վարարումների սեզոնին, երբ սնունդն առատ է, նրանք հանդիպում են ողողված անտառներում և մարգագետիններում[15]։ Ամազոնյան լամանտինը սիրենների շրջանում առանձնանում է դնչի առջևի հատվածի թեքության ամենափոքր անկյունով՝ 25–41°, ինչը հարմարվածություն է ջրի մակերևույթին ավելի մոտ սնվելու համար[16]։ Այն ակտիվ է ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը և իր կյանքի գրեթե ամբողջ մասն անցկացնում է ջրի տակ[17]։ Գետերի և լճերի հատակին բուսական սնունդ փնտրելիս ջրի մակերևույթից դուրս են մնում միայն նրա քթանցքները[17]։
Ամազոնյան և կարիբյան լամանտինները լամանտինների միակ տեսակներն են, որոնց ձայնային հաղորդակցությունը փաստագրված է։ Դիտարկումների ընթացքում արձանագրվել է, որ նրանք ձայներ են արձակում ինչպես մենակ, այնպես էլ այլ առանձնյակների ներկայությամբ, հատկապես մայրերի և նրանց ձագերի միջև հաղորդակցվելիս[18]։
Սննդակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամազոնյան լամանտինները սնվում են տարբեր ջրային մակրոֆիտներով, այդ թվում՝ արոնայիններով (հատկապես լատիներեն՝ Pistia ցեղի բույսերով, որոնք հայտնի են նաև որպես «ջրային հազար»[17][19]), խոտաբույսերով, միզապարկախոտերով, եղջերատերևուկներով, ջրաշուշանազգիներով և հատկապես ջրային հակինթներով[20]։ Հայտնի է նաև, որ նրանք սնվում են ջրի մեջ ընկած արմավենազգիների պտուղներով[17]։ Լամանտինը բուսակեր կենդանի է, որի հետստամոքսային մարսողության գործընթացը նման է ձիու մարսողության գործընթացին[16]։ Լամանտինն օրական օգտագործում է իր մարմնի քաշի մոտ 8%-ին համարժեք սնունդ[16]։
Հուլիսից օգոստոս տևող չորային սեզոնի ընթացքում, երբ ջրի մակարդակը սկսում է նվազել, որոշ պոպուլյացիաներ ստիպված են լինում կենտրոնանալ խոշոր լճերի խորքային հատվածներում, որտեղ հաճախ մնում են մինչև չորային սեզոնի ավարտը՝ մարտ ամիսը[15]։ Ենթադրվում է, որ այդ ընթացքում նրանք կարող են գրեթե ամբողջությամբ հրաժարվել սննդից։ Ճարպի մեծ պաշարները և նյութափոխանակության ցածր արագությունը, որը կազմում է ընկերքավոր կաթնասուններին բնորոշ նյութափոխանակության արագության ընդամենը 36%-ը, հնարավորություն են տալիս նրանց մինչև յոթ ամիս գոյատևել շատ քիչ սննդով կամ ընդհանրապես առանց սննդի[15]։
Բազմացում և կյանքի ցիկլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամազոնյան լամանտիններին բնորոշ է սեզոնային բազմացումը։ Հղիությունը տևում է 12–14 ամիս, իսկ ձագերի ծննդյան շրջանը համեմատաբար երկար է։ Ծնունդների մեծ մասը տեղի է ունենում դեկտեմբերից հուլիս ընկած ժամանակահատվածում, ընդ որում՝ մոտ 63%-ը՝ փետրվարից մայիս ամիսներին, երբ նրանց բնական բնակության միջավայրում գետերի ջրի մակարդակը բարձրանում է[21]։ Ծնվելուց հետո ձագը սկսում է սնվել՝ միաժամանակ 12–18 ամիս մնալով մոր կողքին[22]։
Բնական միջավայրում ամազոնյան լամանտինների կյանքի տևողությունը մոտ 30 տարի է[17]։ Անազատության պայմաններում գրանցված կյանքի առավելագույն տևողությունը 17 տարի է[23]։
Պոպուլյացիա և տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականի տվյալներով ամազոնյան լամանտինների պոպուլյացիան գնահատվել է մոտ 10 000 առանձնյակ[15]։ Ներկայումս պոպուլյացիայի ընդհանուր թվաքանակը հայտնի չէ, սակայն, ըստ գնահատականների, այն նվազման միտում ունի[15]։ Տեսակը հիմնականում տարածված է Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածում՝ Ամազոն գետի ավազանում, Բրազիլիայի Մարաժո կղզիներից մինչև Կոլումբիա, Պերու և Էկվադոր[15]։ Բրազիլիայի առափնյա հատվածներում ամազոնյան լամանտինները երբեմն հանդիպում են կարիբյան լամանտինների տարածման արեալի հետ համընկնող տարածքներում[15]։
Ամազոնյան լամանտինները տարածված են Ամազոն գետի ջրահավաք ավազանի մեծ մասում՝ Կոլումբիայի, Էկվադորի և Պերուի տարածքներում գտնվող ակունքներից մինչև Բրազիլիայում՝ Մարաժո կղզու մոտ գտնվող գետաբերանը։ Նրանց տարածման ընդհանուր արեալը գնահատվում է մոտ 7 միլիոն կմ²։ Սակայն այդ տարածքում տեսակի բաշխվածությունը համաչափ չէ. լամանտինները հիմնականում կենտրոնանում են սննդանյութերով հարուստ ողողվող անտառներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 300 000 կմ²։ Նրանք բնակվում են նաև ծովի մակարդակից մինչև 300 մ բարձրության վրա գտնվող արևադարձային հարթավայրային տարածքներում, որտեղ առատորեն աճում են ջրային և կիսաջրային բույսեր։ Լամանտինները հանդիպում են նաև մարդկանց բնակավայրերից հեռու գտնվող հանգիստ, ծանծաղ ջրերում։
Ամազոնյան լամանտինը լիովին ջրային կենսակերպ վարող կենդանի է և երբեք դուրս չի գալիս ջրից[15]։ Այն լամանտինների միակ տեսակն է, որը բնակվում է բացառապես քաղցրահամ ջրերում[24]։ Ամազոնյան լամանտինը նախընտրում է խոշոր գետերի հետ խոր ջրային կապ ունեցող գետախորշային լճերը, հնահունները և ծովալճակները, որտեղ առատ է ջրային բուսականությունը[24]։ Այս կենդանիները հիմնականում վարում են միայնակ կենսակերպ, սակայն երբեմն հավաքվում են փոքր խմբերով, որոնք կարող են ընդգրկել մինչև ութ առանձնյակ[22]։ Նրանք կատարում են երկարատև սեզոնային տեղաշարժեր՝ անձրևային սեզոնին բնակվելով ողողված տարածքներում, իսկ չորային սեզոնին տեղափոխվելով ավելի խոր ջրամբարներԱմազոնյան լամանտինը լիովին ջրային կենսակերպ վարող կենդանի է և երբեք դուրս չի գալիս ջրից[15]։ Այն լամանտինների միակ տեսակն է, որը բնակվում է բացառապես քաղցրահամ ջրերում[24]։ Ամազոնյան լամանտինը նախընտրում է խոշոր գետերի հետ խոր ջրային կապ ունեցող գետախորշային լճերը, հնահունները և ծովալճակները, որտեղ առատ է ջրային բուսականությունը[24]։ Այս կենդանիները հիմնականում վարում են միայնակ կենսակերպ, սակայն երբեմն հավաքվում են փոքր խմբերով, որոնք կարող են ընդգրկել մինչև ութ առանձնյակ[22]։ Նրանք կատարում են երկարատև սեզոնային տեղաշարժեր՝ անձրևային սեզոնին բնակվելով ողողված տարածքներում, իսկ չորային սեզոնին տեղափոխվելով ավելի խոր ջրամբարներ[25]։
Ամազոնյան լամանտինների բնական թշնամիներից են յագուարները, շնաձկները և կայմանները, այդ թվում՝ ակնոցավոր կայմանը, սև կայմանը, Կյուվիեի գաճաճ կայմանը և հարթաճակատ կայմանը[17]։
Ապօրինի որս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամազոնյան լամանտինների համար հիմնական սպառնալիքն ապօրինի որսն է։ Նրանց որսում են հիմնականում սեփական սպառման և տեղական օգտագործման նպատակներով, այլ ոչ թե առևտրային շահույթ ստանալու համար։ Որսը հանգեցրել է պոպուլյացիայի թվաքանակի կտրուկ նվազման։ Ըստ գնահատականների՝ 1935–1954 թվականներին սպանվել է ավելի քան 140 000 լամանտին։ Չնայած որսն արգելող գործող օրենքներին՝ այն շարունակվում է նույնիսկ պահպանվող տարածքներում։ Լամանտինների որսի ամենատարածված միջոցը ավանդական հարպունն է, սակայն հայտնի է նաև, որ Էկվադորում դրանք ընկնում են արապայմա ձկների որսի համար նախատեսված թակարդների մեջ։
Լամանտիններին հիմնականում որսում են բարձրարժեք մսի համար, սակայն նրանց ճարպն ու մաշկը նույնպես օգտագործվում են սննդի պատրաստման և բժշկական նպատակներով։ Միսը վաճառվում է տեղում՝ հարևաններին կամ գյուղատնտեսական մթերքների շուկաներում։ Բրազիլիայի և Էկվադորի հանրային շուկաներում այն կարող է ապօրինաբար վաճառվել երշիկի կամ «միշիրա» կոչվող մթերքի տեսքով։ Միշիրան սեփական ճարպի մեջ պահպանված միս է, որը բարձր գին ունի և այդպիսով խրախուսում է որսագողությունը։
2011–2015 թվականներին միայն Բրազիլիայի շրջաններից մեկում մսի համար սպանվել է 195 լամանտին։ Մեկ այլ շրջանում՝ պահպանվող տարածքի սահմաններում, 2004–2014 թվականներին սպանվել է 460 առանձնյակ[25]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում ամազոնյան լամանտինը դասակարգված է որպես խոցելի տեսակ։ Պոպուլյացիայի թվաքանակի նվազումը հիմնականում պայմանավորված է որսով, ձագերի մահացությամբ, կլիմայի փոփոխությամբ և բնակության միջավայրի կորստով[25]։ Սակայն պղտոր ջրերում բնակվելու պատճառով դժվար է ճշգրիտ գնահատել տեսակի պոպուլյացիայի թվաքանակը։
Բացառությամբ Կոլումբիայի՝ ամազոնյան լամանտինի պահպանության և կառավարման ազգային ծրագրեր չկան։ 2008 թվականի դրությամբ Ամազոնիայի հետազոտությունների ազգային ինստիտուտը խնամում էր անազատության պայմաններում պահվող 34 լամանտինի, իսկ Ջրային կաթնասունների հետազոտության և պահպանության կենտրոնը՝ 31։ Պերուում լամանտինները օրենքով պաշտպանվում են 1973 թվականից՝ 934-73-AG գերագույն հրամանագրի համաձայն, որն արգելում է դրանց որսը և առևտրային օգտագործումը[14]։
Որսը շարունակում է մնալ տեսակի պահպանության ամենամեծ խնդիրը և տարածված է նրա արեալի զգալի մասում, այդ թվում՝ արգելոցներում։ 1986 թվականին գնահատվել է, որ Էկվադորում լամանտինների որսի ծավալներն անկայուն էին և կարող էին հանգեցնել երկրում տեսակի անհետացմանը 10–15 տարվա ընթացքում[20]։ Թեև որսը դեռևս շարունակվում է, ներկայումս Էկվադորում տեսակի գոյատևման համար աճող սպառնալիք է համարվում նավթի արտահոսքի վտանգը։ Նավթի հետախուզական աշխատանքները հանգեցնում են նաև գետերում նավերի երթևեկության ավելացմանը։
Պերուում ամազոնյան լամանտինների թվաքանակի նվազումը մեծապես պայմանավորված է մարդկանց կողմից դրանց որսով՝ միս, ճարպ, մաշկ և կենդանուց ստացվող այլ նյութեր ձեռք բերելու նպատակով[14]։ Որսի համար օգտագործվում են հարպուններ, խռիկային ցանցեր և տեղադրված թակարդներ[14]։ Նման որսի զգալի մասը տեղի է ունենում Պերուի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Պակայա Սամիրիա ազգային արգելոցի մերձակա լճերում և գետակներում[14]։ Լամանտինները դանդաղաշարժ և հնազանդ կենդանիներ են, որոնք հաճախ սնվում են իրենց բնակության միջավայր հանդիսացող լճերի և գետերի մակերևույթի մոտ[15]։ Նրանց սպառնում են նաև ջրի աղտոտումը, առևտրային ձկնորսության ցանցերում պատահաբար խճճվելու հետևանքով խեղդվելը, ինչպես նաև անտառահատումների հետևանքով առաջացած հողի էրոզիայի պատճառով բուսականության քայքայումը[15]։ Բացի այդ, հանքարդյունաբերության ընթացքում սնդիկի անվերահսկելի արտանետումները վտանգում են Ամազոնի ավազանի ամբողջ ջրային էկոհամակարգը[15]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Peixe-boi da Amazônia». ampa.org.br (պորտուգալերեն). Վերցված է 11 July 2025-ին.
- 1 2 3 «Manatees». Canisius Ambassadors for Conservation. Արխիվացված է օրիգինալից 2010-06-29-ին. Վերցված է 2008-11-03-ին.
- ↑ Husar, Sandra L. (1977). «Trichechus inunguis». Mammalian Species (72): 1–4. doi:10.2307/3503928. JSTOR 3503928.
- ↑ «Trials of a Primatologist». Smithsonian Magazine. Արխիվացված է օրիգինալից October 14, 2009-ին. Վերցված է March 16, 2008-ին.
- 1 2 3 Amaral, Rodrigo S.; Silva, Vera M. F. da; Rosas, Fernando C. W. (27 October 2010). «Body weight/length relationship and mass estimation using morphometric measurements in Amazonian manatees Trichechus inunguis (Mammalia: Sirenia)». Marine Biodiversity Records. 3 (e105): 4. Bibcode:2010MBdR....3E.105A. doi:10.1017/S1755267210000886.
- ↑ Rosas, Fernando Cesar Weber (1994). «Biology, conservation and status of the Amazonian Manatee Trichechus inunguis». Mammal Review. 24 (2): 49–59. Bibcode:1994MamRv..24...49R. doi:10.1111/j.1365-2907.1994.tb00134.x.
- 1 2 3 4 5 «Animal Info - Amazonian Manatee». Animal Info. animalinfo.org. Վերցված է 23 October 2014-ին.
- ↑ Domning, D.P.; Hayek, L.-A.C. (1984). «Horizontal tooth replacement in the Amazonian manatee (Trichechus inunguis)». Mammalia. 48 (1): 105. doi:10.1515/mamm.1984.48.1.105. S2CID 83985834.
- ↑ Domning, D.P.; Morgan, G.S.; Ray, C.E. (1982). «North American Eocene Sea Cows (Mammalia: Sirenia)» (PDF). Smithsonian Contributions to Paleobiology (52): 1–69. doi:10.5479/si.00810266.52.1.
- ↑ Gallivan, G. J.; Best, R. C.; Kanwisher, J. W. (1983). «Temperature Regulation in the Amazonian Manatee Trichechus inunguis». Physiological Zoology. 56 (2): 255–262. Bibcode:1983PhysZ..56..255G. doi:10.1086/physzool.56.2.30156057. JSTOR 30156057. S2CID 88367955.
- ↑ «Facts about Manatees». Manatee World. 2014. Վերցված է 8 December 2014-ին.
- ↑ «Manatee Trichechus». National Geographic. 11 November 2010. Արխիվացված է օրիգինալից January 14, 2010-ին. Վերցված է 8 December 2014-ին.
- ↑ Gallivan, G. J.; Best, R. C. (1980). «Metabolism and Respiration of the Amazonian Manatee (Trichechus inunguis)». Physiological Zoology. 53 (3): 245–253. doi:10.1086/physzool.53.3.30155787. JSTOR 30155787. S2CID 87433725.
- 1 2 3 4 5 Reeves, Randall R.; Leatherwood, Stephen; Jefferson, Thomas A.; Curry, Barbara E.; Henningsen, Thomas. «Amazonian Manatees, Tricheus inunguis, In Peru: Distribution, Exploitation, and Conservation Status» (PDF). Վերցված է 20 October 2014-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 «Amazonian manatee (Trichechus inunguis)». edgeofexistence.org. Zoological Society of London. Արխիվացված է օրիգինալից 10 August 2016-ին. Վերցված է 24 October 2014-ին.
- 1 2 3 Pazin-Guterres, Michelle (2014). «Feeding Ecology of the Amazonian Manatee (Trichechus inunguis) in the Mamirauá and Amanã Sustainable Development Reserves, Brazil». Aquatic Mammals. 40 (2): 139–149. Bibcode:2014AqMam..40..139G. doi:10.1578/AM.40.2.2014.139.
- 1 2 3 4 5 6 Gorog, Antonia (1999). «ADW: Trichechus inunguis: INFORMATION». Animal Diversity Web. University of Michigan. Վերցված է 9 April 2014-ին.
- ↑ Bullock, Theodore H.; Domning, Daryl P.; Best, Robin C. (1980). «Evoked Brain Potentials Demonstrate Hearing in a Manatee (Trichechus inunguis)». Journal of Mammalogy. 61 (1): 130–133. doi:10.2307/1379969. JSTOR 1379969.
- ↑ «Amazon manatee | WWF». wwf.panda.org. WWF - World Wide Fund For Nature. 2017. Վերցված է 29 March 2018-ին.
- 1 2 Timm, Robert M.; Albuja, Luis; Clauson, Barbara L. (1986). «Ecology, Distribution, Harvest, and Conservation of the Amazonian Manatee Trichechus inunguis in Ecuador». Biotropica. 18 (2): 150–156. Bibcode:1986Biotr..18..150T. doi:10.2307/2388757. hdl:1808/6920. JSTOR 2388757.
- ↑ Best, Robin C. (1982). «Seasonal Breeding in the Amazonian Manatee, Trichechus inunguis (Mammalia: Sirenia)». Biotropica. 14 (1): 76–78. Bibcode:1982Biotr..14...76B. doi:10.2307/2387764. JSTOR 2387764.
- 1 2 3 «Amazonian Manatee». theanimalfiles.com. Վերցված է 24 October 2014-ին.
- ↑ Morales, Patricia (1986). «The Life and Death of an Amazon Manatee». Proceedings of the International Association of Aquatic Animal Medicine. 1 (3): 43–48.
- 1 2 3 4 «Arkive closure». Արխիվացված է օրիգինալից 2015-01-20-ին. Վերցված է 2014-10-24-ին.
- 1 2 3 Marmontel, M.; de Souza, D.; Kendall, S. (2016). «Trichechus inunguis». The IUCN Red List of Threatened Species. doi:10.2305/IUCN.UK.2016-2.RLTS.T22102A43793736.en. Վերցված է 2021-11-11-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gallivan, G. J.; Kanwisher, J. W.; Best, R. C. (1986-05-01). «Heart rates and gas exchange in the Amazonian Manatee (Trichechus inunguis) in relation to diving». Journal of Comparative Physiology B. 156 (3): 415–423. doi:10.1007/BF01101104. PMID 3088073. S2CID 9935913.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամազոնյան լամանտինի լուսանկարներ և տեսանյութեր՝ ARKive կայքում
- Հոդված ամազոնյան լամանտինի մասին՝ sirenian.org կայքում
- Խոշոր, ներկայումս գոյություն ունեցող կաթնասունների մի քանի նոր տեսակներ (մաս III)՝ Tetrapod Zoology, դիտվել է 2008 թվականի մարտի 16-ին
| ||||||||||