Jump to content

Աճուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մարդու անատոմիայի ձեռնարկ»-ից անատոմիական պատկեր, հրատարակված 1841 թվականին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում (Փոփոխված է աճուկային շրջանը՝ դեղին, իսկ ցայլային շրջանը՝ կապտավուն գույնով ներկայացնելու համար)
Պատկերի ստորին հատվածում ցուցադրված են ձախ և աջ աճուկային շրջանները

Աճուկ,հայտնի որպես մարդու աճուկային շրջան կամ զստային շրջան[1], իրանի և ազդրի միջև ընկած միացման հատված[2]։ Աճուկը գտնվում է մարմնի առջևի հատվածում՝ ցայլային թմբիկի երկու կողմերում, այն տեղում, որտեղ որովայնի պատի ստորին հատվածը միանում է ազդրին[1]։ Այս միացման հատվածում առաջանում է ծալք կամ ակոս, որը կոչվում է աճուկային ակոս կամ ծալք։ Սա նաև ազդրի միջային հատվածի այն շրջանն է, որտեղ ամրանում են կոնքազդրային հոդի մոտեցնող մկանները, որոնց հաճախ անվանում են նաև աճուկի մկաններ[1][3]։ «Աճուկի ձգվածք» տերմինը սովորաբար վերաբերում է աճուկային շրջանում ոտքի մոտեցնող մկանների խմբի ձգմանը և տարածված սպորտային վնասվածք է[1][3]։

Մակրոսկոպիկ անատոմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է ծալք, որտեղ որովայնի առաջային պատի ստորին հատվածը միանում է ազդրին, և այն կոչվում է աճուկային ակոս կամ աճուկային ծալք[1][3]։ Այս միացման հատվածը ընդգրկում է ազդրի միջային հատվածի այն շրջանը, որտեղ ամրանում են կոնքազդրային հոդի մոտեցնող մկանները, որոնք նաև կոչվում են աճուկի մկաններ[1]։

Աճուկը կազմող մոտեցնող մկաններն են՝ կարճ մոտեցնող մկանը, երկար մոտեցնող մկանը, մեծ մոտեցնող մկանը, նրբակազմ մկանը և սանրաձև մկանը[1][4]։ Այս աճուկային մկանները մոտեցնում են ազդրը մարմնի միջին գծին (այսինքն՝ ազդրն ու ծնկը մոտեցնում են միջին գծին)։ Աճուկի նյարդավորումն իրականացվում է գոտկային հյուսակի ճյուղերով։ Սանրաձև մկանը նյարդավորվում է ազդրային նյարդով, իսկ մեծ մոտեցնող մկանի ազդրի հետին մկանախմբին համապատասխանող հատվածը՝ սրունքային նյարդով[1]։

Աճուկում, մաշկի տակ, գտնվում են 3–5 խոր աճուկային ավշային հանգույցներ, որոնք մասնակցում են իմունային համակարգի գործունեությանը։ Մակերեսային աճուկային ավշային հանգույցների շղթաները ավիշը դրենավորում են դեպի խոր աճուկային հանգույցները։ Աճուկային եռանկյան շրջանում կան երկու փոսիկներ՝ կողմնային աճուկային փոսիկը և միջային աճուկային փոսիկը[1]։

Աճուկային կապանը ձգվում է ցայլային թմբիկից մինչև առաջային վերին զստային փուշը։ Դրա անատոմիական կառուցվածքը կարևոր նշանակություն ունի ճողվածքների վիրահատությունների ժամանակ[1]։

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճուկի մկանի ձգվածք սովորաբար նշանակում է կոնքազդրային հոդի մոտեցնող մկանների ցավոտ ձգում[1][3]։ Այս տեսակի վնասվածքի ռիսկի գործոններից են գերծանրաբեռնվածությունը և նախկինում ունեցած վնասվածքը[5][6][7]։

Աճուկային ճողվածքը աճուկի շրջանում առաջացող ճողվածք է և, կախված դրա տեղակայությունից, կարող է լինել ուղիղ կամ թեք ճողվածք։ Երբեմն նույն կողմում կարող են միաժամանակ առկա լինել ուղիղ և թեք ճողվածքներ․ այդ դեպքում այն կոչվում է «կողապարկային» ճողվածք։

Ինչպես խոշոր հոդերի ծալման մյուս հատվածներում՝ ծնկափոսում, թևատակում և արմնկային փոսում, աճուկի շրջանում արյունատար անոթներն ու նյարդերը համեմատաբար մակերեսորեն են անցնում, և այստեղ առկա են նաև ավշային հանգույցների մեծ քանակ։ Վենոգրաֆիայի ժամանակ աճուկը նախընտրելի տեղ է կտրվածք կատարելու և կաթետերը անոթային համակարգ ներմուծելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Hoagland TM (21 April 2025). «Inguinal Region Anatomy: Overview, Gross Anatomy, Pathophysiological Variants». Medscape. Վերցված է 22 May 2026-ին.
  2. ↑ Moore, Keith L.; Dalley, Arthur F.; Agur, Anne M. R. (2018). Clinically oriented anatomy (Eighth ed.). Philadelphia Baltimore New York London Buenos Aires Hong Kong Sydney Tokyo: Wolters Kluwer. էջ 718. ISBN 978-1-4963-4721-3.
  3. 1 2 3 4 Opara K, Pinkerman S, Kaiser K (13 December 2025). «Adductor strain». StatPearls, US National Library of Medicine. Վերցված է 22 May 2026-ին.
  4. ↑ Kenneth S. Saladin (2010). Anatomy & Physiology: The Unity of Form and Function (5th ed.). McGraw Hill. OCLC 743254985.
  5. ↑ Bourne, Matthew N.; Williams, Morgan; Jackson, Jeremy; Williams, Kate L.; Timmins, Ryan G.; Pizzari, Tania (2020-04-30). «Preseason Hip/Groin Strength and HAGOS Scores Are Associated With Subsequent Injury in Professional Male Soccer Players». Journal of Orthopaedic & Sports Physical Therapy (անգլերեն). 50 (5): 234–242. doi:10.2519/jospt.2020.9022. ISSN 0190-6011. PMID 31530069.
  6. ↑ Quintana-Cepedal, Marcos; Calle, Omar de la; Crespo, Irene; Medina-Sánchez, María; Valle, Miguel del; Olmedillas, Hugo (2024-01-01). «The effect of match congestion on hip adductor squeeze strength in youth rink hockey players». Apunts Sports Medicine. 59 (221) 100429. doi:10.1016/j.apunsm.2023.100429. ISSN 2666-5069.
  7. ↑ Whittaker, Jackie L.; Small, Claire; Maffey, Lorrie; Emery, Carolyn A. (2015-06-01). «Risk factors for groin injury in sport: an updated systematic review». British Journal of Sports Medicine (անգլերեն). 49 (12): 803–809. doi:10.1136/bjsports-2014-094287. ISSN 0306-3674. PMID 25833903.