Աղվանից դուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Աղվանից դուռ, Դարբանդի դուռ, Ճորա պահակ, Չողա դուռ, ամրություն հին և միջին դարերում։ Կառուցվել է Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև ընկած միակ ճանապարհի վրա։

Հարավային Կովկասը պատնեշել է հյուսիսային քոչվոր ցեղերի ներխուժումներից պաշտպանելու համար։

Ամրության պարիսպների և երկաթակուռ դարպասների կառուցումը հին պատմիչները (Հովսեփոս Փլավիոս, Տակիտոս, Դիոն Կասիսոս, Պտղոմեոս և ուրիշներ) վերագրում են Ալեքսանդր Մակեդոնացուն (մ. թ. ա. IV դարում)։

Արշակունիների օրոք (I-V դարերում) աղվանից դուռ հսկել են Մեծ Հայքի Հյուսիսային նախարարությունները՝ Գուգարքի բդեշխի գլխավորությամբ։ Կովկասյան ցեղերի ավերիչ արշավանքներից տուժող Պարսկաստանը և Հռոմը նյութապես օժանդակել են Մեծ Հայքին՝ աղվանից դուռը հսկելու համար։

Արշակունիների թագավորության անկումից հետո աղվանից դռան հսկողությունը Սասանյան Պարսկաստանը հանձնարարել էր Սյունիքի նախարարության ուժերին («Սիսական գնդին»)։ Պարսից Խոսրով Ա Անուշիրվանի օրոք (VI դարի կես) վերակառուցվում են աղվանից դռան հինավուրց ամրությունները, որի մասին վկայում են հայ և արաբ մատենագիրները։

Սասանյան Պարսկաստանի անկումից (VII դարի կես) հետո աղվանից դռան պահպանումը արաբները դրեցին Արմինիայի կառավարչի վրա։ Սելջուկյան և թաթար-մոնղոլական արշավանքներով խափանվեց աղվանից դռան հսկողությունը։

Սասանյան ժամանակաշրջանի կրկնակի պարիսպ, որը համընկնում է Դերբենդում գտնվող Կասպիական դարպասին (Ճորա պահակ)։ «Դերբենդ» տեղանունը նշանակում է «նեղ դարպասներ», իսկ պարիսպը փակում է այդ դարպասները ծովափից մինչև Նարին-Կալա բերդ։ XV դար շարունակ պարիսպը պաշտպանական նպատակներով օգտագործվել է պարսիկների, արաբների և մոնղոլների (Իլխաններ, Թիմուրիդներ) կողմից։ Որպես հին պարսկական ճարտարապետության ամենալավ պահպանված հուշարձան, պարիսպը 2003 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում։

Մեր թվարկության առաջին երեք դարերում Դերբենդը զգալի ծաղկում է ապրել, բայց IV դարում քոչվորական արշավանքների վերսկսումով (Ալանների, և այնուհետև հոների) վերականգնել է իր նախկին դերը՝ որպես սահմանապահ հենակետ և «խորհրդանշական սահման» քոչվորական և նստակյաց կյանքի միջև։ IV դարի վերջում Ալանիան հայտնվել է Սասանյան տիրապետության տակ, V դարում այն հանդիսացել է Սասանյանների սահմանային ամրոց և մարզային վերակացուի (մարզպան) նստավայր։

Պարսպի երկարությունը 3600 մետր է։ Հարավային և հյուսիսային պարիսպները միմյանց զուգահեռ են և գտնվում են միմյանցից 300-400 մ հեռավորության վրա։ Պարսպի լեռնային հատվածը (Դաղ-բար) տարածվում է 40 կմ դեպի Կովկասյան լեռնաշղթան. այս երբեմնի վեհաշուք կառույցը պահպանվել է մասնակիորեն։ Պարսպի մի մասը մտնում է ծով (500 մետր)՝ փակելով նավահանգստի մուտքը։ Քաղաքի ամենահին հատվածը ընկած է այս երկու պարիսպների միջև։ Հարավային պարիսպը, որն ավելի նոր էր, մեծ մասամբ քանդվել է 19-րդ դարում, մինչդեռ հյուսիսային պարիսպը հիմնականում պահպանել է իր սկզբնական տեսքը։

Պարսպի ստորին հատվածները պատրաստված են չթրծված աղյուսից, բայց դրա հիմնական մասը, որը 6-րդ դարի կառույց է, կառուցված է տաշած քարե մեծ բլոկներից (100x65x25սմ)։ Քարե բլոկների երկու շարքերի միջև ընկած տարածքը պատված է կոտրտված քարերով. որմնադիրները օգտագործել են կրաքարի խառնուրդ։ Հետագա շինարարության ժամանակահատվածները հեշտությամբ կարելի է տարբերել բլոկի տարբեր չափերով (միջինում 30x40 սմ)։ Շարելիս որմնադիրները բլոկները դնում էին ուղիղ և հակառակ «երեսով», որն ավելի դիմացկուն էր դարձնում շարվածքը։ Պատերի միջին բարձրությունը 12 մետր է, հաստությունը` 230-380 սմ։

Միմյանցից մոտավորապես հավասար հեռավորությունների վրա, պատի երկայնքով տեղադրվել են 73 պաշտպանական աշտարակներ։ Հյուսիսային պարսպի վրա պահպանվել է 46 աշտարակ, որոնք գտնվում են միմյանցից մոտ 70 մ հեռավորության վրա։ Սասանյանների ժամանակաշրջանում կառուցված դարպասները առանձնանում են իրենց ճարտարապետական ուրույն լուծումներով։ 14 սկզբնական դարպասներից փրկվել են ինը՝ 2-ը բերդում, 4-ը հարավային պարսպում և 3-ը՝ հյուսիսայինում։ Այսպես կոչված Քարե դարպասները վերակառուցվել են միջնադարում, Կաչաղակի դարպասները՝ XVII դարում, իսկ Միջին և Գլաշաթայի դարպասները՝ Դաղստանի՝ Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո։

Դերբենդի պարիսպը համարվում է Դերբենդ քաղաքի և Դաղստանի Հանրապետության տեսարժան վայրերից մեկը։ Ծայրահեղական իսլամիստները 2015 թվականին կրակել են զբոսաշրջիկների վրա. սպանվել է 1 մարդ, վիրավորվել՝ 12-ը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 262