Աղմկոտ լռություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղմկոտ լռություն

«Աղմկոտ լռություն» (անգլ.՝ «Out of My Mind»), «Նյու Յորք Թայմսի» բեսթսելլերի հեղինակ Շերոն Մ. Դրեյփերի վեպը[1]։ Հինգերորդ հրատարակության շապիկի նկարազարդման հեղինակն է Դանիել Չանգը, իսկ շապիկի լուսանկարի հեղինակը՝ Cyril Bruneau/Jupiter Images: Գրքի վերջում կցված է ընթերցանության խմբի համար նախատեսված ձեռնարկը։ Գիրքը խորհուրդ է տրվում 10-14 տարեկան երեխաների համար։ Պատմությունը, որը գրվել է առաջին դեմքով, պատմում է Մելոդի Բրուքսի՝ ուղեղային կաթված ունեցող աղջկա մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելոդի Բրուքսը տասնմեկ տարեկանին մոտ աղջիկ է։ Նրա ծնողներն արել են այն ամենը, ինչ կարող էին, որպեսզի օգնեն նրան նորմալ կյանք վարել, բայց կյանքը հաճախ հիասթափեցնում է Մելոդիին, քանի որ ուղեղային կաթվածի պատճառով նա չի կարող խոսել, շարժվել կամ ասել իր ցանկությունները։ Արդյունքում Մելոդին ստիպված է պայքարել իր ցանկությունները կատարելու համար։ Հինգ տարեկան հասակում բժիշկը նույնիսկ Մելոդիի մոտ ախտորոշում է «ծանր մտավոր հետամնացություն» և առաջարկում է Մելոդիին տեղավորել հատուկ գիշերօթիկ դպրոցում. «Դուք և ձեր ամուսինը կարող եք ձեր կյանքը շարունակել առանց նման բեռի»։ Չնայած դրան, Մելոդիի մայրը նրան գրանցում է Սփոլդինգի տարրական դպրոցում՝ իրեն անհրաժեշտ կրթություն ստանալու համար։ Այնուամենայնիվ, այն Հ-5 դասարանը, որտեղ սովորում է Մելոդին, նման է մանկապարտեզի, որտեղ ամեն օր սովորում են նույն բանը, այսինքն՝ այբուբենը։ Մելոդին վրդովված է դրանից, քանի որ շատ ավելի մեծ գիտելիքներ ունի, բայց չի կարող խոսել կամ գրել։ Նրա հարևանը՝ տիկին Վին, բարի, բայց կոպիտ կին է։ Նա դրդում է Մելոդիին անել այն ամենը, ինչ կարող է։ Երբ Մելոդին երեք տարեկան էր, տիկին Վին չէր ընդունում այն հանգամանքը, որ Մելոդին ամեն ինչում ապավինում էր իր ծնողներին։ Այդ պատճառով տիկին Վին նրան ստիպոմ է սովորել սողալ և գլորվել գետնին։ Նա նույնիսկ Մելոդիին սովորեցնում է, թե ինչպես պահի իրեն անվասայլակից ընկնելիս։ Դա Մելոդիին օգնում է դառնալ ինքնաբավ, բայց նա դեռ կախված է իր ծնողներից, ովքեր օգնում են նրան ուտել և զուգարան գնալ։

Երբ Մելոդին դառնում է ութ տարեկան, նրա մայրը հղիանում է։ Այս ժամանակ Մելոդին լսում է նրանց խոսակցությունը նորածին երեխայի և իրենց վախերի մասին, որ նա կծնվի նույն թերություններով։ Այնուամենայնիվ, Մելոդին երջանիկ է, երբ փոքրիկ Փեննին ծնվում է կատարյալ առողջ։ Մելոդին խանդ է զգում, երբ Փեննին մեծանում, և ինքը հասկանում է, որ երբեք չի կարողանա անել այն, ինչ կարող է անել Փեննին։ Այնուամենայնիվ, Մելոդին սիրում է իր կրտսեր քրոջը և այն ուրախությունները, որոնք Փեննին բերում է ընտանիքին և իրեն՝ Մելոդիին։

Երբ Մելոդին փոխադրվում է հինգերորդ դասարան, դժվարանում է իր ցանկությունները շրջապատի մարդկանց ասելու հարցում։ Ի վերջո, նա ստանում է հաղորդակցման սարք, որը թույլ է տալիս նրան խոսել այլ մարդկանց հետ։ Դպրոցում նրա նոր ուսուցիչը սկսում է ներառման ծրագիր, որը հատուկ կարիքներ ունեցող սովորողներին թույլ է տալիս մասնակցել սովորական դասերին։ Մելոդիին դասերի ընթացքում օգնում է Քեթրինի, որը նվիրված օգնական է։ Մելոդին ընկերություն է անում Ռոուզ Սպենսերի հետ, բայց նրան ծաղրում են Մոլլի և Քլեր անունով երկու աղջիկներ, ովքեր կարծում են, որ նրա հաշմանդամությունը նրան ավելի հիմար է դարձնում, քան իրենց։ Մելոդին միանում է վիկտորինաների The Whiz Kids թիմին, և փորձնական թեստում ստանում է գերազանց գնահատական։ Այնուհետև նա մասնակցում է ընտրական քննությանը՝ վիկտորինայի մրցույթին մասնակցելու համար, և կրկին զարմացնում է բոլորին՝ ճիշտ պատասխանելով բոլոր հարցերին և ընդգրկվելով թիմում։

Այն օրը, երբ խումբը պետք է թռչի Վաշինգտոն, Մելոդին իմանում է, որ իր ցերեկային թռիչքը չեղարկվել է ձյան տեղումների պատճառով, իսկ թիմի մնացած անդամները մեկնել են առավոտյան 9:00-ին առանց իրեն։ Հաջորդ օրը Մելոդին պնդում է, որ դպրոց գնա, չնայած մայրը հոգնած է և վրդովված։ Այնուամենայնիվ, երբ Մելոդին հարվածում է և փորձում զգուշացնել մորը, որ Փեննին դուրս է եկել տնից և գտնվում է մեքենայի ճանապարհին, մայրը չի հասկանում նրա նման վարքի պատճառը, ինչի արդյունքում Փեննին վրաերթի է ենթարկվում։ Մելոդին իրեն մեղավոր է զգում մորը զգուշացնել չկարողանալու համար, բայց իմանում է, որ Փենին կապաքինվի։ Երկուշաբթի օրը Մելոդիի դասարանը ներողություն է խնդրում նրան անտեսելու համար՝ նրան շնորհելով իններորդ տեղի գավաթը, որը նրանք շահել են՝ հույս ունենալով հաշտվել նրա հետ։ Այնուամենայնիվ, Մելոդին ծիծաղում է նրանց վրա, կոտրում գավաթը և դուրս գալիս սենյակից։ Հաջորդ օրը նա և Քեթրինն սկսում են աշխատել նրա ինքնակենսագրության վրա, որը սկսվում է գրքի առաջին մի քանի տողերով։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մայիսին հայտարարվել է, որ Disney+-ի համար մշակվում է վեպի էկրանավորման սցենար սցենարիստ Դենիել Սիպլմանի հեղինակությամբ, ֆիլմի ռեժիսորը լինելու է Էմբեր Սիլին, իսկ գլխավոր դերակատարը՝ Ֆիբի-Ռեյ Թեյլորը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sharon Draper: Biography». Sharon Draper. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. Del Rosario, Alexandra (2022 թ․ մայիսի 4). «'Out Of My Mind' Film Adaptation In The Works At Disney+ With Newcomer To Star, Amber Sealey To Direct». Deadline Hollywood.