Աղեղ (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղեղ (իտալ.՝ arco՝ աղեղ), լարային երաժշտական գործիքների մաս, փայտե ձողիկի ծայրերին (գլխիկին և կոճղիկին) ամրացված արհեստական կամ ձիու մազերի փունջ, որը հպվելով (քսվելով) լարերին՝ հնչեցնում է դրանք։

Պրոֆեսիոնալ աղեղնային երաժշտական գործիքների աղեղները բաղկացած են աղեղնափայտից (ճկուն փայտ), որի վերևի ծայրն ավարտվում է Տ-աձև գլխիկով, ստորինը՝ կոճղիկով, և մետաղե պտուտակից, որը կոճղիկն ամրացնում է աղեղնափայտին։ Պտուտակը շարժվելով՝ կոճղիկը որոշակիորեն մոտեցնում է աղեղնափայտի ծայրին՝ անհրաժեշտ չափով ձգելով մազափունջը։ Նվագելուց առաջ մազափնջին բևեկնախեժ են քսում՝ ավելի մաքուր և հնչեղ ձայն ստանալու համար։

Առավել հագեցած և արտահայտիչ հնչողության համար աղեղը հիմնականում հպում են հենարանի (իշուկ) և նվագակոթի միջակա տարածության կեսին, հնչեղ և սուր հնչյունի համար [նոտաներում նշվում է սուլ պոնտիչելլո (իտալ.՝ sul ponticello՝ sul ponticello, կրճատ՝ sul p՝ հենարանի մոտ)]՝ լարակալին մոտ, մեղմ և նուրբ հնչյունի համար՝ նվագակոթին [նոտաներում նշվում է սուլ տաստո (իտալ.՝ sul tasto, կրճատ՝ sul t՝ նվագակոթի մոտ)։ Չոր, հատու հնչյուններ ստանալու համար աղեղնափայտով հարվածում են լարերին (նոտաներում նշվում է կոլ լենյո, իտալ.՝ col legno՝ փայտով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։