Աղավնին կանաչ ոլոռով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնին կանաչ ոլոռով
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1911
բարձրություն65 սանտիմետր
լայնություն54 սանտիմետր
ուղղությունanalytical cubism?
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊալե դը Տոկիո
հավաքածուԺամանակակից արվեստի թանգարան
Ծանոթագրություններ

«Աղավնին կանաչ ոլոռով» (ֆր.՝ Le Pigeon aux petits pois), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը, որը կուբիզմի դասական օրինակ է։ Վրձնվել է 1911 թվականին յուղաներկով կտավի վրա։ Մինչև 2010 թվականի մայիսի 20-ը գտնվել է Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Չափսերն են՝ 65 × 54 սմ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն բավականին խառնաշփոթ է, և կտավի վրա դժվար է ճանաչել ինչ-որ առարկա։ Բազմատեսակ ուղղանկյունների, գծերի և աղեղների մեջ կտավի վերին աջ անկյունում լավ երևում է միայն «Café» բառը։ Նկարի երկրաչափական կենտրոնին մոտ սեղանին դրված է ուտեստ՝ պատրաստված աղավնուց։ Կարելի է նկատել թռչնի վերև տնկված ճանկը և ափսեում գտնվող կանաչ ոլոռները։ Նկարում գերակշռում է շագանակագույնը, որը տեղ-տեղ ուժեղանում է և գրեթե աննկատ է դառնում կտավի եզրերում։

Գողություն թանգարանից[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 20-ին Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանից գողացվել են հինգ գլուխգործոցներ՝ Անրի Մատիսի, Ամեդեո Մոդիլիանիի, Ֆերնան Լեժեի, Ժորժ Բրաքի և Պաբլո Պիկասոյի, որոնց թվում էր «Աղավնին կանաչ ոլոռով» նկարը։ Երեք պահակները, որոնք նույն գիշերը գտնվում էին ծառայության մեջ, ոչինչ չէին տեսել, դրա համար էլ չէին արձագանքել, մինչև առավոտյան 6:50 չէին նկատել կոտրված պատուհանը և կոտրված կողպեքը։ Թանգարանի ազդանշանային համակարգի տեխնիկական խափանումը հայտնաբերվել էր դեռևս մարտի 30-ին, սակայն այն պատշաճ կերպով չէր վերանորոգվել[2]։ Տեսադիտարկման համակարգն աշխատել էր, և գիշերային կադրերում երևում էր, թե ինչպես է դիմակով տղամարդը կոտրում պատուհանը, քայլում թանգարանի միջանցքներով և պատից հանում նկարները։ Շուտով հանցագործին ձերբակալել են։ Նա հաստատել է, որ գողացել է նկարները, սակայն խուճապի մեջ դրանք նետել է աղբարկղը։ Ոստիկանները խուզարկել են նշված աղբարկղը, սակայն այնտեղ նկարներ չեն գտել։ Հանցագործության համար գողը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Թեև նա միայնակ էր գործել, քննիչները ենթադրում էին, որ գողությունը պատվիրված էր։ Նրանք չեն հավատացել աղբամանի հետ կապված տարբերակին։ Չնայած նրան, որ ֆրանսիական արվեստի աշխարհը քաղաքավարի կերպով խնդրել է հանցագործներին վերադարձնել գլուխգործոցները թանգարան, նկարները դեռևս չեն հայտնաբերվել[3]։ Գողացված նկարների ընդհանուր արժեքը կազմում էր 123 միլիոն դոլար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Le pigeon aux petits pois». WIKIDATA. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  2. «The French job – Paris art theft carried out by lone robber». The Guardian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Did this Picasso painting end up in a Paris trashcan?». History collection. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  4. «Five masterpieces stolen from Paris modern art museum». BBC. NEWS. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.