Jump to content

Ակրոտատուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակրոտատուս
հին հունարեն՝ Ακρότατος
Ծնվել էմ.թ.ա. 4-րդ դար
Մահացել էմ.թ.ա. 4-րդ դար
ՔաղաքացիությունՍպարտա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ամուսինհավանաբար՝ Gyrtias?
Ծնողներհայր՝ Cleomenes II?
ԵրեխաներAreus I?

Ակրոտատուս (հին հունարեն՝ Ακρότατος , մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ.ա. 4-րդ դար), հին հույն քաղաքական գործիչ, սպարտացի արքա Կլեոմեն II-ի ավագ որդին Ագիադների (Էվրիսթենիդների) տոհմից։ Որոշ ժամանակ գլխավորել է սիցիլիական քաղաքների միությունը, որը ստեղծվել էր Սիրակուզի բռնակալ Ագաթոկլեսի դեմ պատերազմելու համար։ Սպարտայի արքա չի դարձել, քանի որ մահացել է հոր կենդանության օրոք։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակրոտատուսը պատկանում էր Սպարտայի երկու արքայական դինաստիաներից մեկին, որոնք իրենց տոհմի ծագումը կապում էին Հերակլեսի հետ։ Նրա հայրը Ագիադ Կլեոմեն II-ն էր, որը թագավորել է մ.թ.ա. 370-309 թվականներին[1], կրտսեր եղբայրը՝ Կլեոնիմը[2]։

Ակրոտատուսի մասին առաջին հիշատակումը վերաբերում է մ.թ.ա. 331 թվականին։ Մակեդոնիայի դեմ պատերազմի ժամանակ սպարտացիները ծանր պարտություն են կրել Մեգալոպոլիսի ճակատամարտում, և հին օրենքների համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր փախուստի դիմելով փրկվել էին մարտի դաշտից, պետք է զրկվեին քաղաքացիական իրավունքներից։ Աղետի մասշտաբների պատճառով որոշվել է բացառություն անել այս դեպքի համար, Ակրոտատուսը միակն էր, ով դեմ է արտահայտվել։ Ըստ Դիոդորոս Սիկիլիացու` արքայազնը «նեղացրել է շատ երիտասարդների և այդ պատճառով ձգտում էր գործունեության տնից հեռու»։ Ակրոտատուսի թշնամիները մի անգամ նույնիսկ ծեծել էին նրան և «մշտապես չարամտում էին նրա դեմ»[3]։ Ուստի, մ.թ.ա. 314 թվականին, երբ սիրակուզյան աքսորականները Ակրագասի, Գելայի և Մեսանայի դեսպանների հետ միասին նրան առաջարկել են գլխավորել պատերազմը բռնակալ Ագաթոկլեսի դեմ, Ակրոտատուսն ուրախությամբ համաձայնել է[4]։

Էֆորներից նման իրավիճակներում անհրաժեշտ հավանությունը չստանալով՝ արքայազնը մի քանի նավերով մեկնել է Սիցիլիա։ Ճանապարհին փոթորիկը նրան տարել է Ապոլոնիա, որն այդ ժամանակ պաշարված էր իլիրիացիների կողմից։ Ակրոտատուսը համոզել է վերջիններիս թագավոր Գլավկիասին հաշտություն կնքել ապոլոնիացիների հետ։ Հետո անցել է Տարենտ և շնորհիվ «իր ընտանիքի բարեկամական կապերի և արժանապատվության»[5]՝ համոզել է այդ քաղաքի բնակիչներին Ագաթոկլեսի դեմ դուրս բերել քսան նավ[5][4]։

Ակրագասում Ակրոտատուսը ստանձնել է ստրատեգոսի պաշտոնը։ Բայց նա չի շտապել պատերազմ սկսել Ագաթոկլեսի հետ՝ փոխարենը ձգտելով բռնակալության[6] և վարելով անառակ կյանք, այդ թվում՝ սիցիլիական համայնքների գումարներով։ Սիրակուզայի ամենաազդեցիկ վտարանդին՝ Սոսիստրատը, Ակրոտատուսի հրամանով դավադրաբար սպանվել է խնջույքի ժամանակ։ Ակրոտատուսի կողմից նման արարքի պատճառները մինչև վերջ պարզ չեն։ Դիոդորոս Սիկիլիացին ենթադրում է, որ Սոսիստրատը իր փորձով և արտաքսվածների շրջանում ունեցած հարգանքով կարող էր խոչընդոտել Ակրոտատուսի չարաշահումներին։ Ի վերջո, սիկիլիացիները, վրդովված նորահայտ բռնակալի պահվածքից, զրկել են նրան լիազորություններից և նույնիսկ ցանկացել են քարկոծել նրան։ Ակրոտատուսը ստիպված է եղել գիշերով փախչել և ամոթով վերադառնալ Լակոնիկա։ Այս իրադարձություններից հետո Տարենտը հետ է կանչել իր էսկադրան Սիցիլիայից, իսկ Գելան, Ակրագանտը և Մեսանան հաշտություն են կնքել Ագաֆոկլեսի հետ[7][4]։

Ակրոտատուսը շուտով մահացել է՝ դեռ հոր կենդանության օրոք, այսինքն՝ մ.թ.ա. 309 թվականից առաջ։ Նրանից հետո մնացել է որդին՝ Արեյը[8], որը մ.թ.ա. 309 թվականին դարձել է Սպարտայի թագավոր՝ որպես պապի ժառանգ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Диодор Сицилийский. «Историческая библиотека». Сайт «Симпосий». Վերցված է 2018-03-03-ին.
  2. Плутарх Сравнительные жизнеописания. — М.: Наука, 1994. ISBN 5-02-011570-3, 5-02-011568-1

Հետազոտություններ

  1. Берве, Гельмут|Берве Г. Тираны Греции. — Ростов-на-Дону: Феникс, 1997. — 640 с. ISBN 5-222-00368-X
  2. Печатнова Л. История Спарты, период архаики и классики. — СПб.: Гуманитарная академия, 2001. — 510 с. ISBN 5-93762-008-9
  3. Jessen. Basileus // Паули-Виссова|Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1897. — Bd. III, 1. — Kol. 57—82.
  4. Niese B. Akrotatos 1 // Паули-Виссова|Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1893. — Bd. I, 1. — Kol. 1207.