Ակսելերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակցելերացիա, (լատին․՝ acceleratio՝ արագացում), երեխաների և դեռահասների աճման և սեռական հատկանիշների առաջացման արագացում նախորդ սերունդների համեմատ։ Դիտվում է հատկապես տնտեսապես զարգացած երկրներում։

Առաջացող փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների ակսեկլերացիան ավելի ցայտուն է դրսևորվել 20-րդ դարի 2-րդ կեսին։ Այսպես՝ 1965-1973 թվականներին մարմնի քաշը սկսել է կրկնապատկվել 4-5 ամսականում (1940-1941 թվականին՝ 5-6 ամսականում)։ Կաթնատամները շատ վաղ են սկսել փոխարինվել մնայուն ատամներով (1984 թվականին՝ 5-6 տարեկանում, 1953 թվականին՝ 6-7 տարեկանում)։ Փոփոխվել են սեռական հասունացման ժամկետները։ 20-րդ դարում աղջիկների դաշտանն ավելի վաղ է սկսվում (յուրաքանչյուր 10 տարում մոտավորապես 4 ամսով), և 1974 թվականին այն կազմել է 12 տարի 7 ամիս։ Արագ են զարգանում նաև երկրորդային սեռական հատկանիշները։ Բացի դրանից երեխաների և դեռահասների մոտ դիտվում է ավելի վաղ ձևաբանական կայունացում։ Տղաների ոսկրացման ամբողջ գործընթացն ավարտվում է 2 տարի, իսկ աղջիկներինը՝ 3 տարի շուտ, քան 20-րդ դարի 30-ական թվականներին։ Շատ կարճ ժամկետներում է տեղի ունենում հասակի աճի ավարտը, աղջիկների երկար խողովակավոր ոսկրերի ոսկրացումն ավարտվում է 16-17, պատանիներինը՝ 18-19 տարեկանում։ Արագացված զարգացման արդյունք են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման բավականին բարձր ցուցանիշները։

Նկատվում է երիտասարդների կենսաբանական և սոցիալական հասունության որոշակի խզում, նրանք սոցիալապես ավելի վաղ են զարգանում։ Ակսեկլերացիա մի շարք հարցեր է դրել գործնական և տեսական բժշկության առջև։ Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել սահմանել աշխատանքային և ֆիզիկական բեռնվածության, սնուցման, մանկական հագուստի, կոշիկի, կահույքի և գործածության իրերի չափանիշներ։

Ակցելերացիայի պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկածներից մեկի համաձայն՝ ակսեկլերացիայի հիմնական պատճառը երեխաների լավ սնվելն է (կենդանական սպիտակուցներով և ճարպերով, վիտամիններով, կրծքով կերակրվող երեխաները՝ խտանյութերով)։ Համաձայն այլ վարկածի՝ ակցելերացիան արևի շատ ինտենսիվ ճառագաթման արդյունք է, որին ենթարկվում են ժամանակակից երեխաները։ Քաղաքակենտրոնացման (ուրբանացման) վարկածի կողմնակիցները ենթադրում են, որ ժամանակակից արագընթաց քաղաքային կյանքը գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը և ակտիվացնում նրա խթանող ֆունկցիան։ Որոշ գիտնականներ ակսեկլերացիաի երևույթը բացատրում են գենետիկական տեսանկյունից։ Ակսեկլերացիաի ծագման համար նշանակություն ունի և կենսաբանական, և սոցիալական գործոնների փոխազդեցությունը։ 1980-ական թվականներին արձանագրվել է ակսեկլերացիաի կայունացում։

Դեցելերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականների կարծիքով 20-րդ դարի վերջին տնտեսապես զարգացած երկրներում տեղի է ունենալու ակսեկլերացիաի հետագա դանդաղում՝ ի հայտ է եկել նույնիսկ համապատասխան տերմին՝ «դեցելերացիա» (ակսեկլերացիաի հետադարձ երևույթ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։