Ակնապակի, կամ օկուլյար (լատիներեն՝oculus – աչք), օպտիկական համակարգի (դիտակի, հեռադիտակի, մանրադիտակի և այլն) մաս, որի օգնությամբ դիտվում է օբյեկտիվով կամ համակարգի՝ ակնապակուն նախորդող այլ մասերով ձևավորված իրական օպտիկական պատկերը։ Գործողության բնույթով նման է խոշորացույցին, սակայն ակնապակու մեջ ընկնող ճառագայթների փնջի բացվածքը զգալիորեն փոքր է։ Ակնապակու օպտիկական հատկությունների բնութագրերն են՝ կիզակետային հեռավորությունը (f), որը որոշում է անկյունային օպտիկական խոշորացումը (Г=250/f, 250 մմ-ը լավագույն տեսույթի հեռավորությունն է), տեսադաշտի (պատկերման դաշտի) անկյունը, վերջին ոսպնյակից մինչև ելքի բիբը եղած հեռավորությունը (d)։ Առաջին պարզագույն ակնապակին, որը կիրառել է Գալիլեո Գալիլեյը, բացասական (ցրող) ոսպնյակ է, ունի տեսադաշտի փոքր անկյուն, փոքր խոշորացում և օգտագործվում է գլխավորապես թատերական հեռադիտակներում։ Հյուգենսի և Ռամսդենի ակնապակիները բաղկացած են երկու հարթ-ուռուցիկ դրական (հավաքող) ոսպնյակներից։ Չնայած պարզ կառուցվածքին, այդ ակնապակիներում վերացված են օպտիկական համակարգերի հիմնական թերությունները։ Հյուգենսի ակնապակին սովորաբար կիրառվում է մանրադիտակներում, իսկ Ռամսդենի ակնապակին՝ հեռադիտակներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 535)։