Ականջահոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականջահոսք
Otitis media entdifferenziert2.jpg
ՀՄԴ-9 017.40, 055.2, 381.0, 381.1, 381.2, 381.3, 381.4, 382
ՀՄԴ-10 H65-H67
MedlinePlus 000638
eMedicine 351
MeSHID D010033
Disease Ontology 29620

Ականջահոսք, ականջէն դուրս հոսող հեղուկը կը կոչուի ականջահոսք: Ականջահոսքը հիւանդութիւն մը չէ, այլ՝ ախտանշան մը, որ կը յայտնուի ականջի զանազան հիւանդութիւններով[1][2]:

Մարդու ականջը.

Ականջի Ընդհանուր Կազմախօսութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջը կազմուած է երեք բաժիններէ՝ արտաքին ականջ, միջին ականջ եւ ներքին ականջ:

Արտաքին ականջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին ականջը կազմուած է ականջակոնքէ-ականջախեցէ (pinna) եւ արտաքին անցուղի-ցնցուղէ (external canal), որ կը վերջանայ բարակ եւ մասամբ թափանցիկ թմբկաթաղանթով (ear drum).[3]:

Միջին ականջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ականջը կազմուած է օդով լեցուն ականջախոռոչէ (middle ear cavity) եւ լսափողէ-Եւստաքեան խողովակէ (Eustachian tube), որ առաձգական խողովակ մըն է եւ կը բացուի քթաըմբանին (nasopharynx) մէջ: Անիկա կ՛օդաւորէ միջին ականջը եւ կը նպաստէ միջին ականջի հեղուկի արտաքսումին դէպի քթաըմբան: Ականջախոռոչի արտաքին պատն է թմբկաթաղանթը, իսկ անոր ներքին պատին վրայ կան երկու պզտիկ բացիկներ-պատուհաններ, որոնք կը կազմեն ներքին ականջին սկզբնաւորութիւնը: Այս պատուհանները կը կոչուին ձուաձեւ պատուհան (oval window) եւ կլոր պատուհան (round window): Ականջախոռոչին մէջ կը գտնուին երեք ոսկրիկներ, որոնք կը կոչուին մուրճ (maleus), սալ (incus) եւ ասպանդակ (stapes): Երեք ոսկրիկները իրարու միացած են շարժական յօդերով: Մուրճը առաջին ոսկրիկն է եւ նստած է թմբկաթաղանթին վրայ, իսկ ասպանդակը երրորդ ոսկրիկն է եւ նստած է ձուաձեւ պատուհանին վրայ[3][4]:

Ներքին ականջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ականջը բարդ կառուցուածք մըն է եւ անոր համար կը կոչուի բաւիղ (labyrinth): Ներքին ականջը կազմուած է անդաստակէ (vestibule), խխունջէ (cochlea) եւ երեք կիսաբոլոր խողովակներէ (semicircular canals): Խխունջը ինքն իր վրայ պարուրուած է 2.5 անգամ: Անոր մէջ կը գտնուի լսողութեան Քորթեան օրկանը (organ of Corti), որ ծածկուած է տարբեր երկարութեամբ եւ հաստութեամբ շուրջ 30,000 լարերով, որոնց վրայ կը գտնուին ձայնազգաց թելանման մազային եւ յենարան բջիջները: Այս բջիջներուն միացումով կը կազմուին լսողութեան ջղային թելիկները, որոնց միացումով կը կազմուի լսողութեան ջիղը: Բարձր ձայները կ՛ընկալուին խխունջի յատակի լայն բաժինին կողմէ, իսկ մեղմ ձայները կ՛ընկալուին խխունջին գագաթի բաժինին կողմէ: Կիսաբոլոր խողովակներուն մէջ զետեղուած են թելանման բջիջներ, որոնք մարմինի շարժումի ուղղութիւնը եւ արագութիւնը փոխուելու միջոցին կը գրգռուին: Ասոնք հաւասարակշռութեան ջիղի սկզբնական բջիջներ են[3][5]:

Յայտնում[6][խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջահոսքը կը յայտնուի ախտաբանական տարբեր ձեւերով.

  • Շիճուկային (serous)
  • Շիճուկա-արիւնային (serosanguineous)
  • Թարախային (purelent)
  • Ջրանման մաքուր հեղուկ-ուղեղաջուր (cerebral fluid):

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջահոսքին կրնան ուղեկցիլ հետեւեալ ախտանշաններէն մէկը կամ մէկէն աւելին.

Յաւելեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջահոսքը կը յառաջանայ ականջի զանազան հիւանդութիւններով եւ գանկի հարուածային կոտրուածքով:

Ականջի զանազան հիւանդութիւններ.

Արտաքին ականջ՝ ականջակոնքի եւ ականջացնցուղի հիւանդութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ականջակոնքի վերի բաժինին մէջ ընդոծին (congenital) խլուակի (fistula) բորբոքում. ականջահոսքը թարախային է.
  • Մորթի ժահրային բշտիկաւոր բորբոքումներ. ականջահոսքը շիճուկային կամ թարախային է. այս բորբոքումներէն են՝ սողնախտը (herpes simplex) եւ սողնախտագօտին (herpes zoster), երկուքն ալ կը յատկանշուին ջրաբշտիկներով.
  • Մորթի մանրէական բորբոքում. ականջահոսքը թարախային է.
  • Ականջակոնքի մանրէական աճառապատատապ (perichondritis). ականջահոսքը թարախային է:
  • Արիւնային ուռեցքի (hematoma) վիրաւորում եւ բորբոքում. ականջահոսքը արիւնաթարախային է.
  • Ականջացնցուղի սնկային, մանրէական եւ սնկային բորբոքումներ. ակաջահոսքը թարախային կամ շիճուկային է.
  • Ականջացնցուղի վիրաւորում եւ բորբոքում. ականջահոսքը թարախային է. ականջացնցուղի վիրաւորումը տեղի կ՛ունենայ.
  1. Օտար մարմինի մը գոյութեամբ.
  2. Ականջացնցուղը շարունակ ուժգին մաքրելով.
  3. Արտաքին ֆիզիքական հարուածով.
  4. Լողալով եւ սուզուելով[8][9]:


Թմբկաթաղանթի հիւանդութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թմբկաթաղանթի մանրէական բորբոքում, որ կը յառաջանայ ականջացնցուղի կամ միջին ականջի բորբոքումներու հետեւանքով. ականջահոսքը թարախային է:
  • Թմբկաթաղանթի այտուցային բորբոքում (myringitis bullosa), որ ժահրային բորբոքում մըն է. ականջահոսքը շիճուկային է:

Միջին ականջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ականջախոռոչի ժահրային կամ մանրէական բորբոքումներ, որոնք կ՛ըլլան սուր կամ յարատեւ. անոնք ընդհանրապէս կը յառաջանան հետեւեալ ախտապատճառներով.
  1. Լսափողի մասնակի կամ ամբողջական խցում.
  2. Քթաըմբանի բորբոքումներ.
  3. Քթաըմբանի գեղձուռուցք (adenoids).
  4. Քթաըմբանի խլիրդ եւ անօթային ուռեր (vascular tumors).
  5. Քիթի խցում եւ վատառողջ վիճակ, որ կը յառաջանայ հետեւեալ պատճառներով՝ քթաբորբ (rhinitis), քիթի խորշապատի-միջնեպատի ծուռութիւն (septal deviation), ցցօններ (polyps) եւ խլիրդ.
  6. Ժահրային մանկական ընդհանուր հիւանդութիւններ, օրինակ՝ հարսանիթ (measles), ունկնագեղձի բորբոքում-գայլացաւ (mumps, parotitis).
  7. Մթնոլորտային օդի ճնշումի անակնկալ փոփոխութիւն.
  8. Նշիկներու (tonsils) բորբոքում.

Վերոնշեալ ախտապատճառներով միջին ականջի բորբոքումային ականջահոսքը կ՛ըլլայ թարախային կամ շիճուկային, սուր կամ յարատեւ: Միջին ականջի սուր բորբոքումի զարգացումով միջին ականջը կը կուտակուի շիճուկային կամ թարախային հեղուկով, թմբկաթաղանթը կը բորբոքի եւ կը ցցուի դէպի դուրս ներխոռոչային ճնշումի բարձրացումով: Այս հանգրուանին թմբկաթաղանթը կը ծակի եւ տեղի կ՛ունենայ ականջահոսք: Միջին ականջի բորբոքումի եւ անոր ախտապատճառներու հիմնական դարմանումի ձախողութեամբ կը յառաջանայ միջին ականջի յարատեւ բորբոքում, որուն ախտանշաններն են՝ թմբկաթաղանթի մնայուն բացուածք-ծակ (perforation) եւ յարատեւ թարախահոսք:

Քունքոսկր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քունքոսկրի սուր եւ յարատեւ բորբոքումները կը զարգանան միջին ականջի սուր եւ յարատեւ բորբոքումներու հետեւանքով: Քունքոսկրի բորբոքումով տեղի կ՛ունենայ սուր կամ յարատեւ ականջահոսք նախապէս ծակած թմբկաթաղանթէն:

Ներքին ականջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ականջի բորբոքումը կը զարգանայ, երբ միջին ականջի բորբոքումը տարածուի ներքին ականջ: Ականջահոսք տեղի կ՛ունենայ նախապէս ծակած թմբկաթաղանթէն:

Գանկային պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանկի հարուած-վնասով կը յառաջանայ գանկային եւ ներքին ականջի ոսկրային կոտրուածք, որուն հետեւանքով տեղի կ՛ունենայ ուղեղաջուրի կուտակումը ներքին եւ միջին ականջներուն մէջ: Ուղեղաջուրի կուտակումով կը բարձրանայ ականջախոռոչային ճնշումը, որ պատճառ կը դառնայ թմբկաթաղանթի ծակելուն եւ ուղեղաջուրի ականջահոսքին:

Ականջահոսքի Տարբեր Հետեւանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջահոսքին ախտաճանաչումը բացայայտ է: Սակայն պէտք է կատարուի անոր ախտապատճառին ախտաճանաչումը: Հետեւաբար պէտք է կատարուի ախտաճանաչումի հետեւեալ գործընթացքը.

  • Լսել հիւանդին պատմականը, որ խիստ կարեւոր է, օրինակ՝
  1. Ականջացաւ՝ որ կ՛անյետանայ ականջահոսքէ ետք, կը մատնանշէ միջին ականջի բորբոքում.
  2. Ականջահոսք՝ որ կը պատահի լողալէ ետք, կը մատնանշէ ականջացնցուղի բորբոքում.
  3. Ականջահոսք՝ որ կը պատահի օդանաւային ճամբորդութեան ընթացքին եւ լեռ մագլցելու եւ լեռէն իջնելու ընթացքին, կը մատնանշէ միջին ականջի անակնկալ եւ սուր բորբոքում.
  4. Ջրանման մաքուր ականջահոսք՝ որ կը պատահի գլխու ուժգին հարուածէ ետք, կը մատնանշէ գանկային կոտրուածքի հետ ուղեղաջուրի կամ արիւնանախառն ուղեղաջուրի հոսք.
  5. Երկարատեւ, անցաւ եւ թարախային ականջահոսք՝ կը մատնանշէ միջին ականջի եւ կամ քունքոսկրի յարատեւ բորբոքում (mastoiditis),
  6. Յարատեւ ականջահոսք, ուռեցք ականջին ետեւը, ականջացաւ եւ դէմքի անդամալուծութիւն՝ կը մատնանշեն միջին ականջի եւ քունքոսկրի միատեղ յարատեւ բորբոքում:
  • Քննել՝
  1. Հիւանդին ականջը ականջադիտակով (otoscope)՝ տեսնելու համար ականջացնցուղի եւ թմբկաթաղանթի անբնական երեւոյթները.
  2. Հիւանդին քիթը, կոկորդը եւ բերանը:
  • Կատարել՝
  1. Ականջահոսքի ախտաբանական քննութիւն.
  2. Գլխու եւ ականջի տեսակաւոր նկարահանումներ, օրինակ՝ պարզ Ք-ճառագայթային (x-ray), մագնիսարձագանգային (MRI) եւ համակարգչային շերտագրական (CT scan) նկարահանումներ:

Ականջահոսքի դարմանումը կը հիմնաւորուի անոր հիմնական ախտապատճառին դարմանումովը: Այսինքն՝ հիմնական ախտապատճառին ախտաճանաչումը նախ կը կատարուի եւ ապա անոր դարմանումը կը կիրարկուի, որպէսզի վերջ դրուի ականջահոսքին:

Տե'ս Նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Qureishi A, Lee Y, Belfield K, Birchall JP, Daniel M (10 January 2014)։ «Update on otitis media - prevention and treatment.»։ Infection and drug resistance 7: 15–24։ PMID 24453496։ doi:10.2147/IDR.S39637 
  2. Minovi A, Dazert S (2014)։ «Diseases of the middle ear in childhood.»։ GMS current topics in otorhinolaryngology, head and neck surgery 13: Doc11։ PMID 25587371։ doi:10.3205/cto000114 
  3. 3,0 3,1 3,2 Drake, Richard L.; Vogl, Wayne; Tibbitts, Adam W.M. Mitchell; illustrations by Richard; Richardson, Paul (2005). Gray's anatomy for students. Philadelphia: Elsevier/Churchill Livingstone. էջեր 855–856. ISBN 978-0-8089-2306-0. 
  4. Mitchell, Richard L. Drake, Wayne Vogl, Adam W. M. (2005). Gray's anatomy for students. Philadelphia, Pa.: Elsevier. էջ 858. ISBN 978-0-8089-2306-0. 
  5. Mitchell, Richard L. Drake, Wayne Vogl, Adam W. M. (2005). Gray's anatomy for students. Philadelphia, Pa.: Elsevier. էջեր 864–867. ISBN 978-0-8089-2306-0. 
  6. Coker TR, Chan LS, Newberry SJ, Limbos MA, Suttorp MJ, Shekelle PG, Takata GS (17 November 2010)։ «Diagnosis, microbial epidemiology, and antibiotic treatment of acute otitis media in children: a systematic review.»։ JAMA 304 (19): 2161–9։ PMID 21081729։ doi:10.1001/jama.2010.1651 
  7. Lieberthal AS, Carroll AE, Chonmaitree T, Ganiats TG, Hoberman A, Jackson MA, Joffe MD, Miller DT, Rosenfeld RM, Sevilla XD, Schwartz RH, Thomas PA, Tunkel DE (March 2013)։ «The diagnosis and management of acute otitis media.»։ Pediatrics 131 (3): e964–99։ PMID 23439909։ doi:10.1542/peds.2012-3488 
  8. «Otitis Media: Physician Information Sheet (Pediatrics)»։ cdc.gov։ November 4, 2013։ Վերցված է 14 February 2015 
  9. van Zon A, van der Heijden GJ, van Dongen TM, Burton MJ, Schilder AG (12 September 2012)։ «Antibiotics for otitis media with effusion in children.»։ The Cochrane database of systematic reviews 9: CD009163։ PMID 22972136։ doi:10.1002/14651858.CD009163.pub2 

Աղբիւրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Asbarez» օրաթերթ, Յօդուածներ, դտկ. Կարպիս Հարպոյեան, 20 Փետրուար 2015:

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.Վ.Խանբաբեան, Ա.Մ.Խանբաբեան «Լսողութեան, խօսքի, տեսողութեան օրգանների անատոմիայ, ֆիզիոլոգիայ եւ պաթոլոգիայ» Երեւան 2008 թ, «Հիւանդի ականջների խնամքը»: