Ակադեմիկոս Վերնադսկի (անտարկտիկական կայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ակադեմիկոս Վերնադսկի» կայան

Ակադեմիկոս Վերնադսկի (ուկրաիներեն՝ Академік Вернадський), ուկրաինական անտարկտիկական կայան։ Գտնվում է Գալինդե արգենտինական կղզեխմբի մոտ՝ Անտարկտիկական թերակղզու մոտակայքում։

Որպես Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքային ենթամիավոր ստեղծվել է 1996 թվականի փետրվարին, երբ Բրիտանական անտարկտիկական ծառայությունը «Ֆարադեյ» կայանը խորհրդանշական գնով՝ մեկ ֆունտ ստերլինգ, փոխանցել է Ուկրաինային։ Կայանը վերանվանվել է «Ակադեմիկոս Վերնադսկի»։

Կայանն անվանվել է ի պատիվ ակադեմիկոս Վլադիմիր Վերնադսկու (1863-1945), որ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիրներից էր և առաջին նախագահը։

Կայանում կատարվում են հետազոտություններ, որոնք ամրագրված են «Ֆարադեյ» կայանի՝ Ուկրաինային փոխանցելու հուշագրով։ Այն Ուկրաինայի կողմից Անտարկտիդայի ուսումնասիրության պետական ծրագրի մաս է կազմում, որը մշակվել է 2010-ական թվականներին։

Կայանի աշխատանքային ու բնակելի հատվածից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Վինտեր կղզում, կա ոչ մեծ թանգարան՝ նվիրված Բրիտանիայի կաղմից Անտարկտիդայի ուսումնասիրությանը և բրիտանական «Ֆարադեյ» կայանին, որտեղ բացի քարտեզներից ու հոդվածներից ցուցադրված են արշավախմբի անդամների կենցաղային իրեր։

Կայանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշադրամ՝ թողարկված «Ֆարադեյ» կայանի՝ Ուկրաինային հանձնելու 10-ամյակին: Աստղիկով մատնանշված է կայանի աշխարհագրական դիրքը:

Բրիտանական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական արշավախումբը Անտարկտիկական թերակղզու մոտակայքում գիտական բազա հիմնադրել է Գրեյմանի երկիր կատարած աևշավի ժամանակ՝ 1934-1937 թվականներին։ Որպես մշտապես գործող մետեոաստղադիտարան բազան սկսել է աշխատել 1947 թվականից։ 1953-1954 թվականների ձմռանը այն տեղափոխվել է Գալինդեզ կղզու Մարինա հրվանդան։

1953 թվականից հետո այստեղ կառուցվել է մի քանի շինություն, իսկ դրանց մեծ մասը կառուցվել է 1979-1980 թվականներին։ Շինությունների ողջ համալիրը հիմնադրվել է Գալինդեզ կղզու քարե հիմքին։ Կայանում հերթափոխը հանձնելու ժամանակ կարող է աշխատել 24 մարդ, իսկ ձմեռողների թիվը 12 է։ Կայանի տարածքում կա մագնիսային նյութից երկու մոդուլ, որտեղ տեղադրված են մագնիսաչափներ, աերոլոգիական տաղավար (օգտագործվում է նաև որպես տնակ երկու ձյունագնացների համար), ատաղձագործական արհեստանոց՝ երկու սառնարաններով, վթարային բազայի կառույց, որը նաև սարքավորումների պահեստ է և մթերքի շտեմարան։ 1984 թվականին կայանից 9 կմ հեռավորության վրա կառուցվել է վթարային բազայի ոչ մեծ տնակ՝ Ռասմուսենի տունը։

Ուկրաինական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակադեմիկոս Վերնադսկի» անտարկտիկական կայանը ուկրաինական նամականիշին, 2009

ԽՍՀՄ փլուզումից հետո խորհրդային կայանները որպես գույք անցել են նրա իրավահաջորդին՝ Ռուսաստանի Դաշնությանը, այդ պատճառով 1992 թվականի փետրվար-օգոստոս ամիսներին ակադեմիկոս Պ. Գոժիկը և մի խումբ այլ գիտնականներ ու մասնագետներ դիմել են պետական մարմիններին Ուկրաինայի գործունեությունը Անտարկտիդայում շարունակելու պահանջով։ 1992 թվականի հուլիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկը հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով Ուկրաինայի մասնակցությունը Անտարկտիդայի ուսումնասիրման գործում։

1992 թվականի օգոստոսին Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է Ուկրաինայի միանալը Անտարկտիկայի համաձայնագրին, իսկ 1993 թվականի հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի ԳԱԱ-ում ստեղծվել է «Անտարկտիկական հետազոտությունների կենտրոնը», որը գլխավորել է նրա հիմնադիր Պ. Գոժիկը։

1993 թվականին Մեծ Բրիտանիան իր դեսպանատան միջոցով առաջարկել է Գալինդեզ կղզու «Ֆարադեյ» կայանը փոխանցել «ոչ անտարկտիկական» երկրներից մեկին։ 1994 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ա. Չեբուրկինը առաջինը ուղևորվել է «Ֆարադեյ» կայան։ 1994 թվականի օգոստոսին որոշում է ընդունվել կայանը հանձնել Ուկրաինային՝ առաջարկելով երեք հետազոտողներ ուղարկել կայանի կենսագործունեությունն ապահովող համակարգերի, կայանի գիտական գործունեության ուսումնասիրության համար։

1994 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կայացել է SCAR-ի 23-րդ նստաշրջանը, որի ժամանակ Ուկրաինան մտել է Անտարկտիդայի ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային այդ կազմակերպության մեջ։

Նոյեմբերի 21-ին «Վերածնունդ» ֆոնդը առանձնացրել է 12.000 դոլար «Ուկրաինան վերադառնում է Անտարկտիդա» ծրագրի համար։ 1994 թվականի դեկտեմբերի 5-ին արշավախումբը հետևյալ կազմով՝ Յու. Օսկրետի (արշավախմի ղեկավար), Ա. Լյուշնիվսկի (կապի համակարգի ղեկավար) և Վ. Գերգիև (կենսագործունեության համակարգերի ղեկավար) մեկնել է Քեմբրիջ, իսկ դեկտեմբերի 12-ին՝ «Ֆարադեյ» կայան՝ համատեղ ուկրաինա-բրիտանական գիտարշավին մասնակցելու համար։ 1994 թվականի դեկտեմբերի 18-ին «Ֆարադեյ» կայանում բարձրացվել է Ուկրաինայի դրոշը։ 1995 թվականի հուլիսի 20-ին Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կոմիսարենկոն միջկառավարական համաձայնագիր է ստորագրել «Ֆարադեյ» կայանի փոխանցման մասին։

Առաջին գիտարշավը հաջող է ընթացել։ Պրոֆեսիոնալ բարձր հմտությունների, արտակարգ իրավիճակներում հանձնարարությունների կատարման համար ուկրաինական առաջին արշավախումբը Ուկրաինայի նախագահի՝ 1998 թվականի ապրիլի որոշմամբ պարգևատրվել է «Ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։ Կայանում հուշագիր է մնացել առաջին արշավախմբի անդամների ցուցակով։

2011 թվականի մարտին Լվովի արքեպիսկոպոս Ավգուստին Գալիցկին օծել է այնտեղ հավաքված մատուռը իշխան Վլադիմիրի անունով[1]։

2014 թվականի վերջին 12 բևեռագնացներ մասնակցել են հաջոդ գիտարշավին, որը Անտարկտիդա մեկնող ուկրաինական 19-րդ արշավախումբն էր։ Սակայն արշավախմբի գործունեությունը, ինչպես նաև ուկրաինական ամբողջ ծրագիրը վտանգվել են՝ գրիվնայի արժեզրկման ու Ուկրաինայի այլ խնդիրներով պայմանավորված[2]։ Չնայած այդ հանգամանքներին՝ կայանը շարունակել է իր աշխատանքը։

2018 թվականի մարտին Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունը թողարկել է կայանը հիմնանորոգելու ծրագիր[3]։ Մասնավորապես կսսվել են Խարկովի ռադիոաստղագիտական ինստիտուտի արտադրության օդերևութաբանական ռադարների տեղադրման աշխատանքներ[4]։ Նույն թվականի սեպտեմբերին Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունը հայտարարել է անտարկտիկական 24-րդ արշավախմբի մասնակիցների մրցույթ (2019-2020)՝ առանց գենդերային խտրության[5]։

Գիտական հետազոտությունների ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օվկանոսագիտություն և բիոռեսուրսներ
  • Հիդրոօդերևութաբանություն
  • Բևեռային գեոտիեզերքի և Արեգակ-Երկիր փոխադարձ կապի ֆիզիկա
  • Երկրի և նրա մթնոլորտի միջուկային ֆիզիկայի հետազոտություններ
  • Երկրաբանություն, երկրաֆիզիկա
  • Կենսաբանություն համակարգի հետազոտության կառուցվածք և անտարկտիկական բիոցենոզի գործառույթ
  • Բժշկական ֆիզիոլոգիա

Անտարկտիդայի ուսումնասիրման պետական ծրագրի արդյունքներ (2002-2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեղծվել է սկզբնական տեսակների, քարտեզագրական նյութերի, երկրաֆիզիկական կտրվածքների համակարգված կատալոգ՝ կիրառելով նաև արբանյակային տվյալներ։ Մշակվել է տոմոգրաֆիայի ձգողաչափական մեթոդ, որը թույլ է տվել ուսումնասիրել երկրի միջուկի կառուցվածքը և բացահայտել նավթագազային հումքի ստեղծման տեղանքի հեռանկարները (հաշվարկված է, որ Անտարկտիդայում նավթի պաշարը 107 միլիարդ տոննա է, բնական գազի պաշարը՝ 15 տրիլիոն խորանարդ մետր)։
  • Կատարվել են բիոռեսուրսների ու օվկիանոսագիտության աշխատանքներ «Էռնստ Կրենկել» գիտահետազոտական նավով։ Ուսումնասիրությունները նպաստել են շրջանի ջրային էկոհամակարգերի մասին եղած պատկերացումներին՝ հաստատելով Անտարկտիդայի՝ Ատլանտյան օվկիանոսի կողմում եղած ձկնարդյունաբերության մեծ հնարավորությունները։
  • Առաջին անգամ աշխարհում ձևակերպվել է տեխնոգեն ազդեցության հետազոտությունը Երկրի էլեկտրամագնիսական կլիմայի վրա, մշակվել է Անտարկտիկական թերակղզու եղանակի երկարաժամկետ կանխագուշակման մեթոդը, անտարտիկական «Ակադեմիկոս Վերնադսկի» կայանը ներառվել է կլիմայական փոփոխությունների հետազոտման գլոբալ համակարգում։
  • Անտարկտիկական «Ակադեմիկոս Վերնադսկի» կայանի մոտ հիմնադրվել է կենսաաշխարհագրական պոլիգոն Անտարկտիդայի լանդշաֆտային օազիսում, ստեղծվել է օազիսի քարտեզ, կիրառվել է Անտարկտիդայի եոնդանական ու բուսական աշխարհի ուսումնասիրության համակարգված մոտեցում։
  • «Ակադեմիկոս Վերնադսկի» կայանում ներդրվել է սննդային կոպիտ թափոնների մշակման տեխնոլոգիա։ Ուկրաինացի գիտնականների բժշկա-կենսաբանական ուսումնասիրությունների արդյունքները հաշվի են առնվել բժշկական ստանդարտների մշակման և Անտարկտիդայում առողջապահության միջազգային համակարգի ստեղծման ժամանակ[6]։

Սուրբ Վլադիմիրի մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին կայանում բացվել է ուղղափառ մատուռ։ Մատուռն օծել է Լվովի արքեպիսկոպոս Ավգուստին Գալիցկին[7][8]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ОФИЦИАЛЬНАЯ ХРОНИКА | Україна Православна». pravoslavye.org.ua (ուկրաիներեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Бюджет оставил украинских ученых замерзать в Антарктике». zn.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «На ремонт единственной украинской антарктической станции направлено 15 млн грн, - МОН».
  4. «Украинская антарктическая станция "Вернадский" начала модернизироваться — руководитель НАНЦ».
  5. «Минобразования объявляет набор в команду для экспедиции в Антарктиду: «Впервые за много лет мы не делаем никаких гендерных ограничений»».
  6. «Про схвалення Концепції Державної цільової науково-техн…| від 03.02.2010 № 194-р». zakon.rada.gov.ua (ուկրաիներեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Валерий Коновалов. Храм в Антарктиде освятили во имя князя Владимира. Крестовский мост № 4 (2011)». www.krest-most.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «АНТАРКТИДА-УКРАЇНА. У найпівденнішій точці Землі наші полярники-науковці моляться у власній каплиці». orthodoxy.org.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.