Jump to content

Ակադեմիական ազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակադեմիական ազատություն
ազատություն Խմբագրել Wikidata
Ենթադաս• որակ
 • Ընդունակություններ
  • ազատություն Խմբագրել Wikidata

Ակադեմիական ազատություն կամ համալսարանական ինքնավարություն, սկզբունքներ, ըստ որոնց բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների պրոֆեսորադասախոսական կազմին ու գիտաշխատողներին տրամադրվում է իրավունք՝ ըստ սեփական հայեցողության դասավանդել ուսումնական առարկան, ընտրել գիտական հետազոտությունների թեմաներն ու մեթոդները, իսկ ուսանողներին՝ ստանալ գիտելիքներ՝ ըստ իրենց հետաքրքրությունների և պահանջների։

Ակադեմիական ազատությունը սերտորեն կապված է բուհերի ինքնավարության հետ։ Եվրոպական համալսարանների ասոցիացիան համալսարանական ազատությունը սահմանում է չորս ոլորտներում՝ կազմակերպչական, ֆինանսական, աշխատակիցների ընտրության և ակադեմիական ինքնավարության։

Ակադեմիական ազատությունը ենթադրում են նաև ակադեմիական պատասխանատվություն՝ ապահովելու բարենպաստ պայմաններ ճշմարտության ազատ որոնման, դրա արտահայտման և տարածման համար։

Բնութագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակադեմիա՝ ակադեմիական ազատությունների համար»[1] միջազգային միավորումը ձևակերպել է ակադեմիական ազատությունների երկու հիմնական սկզբունք․

  1. Ինչպես ուսումնական հաստատության կամ գիտահետազոտական կազմակերպության ներսում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս, պետք է լիովին թույլատրվի ցանկացած հարց բարձրացնել և ճշմարտության ձգտել, ներառյալ՝ հակասական կամ ոչ հայտնի տեսակետների վերաբերյալ, անկախ այն հանգամանքից՝ տվյալ կարծիքը որևէ մեկին դուր է գալիս, թե ոչ։
  2. Ուսումնական հաստատությունները և գիտահետազոտական կազմակերպությունները չեն կարող սահմանափակել իրենց աշխատակազմի ակադեմիական ազատությունները և իրավունք չունեն նրանց հայտարարությունները օգտագործել կարգապահական տույժերի կամ աշխատանքից ազատման համար։

Սակայն իրականում, եվրոպական շատ երկրներում իշխանությունները այսօր էլ վերահսկում են ակադեմիական ազատությունները, քանի որ համալսարանները ֆինանսավորվում են պետական բյուջեից, իսկ նրանց աշխատակիցները համարվում են պետական ծառայողներ և ենթարկվում են օրենսդրությանը նույնիսկ այնպիսի ներկազմակերպական հարցերում, ինչպես օրինակ՝ ղեկավար կազմի ընտրությունը, նշանակումը կամ պաշտոնաթողությունը, պաշտոնավարման ժամկետները և աշխատավարձերի չափը։ Բուհերի ռազմավարական որոշումների վրա մեծ ազդեցություն ունի նաև ֆինանսական ցիկլի տևողությունը՝ թե՛ թիրախային ծրագրերի, թե՛ դրամաշնորհների տրամադրման նկատմամբ։ Միայն երեք եվրոպական երկրում բուհերի ֆինանսական ցիկլը գերազանցում մեկ տարին, իսկ 24 երկրում դրանց գործունեությունը պլանավորվում է միայն մեկ տարով[2]։

Եվրոպական շատ երկրներում համալսարաններն ունեն իրավունք ընտրելու բակալավրիատի ծրագրերի դասավանդման լեզուն։ Ֆրանսիայում դասավանդումը թույլատրվում է միայն ֆրանսերենով։ Բելգիայում և Լատվիայում օտար լեզուներով դասավանդվող ծրագրերի քանակը վերահսկվում է պետության կողմից[2]։

Սահմանափակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իհարկե, ակադեմիական ազատություններn ունեն իրենց սահմանները։ ԱՄՆ-ում՝ 1940 թվականի «Ակադեմիական ազատությունների և ակադեմիական կարիերայի սկզբունքների հռչակագրի» համաձայն[3], պրոֆեսորադասախոսական կազմn իրավունք չունի տարածել այն տեղեկատվությունը, որը կապ չունի իրենց մասնագիտական գործունեության հետ։ Հանրային ելույթներում թույլատրվում է արտահայտել անձնական կարծիք՝ անկախ ղեկավարության դիրքորոշումից, սակայն պարտադիր է նշել, որ խոսողը հանդես է գալիս սեփական անունից, այլ ոչ թե իր կազմակերպության։ Ակադեմիական կարիերան պետք է կառուցված լինի բացառապես մասնագիտական կարողությունների հիման վրա։ Աշխատանքից ազատումը կարող է արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ առկա է կամ մասնագիտական անհամապատասխանություն, կամ այնպիսի վարքագիծ, որը արժանանում է դժգոհություն ամբողջ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից։

Պրոֆեսորադասախոսական կազմի ակադեմիական ազատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական ազատությունների գաղափարը (գերմ.՝ Lehrfreiheit) Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ակադեմիական մշակույթի անքակտելի մաս է։ Այս բոլոր երկրներում պրոֆեսորադասախոսական կազմը կարող է իրականացնել գիտական հետազոտություններ և հրապարակել դրանց արդյունքները՝ առանց որևէ սահմանափակման։ Սակայն դասավանդման առումով յուրաքանչյուր երկրի ներսում առկա են որոշակի ազգային առանձնահատկություններ։

Ուսման ազատությունը (գերմ.՝ Freiheit des Studiums) նշանակում է, որ սահմանված կանոնների շրջանակում ուսանողները կարող են ազատորեն ընտրել, թե որ դասընթացներին մասնակցեն, և որոշ դեպքերում՝ նաև քննության հանձման ամսաթիվը։ Դասընթացի շրջանակում ուսանողը կարող է սահմանել նաև իր մասնագիտական ուղղվածությունը (մասնագիտացումը)։

Այս ազատությունները մասնակիորեն սահմանափակվում են ուսումնական կանոնակարգերով և պարտադիր գրաֆիկներով, որոնք, հատկապես առաջին կիսամյակներում, պարտադրում են առարկայի հիմքերի ուսումնասիրություն։ Սա նպատակ ունի երաշխավորելու, որ ուսանողները հետագա ուսուցման ընթացքում կունենան ամուր գիտելիքների և հմտությունների հիմք։ Այդ սահմանափակումները երբեմն ենթարկվում են քննադատության, մասնավորապես՝ բակալավրիատի և պետական քննություններին պատրաստող կրթական ծրագրերում։ Աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցված ուսուցումը կարող է նույնպես խստացնել դասընթացի կառուցվածքը։

Ուսանողները կարող են ձևավորել սեփական գիտական տեսակետները և պարտավոր են դրանք արտահայտել։ Եթե այդ տեսակետները հակասում են ընդունված դոկտրինային, ապա դա հիանալի հնարավորություն է վերլուծական մտածողությունն ու բանավեճի արվեստը կիրառելու համար։

Գերմանական ակադեմիական ավանդույթի համաձայն՝ պրոֆեսորադասախոսական կազմը կարող է ուսանողների շրջանում տարածել սեփական տեսակետներն ու փիլիսոփայական համոզմունքները[4]։ Սակայն ուսումնական հաստատության սահմաններից դուրս դրանց տարածումը ցանկալի չէ կամ նույնիսկ արգելված է։ Դասավանդման ընթացքում պրոֆեսորը որևէ կերպ սահմանափակված չէ և կապված չէ պաշտոնապես հաստատված ուսումնական ծրագրով կամ ժամանակացույցով։

Ինչպես բոլոր պետական ծառայողները, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորը կամ գիտահետազոտական լաբորատորիայի աշխատողը պետք է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում պահպանի քաղաքական և կրոնական չեզոքություն և չարտահայտի որևէ քաղաքական կամ կրոնական հայացք։ Սակայն համալսարանական պրոֆեսորի ակադեմիական ազատությունը երաշխավորված է օրենքով և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից։ Ըստ սահմանման՝ «գիտահետազոտական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը (համալսարանական պրոֆեսորներն ու նրանց օգնականները) իրենց գիտական և ուսուցողական գործունեության ընթացքում լիովին անկախ են և օգտվում են խոսքի ազատությունից՝ պայմանով, որ հարգում են համալսարանական ավանդույթները, օրինական պահանջները, հանդուրժողականության և օբյեկտիվության սկզբունքները»[5]։ Ֆրանսիայում պաշտոնի բարձրացումը կապված է լիցենզավորման հետ, և չի սահմանափակվում սովորական վարչական որոշումներով։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ակադեմիական ազատության հիմնական սկզբունքները ներկայացված են «Ակադեմիական ազատությունների և ակադեմիական կարիերայի սկզբունքների հռչակագրում» (1940 թ.)[3], որը համատեղ մշակել և ընդունել են Ամերիկյան համալսարանական պրոֆեսորների ասոցիացիան և Ամերիկյան քոլեջների ասոցիացիան (ներկայում՝ Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա)[3]։

Այս սկզբունքների համաձայն՝ «Պրոֆեսորադասախոսական կազմը, իր պարտականությունները կատարելու ընթացքում, օգտվում է առարկայի շուրջ սեփական տեսակետները արտահայտելու ազատությունից»[3]։ Հռչակագիրը թույլատրում է բուհերի վարչակազմերին որոշ դեպքերում կիրառել սահմանափակումներ ակադեմիական ազատությունների նկատմամբ, օրինակ՝ կրոնական կամ այլ հարցերի համատեքստում, սակայն նման սահմանափակումները պետք է գրավոր կերպով նշվեն։ Այս համաձայնագրի պահպանմանը հետևում են վեց տարածաշրջանային լիազորված ներկայացուցիչներ, որոնք վերահսկում են Միացյալ Նահանգների բոլոր քոլեջների և համալսարանների աշխատանքը, ներառյալ մասնավոր և կրոնական ուսումնական հաստատությունները[6]։

Ո՛չ Ռուսական կայսրությունում, ո՛չ էլ Խորհրդային Միությունում ակադեմիական ազատությունները լայն տարածում չեն ստացել[7]։ Մասնավորապես՝ Մոսկվայի համալսարանը, որը հիմնադրվել էր 1755 թվականին, միայն 1804 թվականին ստացավ որոշակի ինքնավարություն, սակայն Նիկոլայ I-ի կառավարման շրջանում այն չեղարկվեց։ Խորհրդային շրջանում բոլոր համալսարանները գտնվում էին պետության հսկողության ներքո, իսկ դասավանդումն ու գիտական հետազոտությունները ենթարկվում էին խիստ գաղափարական վերահսկման, որպեսզի համապատասխանեին մարքսիստա-լենինյան դոկտրինին։

Ակադեմիական ազատությունների բացակայությունը համարվում է Խորհրդային Ռուսաստանում կենսաբանական գիտության անկման պատճառներից մեկը։ ԽՍՀՄ-ի խոշոր կենսաբաններից մեկը՝ Տրոֆիմ Դենիսովիչ Լիսենկոն, ստացավ պետական ապարատի լիակատար աջակցությունը՝ արևմտյան գիտության նվաճումները մերժելու շնորհիվ։ Նա առաջարկեց հրաժարվել գենետիկայի հիմնարար հետազոտություններից (օրինակ՝ պտղատու ճանճի՝ դրոզոֆիլայի վրա իրականացվող հետազոտություններից ) և կենտրոնանալ գյուղատնտեսական խնդիրների վրա։

20-րդ դարի կեսերին, երբ Արևմուտքում արդեն բացհայտվել էր ԴՆԹ-ն՝ որպես գենետիկական տեղեկատվության կրող, ԽՍՀՄ-ում իշխում էր այլ ուսմունք, որը Լիսենկոն անվանել էր ռուս սելեկցիոներ Իվան Միչուրինի անունով, իսկ մեր օրերում այն հայտնի է որպես լիսենկովշչինա։ Լիսենկոյի և նրա կողմնակիցների ճնշմամբ՝ այն գիտնականները, ովքեր համարվում էին «վտանգավոր գաղափարների կրողներ», ենթարկվում էին հալածանքների և ռեպրեսիաների։ Լիսենկոն փորձեր է իրականացրել ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Չինաստանում։ Արդյունքը շոշափելի նյութական վնասն էր և սովը, որի հետևանքով միայն Չինաստանում, ըստ որոշ գնահատականների, մահացել է մոտ 30 միլիոն մարդ[8]։

Հետխորհրդային Ռուսաստանում, համաձայն ՄԱԿ-ի պահանջների, ակադեմիական ազատությունները երաշխավորվել են սահմանադրությամբ և հաստատվել են 1996 թվականի «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով[9]։ Սակայն բուհերի և պետության հարաբերությունների շուրջ քննարկումները շարունակվում են մինչ օրս[10][11]։

Ակադեմիական ազատություններ համալսարանների և քոլեջների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական համալսարանների առանձնահատկություններից մեկը դրանց անկախությունն է պրոֆեսորադասախոսական կազմի ընդունման, ուսուցման չափանիշների սահմանման և ուսանողների ընդունելության կանոնների մշակման հարցում։ Այս սկզբունքների համադրությունը հայտնի է որպես ինստիտուցիոնալ ինքնավարություն, որը տարբերվում է այն ազատություններից, որոնք ուսումնական հաստատությունը տրամադրում է ուսանողներին և դասախոսներին։

ԱՄՆ-ում «Համալսարանի ակադեմիական ազատություն» հասկացությունն ամրագրված է Գերագույն դատարանի որոշումներով և ենթադրում է, որ համալսարանը ինքնուրույն որոշում է՝ ով կարող է դասավանդել և սովորել, ինչպես պետք է դասավանդել, և ինչպես կազմակերպել ուսանողների ընդունելությունը[12]։ 2008 թվականին Վիրջինիայի նահանգի դաշնային դատարանը որոշեց, որ պրոֆեսորադասախոսական կազմը չի վայելում առանձին ակադեմիական ազատություններ. բոլոր ակադեմիական ազատությունները պատկանում են միայն բուհին՝ որպես հաստատության[13]։

Դատավորը, հղում կատարելով նախորդ դատական որոշումներին[14][15][16], նշել է, որ չկա այդնպիսի սահմանադրական իրավունք, որը արգելում է համալսարանի ղեկավարությանը փոփոխել դասախոսի՝ ուսանողին տված գնահատականը[13][17]։ Միևնույն ժամանակ, դատարանը շեշտել է տարբերությունը այն դեպքերի միջև, երբ վարչակազմը պարտադրում է դասախոսին փոխել գնահատականը (որը հստակ օրենքի խախտում է ), և այն դեպքերի, երբ համալսարանը ստեղծում է հատուկ հանձնաժողով, որը կարող է փոխել գնահատականը՝ ուսանողի բողոքարկման արդյունքում։

Այս որոշումը համարվում է նշանակալի նախադեպ, որը շարունակաբար հիշատակվում է ակադեմիական ազատությունների և բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարության հարցերում[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Международное объединение «Академия за академические свободы»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  2. 1 2 «University Autonomy in Europe». EUA University Autonomy in Europe (անգլերեն). European University Association. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. 1 2 3 4 1940 Statement of Principles on Academic Freedom and Tenure Արխիվացված 2012-10-16 Wayback Machine.
  4. ↑ Walter P. Metzger (1955). Academic Freedom in the Age of the University. New York: Columbia Univ. Press.
  5. ↑ French Education Code, L952-2 Արխիվացված 2004-10-10 Wayback Machine.
  6. ↑ Censured Institutions «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  7. ↑ Л. М. Волосникова. О принципе академической автономии. Университетское управление. 2005. № 5(38). С. 44-49.(չաշխատող հղում)
  8. ↑ Jasper Becker (1996). Hungry Ghosts: Mao’s Secret Famine. New York: Free Press.
  9. ↑ Федеральный закон «О высшем и послевузовском профессиональном образовании.» Արխիվացված 2011-12-11 Wayback Machine
  10. ↑ В.Зубов. Реформа высшей школы для новой России. «Известия» 27.08.08.
  11. ↑ Р. Уфимцев. Зачем реформируют российские вузы? «Советская Россия» 23.07.09. Արխիվացված 2011-12-07 Wayback Machine
  12. ↑ (Kemp, p. 7)
  13. 1 2 Stronach v. Virginia State University, civil action 3:07-CV-646-HEH (E. D. Va. Jan. 15, 2008).
  14. ↑ Sweezy v. New Hampshire, 354 U.S. 234, 262—263 (1957) (Felix Frankfurter, Justice).
  15. ↑ См. Urofsky v. Gilmore, 216 °F.3d 401, 414, 415 (4th Cir. 2000). (Noting that «cases that have referred to a First Amendment right of academic freedom have done so generally in terms of the institution, not the individual ….» and «Significantly, the court has never recognized that professors possess a First Amendment right of academic freedom to determine for themselves the content of their courses and scholarship, despite opportunities to do so».
  16. ↑ Lovelace v. S.E. Mass. University, 793 °F.2d 419, 425 (1st Cir. 1986) («To accept plaintiff’s contention that an untenured teacher’s grading policy is constitutionally protected . . . would be to constrict the university in defining and performing its educational mission».)
  17. ↑ See Parate v. Isibor, 868 °F.2d 821, 827-28 (6th Cir. 1989). (Holding that «a university professor may claim that his assignment of an examination grade or a final grade is communication protected by the First Amendment… [t]hus, the individual professor may not be compelled, by university officials, to change a grade that the professor previously assigned to her student».
  18. ↑ White, Lawrence, «CASE IN POINT: STRONACH V. VIRGINIA STATE U. (2008): Does Academic Freedom Give a Professor the Final Say on Grades?», Chronicle of Higher Education, found at Chronicle web site Արխիվացված 2008-04-22 Wayback Machine and Chronicle Review commentary and blog Արխիվացված 2008-07-24 Wayback Machine. Accessed May 20, 2008.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակադեմիական ազատություն» հոդվածին։