Ածխագազատուրբինային էլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ածխագազատուրբինային էլեկտրակայան, երկրի ընդերքում գտնվող ածխի ջերմային էներգիան էլեկտրականի փոխակերպող համակցված ձեռնարկություն՝ առանց ածուխը երկրի մակերևույթ հանելու։

Կիրառելի է խոր տարածված փոքր հզորության շերտերի համար։ Աշխատանքը հիմնված է ածխի ստորերկրյա գազացման վրա։ Երկրի մակերևույթից մինչև ածխի շերտը փորված մեկ կամ մի քանի հորատանցքներով օդ է փչվում կոմպրեսորային կայանից և թափանցում ածխի շերտում գազացման առուներով հաղորդակցվող մյուս հորատանցքերը։ Վերջինների մոտ որևէ եղանակով այրում են ածխի շերտը, և այրման օջախը, տարածվելով մղվող օդին ընդառաջ, հասնում է օդաչափման հորատանցքերին ու գոյացնում այրման ակոս, որտեղ տեղի է ունենում ածխի ստորերկրյա վերամշակումը՝ գազացումը։ Ստացված գազերն առուներով բարձրանում են վեր, մաքրվում և ուղղվում դեպի գազատուրբինային էլեկտրակայանում տեղադրված գազային տուրբինի այրման խուցը։ Գազային տուրբինը շարժման մեջ է դնում էլեկտրական գեներատորը, որից հետո ստացված էլեկտրաէներգիան ուղղվում է դեպի էլեկտրացանց։ Աշխարհում առաջին Ածխագազատուրբինային էլեկտրակայանը գործում է ՌՍՖՍՀ Տուլայի մարզում՝ ցածրորակ գորշ ածխի բազայի վրա, որտեղ տեղադրված են 12000 կվտ հզորության երկաստիճանային տուրբիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 208