Ալֆրեդ Օսթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Օսթին
անգլ.՝ Alfred Austin
Ծնվել էմայիսի 30, 1835(1835-05-30)[1][2][3]
Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 2, 1913(1913-06-02)[1][2][3] (78 տարեկան)
Էշֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, գրող, լրագրող և բարիսթեր
Գործունեության ոլորտգրականություն[4]
Պաշտոն(ներ)Բանաստեղծ–դափնեկիր
Ալմա մատերԼոնդոնի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][4]
 Alfred Austin Վիքիպահեստում

Ալֆրեդ Օսթին[6] (անգլ.՝ Alfred Austin, մայիսի 30, 1835(1835-05-30)[1][2][3], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - հունիսի 2, 1913(1913-06-02)[1][2][3], Էշֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի լրագրող, բանաստեղծ։

Օսթինը ծնվել է Լիդս քաղաքի Հեդինգլի արվարձանում։ Հայրը՝ Ջոզեֆ Օսթինը, Լիդսի վաճառականներից էր, մայրը Հոնիտոն քաղաքի պարլամենտի անդամ, ինժեներ Ջոզեֆ Լոքի քույրն էր։ Սովորել է Սթոունիհերսթ և Օսքոթի քոլեջներում, 1853 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանը։ Չորս տարի անց զբաղեցրել է փաստաբանի պաշտոն, աշխատել մինչև 1861 թվականը, այնուհետև իրեն նվիրել է գրականությանը։ Այդ թվականին լույս է տեսել նրա առաջին կատակերգությունը՝ «The Season». 1870 թվականին հրատարակվել է քննադատական հոդվածների ժողովածուն՝«The Poetry of the Period», որի սատիրան ուղղված է ընդդեմ Ալֆրեդ Թեննիսոնի, Ռոբերտ Բրաունինգի, Մեթյու Առնոլդի և Ալջերնոն Չարլզ Սուինբերնի։ Գիրքը բազում քննադատությունների տեղիք տվեց։ 1881 թվականին Օսթինը նորից սկսել է բանաստեղծություններ գրել՝ ստեղծելով «Savonarola» («Սավոնարոլա») ողբերգությունը, ավելի ուշ գրել է «Soliloquies» («Մենախոսություններ», 1882 թվական), «Prince Lucifer» («Լյուցիֆեր արքան», 1887թվական), «England's Darling» (1896 թվական), «The Conversion of Winckelmann» («Վինկելմանի վերափոխումը», 1897 թվական) և այլն։

Քաղաքականության մեջ հավատարիմ մնալով պահպանողական հայացքներին՝ մի քանի տարի եղել է «The National Review» ամսագրի խմբագիր, գրախոսականներ է գրել «The Standard»[7] ամսագրի համար։ Թեննիսոնի մահից հետո՝ 1892 թվականին, ժամանակակից բանաստեղծներից և ոչ մեկը չէր կարող հավակնել բանաստեղծ-դափնեկիր (պալատական բանաստեղծ) պատվավոր կոչմանը, բացի Սուինբերնից և Ուիլյամ Մորիսից, որոնք չեն դիտարկվել տարբել պատճառներով։ Մի քանի տարի բանաստեղծ-դափնեկիր չի ընտրվել։ Այդ կոչմանը հավակնում էին մի քանի բանաստեղծներ, բայց արդյունքում 1896 թվականին այն տրվել է Օսթինին Մորիսի հրաժարականից հետո։ Որպես բանաստեղծ- դափնեկիր՝ նրա ստեղծագործությունները, որոնք նվիրված էին նշանավոր իրադարձություններին, անբարյացակամ քննադատության են ենթարկվել, ինչպես, օրինակ, 1896 թվականին գրված երկը Ջեյմսոն Ռեյդի փառաբանության մասին։

Օսթինի պոեզիան և լավագույն արձակ գործերը առանձնացել են բնության հանդեպ ունեցած անկեղծ ու նվիրական սիրով, օրինակ, «The Garden that I love» («Պարտեզ, որը ես սիրել եմ») և «In Veronica's Garden» («Վերոնիկայի պարտեզում») հովվերգությունները։ 1903 թվականին Օսթինի «Flodden Field» («Ֆլոդդենի ճակատամարտը») դրաման ներկայացվել է Լոնդոնի արքունական թատրոնում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 40
  7. «Аустин Альфред». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)