Jump to content

Ալֆրեդ Գուդուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Գուդուին
անգլ.՝ Alfred Goodwyn
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1850(1850-03-13)
ԾննդավայրԲենգալիա
Մահացել էմարտի 14, 1874(1874-03-14) (24 տարեկան)
Մահվան վայրՌուրկի, Haridwar district, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԹագավորական ռազմական ակադեմիա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ճարտարագետ

Ալֆրեդ Ջորջ Գուդուին (անգլ.՝ Alfred George Goodwyn, մարտի 13, 1850(1850-03-13), Բենգալիա - մարտի 14, 1874(1874-03-14), Ռուրկի, Haridwar district, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), անգլիացի սպա և ֆուտբոլիստ։ Ծառայել է Թագավորական ինժեներների կորպուսում և խաղացել է կորպուսի «Ռոյալ Էնջինիրս» ֆուտբոլային ակումբում, որի կազմում մասնակցել է Անգլիայի գավաթի պատմության մեջ առաջին եզրափակիչ խաղին։ Նա նաև 1 խաղ է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականի կազմում[1]:

Ալֆրեդ Ջորջ Գուդուինը ծնվել է Ռուհրհիրայում (Բենգալիա, Բրիտանական Հնդկաստան, այժմ՝ Ռուհի, Բանգլադեշ)։ 1869 թվականին նա ընդունվել է Վուլիջի Թագավորական ռազմական ակադեմիա[2]։ 1871 թվականի օգոստոսին Գուդուինը ծառայության է անցել Բրիտանական բանակում՝ Թագավորական ինժեներների կորպուսի լեյտենանտի կոչումով[3]:

«Ռոյալ Էնջինիրս» թիմը 1872 թվականին։ Գուդուինը ներքևի շարքում ձախից չորրորդն է

Գուդուինը խաղացել է Արքայական ինժեներների կորպուսի «Ռոյալ Էնջինիրս» ֆուտբոլային թիմում, հիմնականում որպես պաշտպան։ 1871/72 մրցաշրջանում նա «Ռոյալ Էնջինիրսին» օգնել է պատմության մեջ առաջին անգամ հասնելու Անգլիայի գավաթի եզրափակիչ։ Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին թիմը ոչ մի գոլ բաց չի թողել՝ հաղթելով «Հիթչինին», «Հեմփսթեդ Հիթենսին» և «Քրիսթալ Փելասին»։ Եզրափակիչ խաղում, որը տեղի է ունեցել «Քենինգթոն Օվալում» 1872 թվականի մարտի 16-ին, «Ռոյալ Էնջինիրսը» համարվել է ֆավորիտ[4], բայց ի վերջո պարտվել է «Ուոնդերերսին» 0-1 հաշվով[5]։

1873 թվականի մարտի 8-ին Գուդուինը Անգլիայի հավաքականի կազմում խաղացել է Շոտլանդիայի հավաքականի դեմ՝ «Սարի Կրիկետ Գրաունդ» մարզադաշտում։ Խաղին մասնակցել է «Ռոյալ Էնջինիրսի» ևս մեկ խաղացող՝ Փելհամ վոն Դոնոփը։ Խաղն ավարտվել է անգլիացիների հաղթանակով՝ 4-2 հաշվով։ Խաղի մասին «Glasgow Herald»-ի հաղորդագրության մեջ (1873 թվականի մարտի 10) նշվում էր. «Ա. Ջ․ Գուդուինի խաղը պաշտպանությունում… անթերի էր»[6][7]։

1874 թվականին Գուդուինը Թագավորական ինժեներների կորպուսի կազմում ուղարկվել է Հնդկաստան։ 1874 թվականի մարտի 14-ին 24-ամյա Ալֆրեդ Գուդուինը մահացել է հյուսիսային Հնդկաստանի Ռուրկի քաղաքում՝ դրանից երկու օր առաջ ձիուց ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից։ Նա դարձել է Անգլիայի հավաքականի առաջին խաղացողը, որը մահացել է[1]:

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոյալ Էնջինիրս»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Alfred George Goodwyn». England Football Online (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
  2. Warsop, Keith The Early FA Cup Finals and the Southern Amateurs, a Who's Who and Match Facts 1872 to 1883. — Tony Brown, Nottingham, 2004. — ISBN 1-899468-78-1
  3. Betts, Graham England: Player by player. — Green Umbrella Publishing, 2006. — P. 111. — ISBN 1-905009-63-1
  4. Gibbons, Philip Association Football in Victorian England — A History of the Game from 1863 to 1900. — Upfront Publishing, 2001. — P. 34—36. — ISBN 1-84426-035-6
  5. «1872 FA Cup Final: Wanderers vs Royal Engineers». FA-CupFinals.co.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին.
  6. «England Match No. 2 - Scotland - 8 March 1873 - Match Summary and Report». England Football Online (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «Match No. 2 - Saturday, 8th March 1873, 3:00pm. England 4-2 Scotland». Englandstats (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]