Ալֆոնսո Գարսիա Ռոբլես
Ալֆոնսո Գարսիա Ռոբլես իսպ.՝ Alfonso García Robles | |
Կրթություն՝ | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ, գրող, փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 20, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Zamora de Hidalgo, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանի օր | սեպտեմբերի 2, 1991[1][2][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Թաղված | Spanish Cemetery |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ի ծնե անուն | իսպ.՝ Alfonso García Robles |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ալֆոնսո Գարսիա Ռոբլես ( իսպ.՝ Alfonso García Robles, մարտի 20, 1911[1][2][3][…], Zamora de Hidalgo, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - սեպտեմբերի 2, 1991[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ, Մեքսիկայի արտաքին գործերի նախարար (1975-1976), 1982 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (Ալվա Մյուրդալի հետ միասին)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սամորայում (Միչոական նահանգ) Քուիրինոյի և Թերեզա Գարսիա Ռոբլեսի ընտանիքում։ Սկզբում մտադիր է եղել քահանա դառնալ, բայց հետո փոխել է իր միտքը՝ ընդունվելով Մեխիկոյի ազգային համալսարանի իրավաբանական բաժին։ 1933 թվականին ավարտել է միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների բաժինը, որից հետո ուսումը շարունակել է Փարիզում (1934-1937) և Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայում (1938): Դեռ Եվրոպայում լինելով՝ Ռոբլսը ընդունվել է դիվանագիտական ծառայություն և երկու տարի անցկացրել է Շվեդիայում Մեքսիկայի դեսպանությունում։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին վերադառնալով հայրենիք՝ նշանակվել է միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ապա՝ քաղաքական և դիվանագիտական ծառայության գլխավոր տնօրեն։ 1945 թվականին դարձել է Մեքսիկայի պատվիրակության անդամ Սան Ֆրանցիսկոյում կայացած խորհրդաժողովում, որի ժամանակ ստեղծվել է ՄԱԿ-ը։ Հետագայում աշխատել է Նյու Յորքի ՄԱԿ-ի քարտուղարությունում։ 1957 թվականին Մեքսիկա վերադառնալուց հետո նշանակվել է Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի վարչության պետ, որի կապակցությամբ ակտիվ մասնակցել է 1958 և 1960 թվականներին ծովի օրենքի վերաբերյալ համաժողովներին։
Խաղաղապահ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962-1944 թվականներին եղել է Բրազիլիայում Մեքսիկայի դեսպան։ 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի իրադարձություններից հետո լրջորեն մտածել է Լատինական Ամերիկայում միջուկային գոտի ստեղծելու մասին պայմանագրի մասին։
1964 թվականին նշանակվել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարի տեղակալ և այդ պաշտոնում խաղացել է Լատինական Ամերիկայում միջուկային զենքը արգելող Տլատելոլկոյի պայմանագրի (1967) ստորագրման հիմնական դերերից մեկը։
1967 թվականին նրան հանձնարարվել է գլխավորել Մեքսիկայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Ժնևի զինաթափման խորհրդաժողովում, որտեղ Ալվա Մյուրդալի հետ միասին ակտիվ մասնակցություն է ունեցել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մշակմանը, որն ընդունել են աշխարհի 115 պետություններ։
1970-1975 թվականներին եղել է ՄԱԿ-ի Մեքսիկայի ներկայացուցիչ, ապա մեկ տարի աշխատել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար։ 1977 թվականից դարձել է ՄԱԿ-ի զինաթափման կոմիտեում Մեքսիկայի մշտական ներկայացուցիչ։ Ձգտել է գերտերությունների միջև փոխզիջման հասնել սպառազինությունների մրցավազքն ավարտելու հարցում։ 1978 թվականին տեղի է ունեցել առաջին նման նստաշրջանը, որի ժամանակ Ռոբլեսը պատասխանատու է եղել բանաձևի տեքստի նախագծի պատրաստման համար, որը ոչ ֆորմալ կերպով կոչվում էր «Վերջնական փաստաթուղթ»։ 1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանում առաջարկել է կազմակերպել զինաթափման համաշխարհային արշավ։ Գերտերությունների դիրքորոշման պատճառով հնարավոր չի եղել մշակել մեկ փաստաթուղթ, բայց գաղափարը լայն աջակցություն է ստացել, և 1982 թվականի ամռանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում անց են կացվել հազարավոր հակամիջուկային ցույցեր։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Ալվա Միրդալի հետ միասին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ զինաթափման և միջազգային բանակցությունների ոլորտում քսանամյա աշխատանքի համար[6]։ Իր Նոբելյան դասախոսության ժամանակ Ռոբլսը խոսել է Տլատելոլկոյի պայմանագրի նախապատրաստման և բովանդակության մասին՝ լսարանին հիշեցնելով, որ Լատինական Ամերիկայի միջուկային գոտին, ցավոք, այլ խիտ բնակեցված տարածքներում հետևորդներ չի գտել։
1985 թվականին ընտրվել է ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի նախագահ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի առաքելությունը ղեկավարելիս Ռոբլսը հանդիպել է Պերուի պատվիրակ Խուանա Մարիա Սիսլո Վալդելոմարին, որի հետ ամուսնացել է մեկ տարի անց։ Ընտանիքն ուներ երկու որդի՝ Ալֆոնսո և Ֆերնանդո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ The Nobel Peace Prize 1982 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Альфонсо Гарсия Роблес в энциклопедии «Кругосвет».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո Գարսիա Ռոբլես» հոդվածին։ |
|
- Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 20 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Սեպտեմբերի 2 մահեր
- 1991 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Արտաքին գործերի նախարարներ
- Իսպանալեզու գրողներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Մեքսիկայի քաղաքական գործիչներ
- Մեքսիկացի գրողներ
- Մեքսիկացի դիվանագետներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ