Jump to content

Ալտու Դորու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալտու Դորու
Տեսակwine-producing region? և մշակութային ժառանգություն
Երկիր Պորտուգալիա
ՎարչատարածքVila Real?, Bragança?, Viseu? և Guarda?
Մակերես24 600 հեկտար և 225 400 հեկտար
Ջրլիցի ափինԴուերո
Քարտեզ
Քարտեզ

Ալտու Դորու (պորտ.՝ Região Vinhateira do Alto Douro), պատմական մաս Պորտուգալիայի Թրաս ուշ Մոնտիշ ի Ալտու Դորու մարզում, որտեղ ավանդական եղանակով գինի է արտադրվում արդեն ավելի քան 2.000 տարի[1]։ Շրջանը գտնվում է Դուերո գետի հովտում՝ Պորտու քաղաքից վերև. այստեղից էլ առաջացել է շրջանի անունը՝ Ալտու Դորու, որը նշանակում է Վերին Դորու։

Այստեղ արտադրվում են տարբեր տեսակի գինիներ՝ բորդոյի թույլ տեսակից մինչև բուրգունդյան հագեցած տեսակներ, սակայն Ալտու Դորուի հիմնական արտադրանքն իրավամբ համարվում է պորտվեյնը, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 18-րդ դարից[2]։

2001 թվականին գինեգործական այս շրջանն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում «որպես արտասովոր գեղեցկության մշակութային լանդշաֆտ, որն արտացոլում է շրջանի տեխնոլոգիական, սոցիալական և տնտեսական էվոլյուցիան»[1]։

Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ այս շրջանում գինեգործությունը զարգացած է եղել դեռևս մ. թ. ա. 3-4-րդ դարերում, իսկ խաղողի հայտնաբերված որոշ սերմեր վերաբերում են ավելի վաղ շրջանի[3]։ Միջնադարում՝ սկսած 12-րդ դարից, շրջանի վրա մեծ ազդեցություն են թողել ցիստերիականները, որոնք այս տեղանքում երեք եկեղեցի են կառուցել։

Պորտվեյնի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 1675 թվականին։ Այն բանից հետո, երբ Անգլիայի և Պորտուգալիայի միջև կնքվել է Մետուենի պայմանագիրը (1703), Պորտուում կառուցվել են բրիտանական բազմաթիվ նավահանգիստներ, որոնք նպաստել են պորտվեյնի տարածմանը։ Նպատակ ունենալով վերահսկել այս արտադրատեսակի արտադրությունն ու առևտուրը՝ Պորտուգալիայի թագավորը 1756 թվականի սեպտեմբերի 10-ին հրաման է ստորագրել պորտվեյնի արտադրության համար հողատարծքներ հատկացնելու մասին։ Ալտու Դորուն դարձել է աշխարհում գինեգործական առաջին շրջանը՝ օրենքով ամրագրված սահմաններով։ Ի սկզբանե խաղողի սանդղավանդները տեղակայված են եղել ժամանակակից Ալտու Պորտուի արևմտյան հատվածում, սակայն ժամանակի հետ դրանք տարածվել են դեպի արևելյան առավել տաք կլիմա ունեցող հատված։

19-րդ դարում Ալտու Դորուի խաղողի սանդղավանդները մի քանի անգամ վնասվել են հիվանդություններից. 1852 թվականի դրանք վնասվել են կեղծ ալրացողային սնկերից, իսկ 1863 թվականին՝ ֆիլոսկերայից։

20-րդ դարի կեսերին այստեղ արտահանման նպատակով սկսել են արտադրել սեղանի գինի, որը մինչ այդ դուրս չէր հանվել շրջանից։ Էնոլոգ Ֆերնանդու Նիկոլաու դե Ալմեյդան առաջին անգամ այս շրջանում սեղանի գինի է արտադրել այն բանից հետո, երբ պատերազմի տարիներին այցելել է ֆրանսիական Բորդո։ Արդյունքում 1952 թվականին առաջին անգամ Դորու Սուպերիոր ենթաշրջանի խաղողի վազերից արտադրվել է Barca Velha գինի։ Գինու նոր տեսակներն արտադրվել են նաև 1970-ական թվականներին՝ հատկապես 1990-ականներին։ Վերջինս պայմանավորված է եղել Պորտուգալիայի՝ Եվրամիություն մտնելով (1986) և այս ոլորտում մենաշնորհների վերացմամբ[4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանն ատլանտյան քամիներից պաշտպանված է Մարան և Մոնտեմուրո լեռներով և բնորոշվում է չափավոր ցամաքային կլիմայով։ Ամառները շատ շոգ են, ձմեռները՝ ցուրտ։

Ալտու Դորուն սովորաբար բաժանում են երեք ենթաշրջանների։ Արևմուտքից արևելք ուղղությամբ դրանք են[5].

  • Ստորին Կորգո (պորտ.՝ Baixo Corgo): Զբաղեցնում է 14.000 հա ցանքատարածք։ Այս շրջանում ամենից շատ են տեղումներ լինում, կլիման մեղմ է։ Չնայած ենթաշրջանը պատմականորեն առաջինն է գինի արտադրել, սակայն ընդհանուր առմամբ տեղի խաղողը պակաս արժեքավոր է մյուս երկու ենթաշրջանների խաղողի համեմատությամբ։
  • Վերին Կորգո (պորտ.՝ Cima Corgo): Ամենախոշոր ենթաշրջանն է, որն ունի 19.000 հա ցանքատարածք։ Կենտրոնը Պինյան գյուղն է։
  • Դորու Սուպերիոր (պորտ.՝ Douro Superior), առավել չոր և շոգ ենթաշրջան է։ Զբաղեցնում է 8.700 հա ցանքատարածք, փռվում է մինչև Իսպանիայի սահման։

Խաղողը հիմնականում աճեցվում է սանդղահարթերի եղանակով։ Պորտվեյնի արտադրության համար խաղողի վազերը տնկում են թերթաքարային հողում, սեղանի գինիների համար՝ գրանիտային հողում։

Խաղողի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտու Դորուում աճեցվող խաղողի հիմնական տեսակներն են բաշտարդուն, մորիշկու տինտան, բարոկա տինտան, տինտա կանը, տինտա ռորիշը, տորիգա ֆրանցեզան, տորիգա նասիոնալը (մուգ տեսակներ) դոնզելինյո բրանկուն, գովեյուն, մալվազիան, ռաբիգատուն և վիոզինյոն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Алту-Доуру на сайте ЮНЕСКО
  2. 2,0 2,1 Стивенсон Т. The Sotheby's Wine Encyclopedia ISBN 0-7566-1324-8 Dorling Kindersley, 2005, стр. 331.
  3. UNESCO: Alto Douro (Portugal) No 1046
  4. Wine Access: Portugal’s dry wine revolution Արխիվացված 2009-09-11 Wayback Machine
  5. Wine Anorak: The Douro wine revolution Part 1: Overview

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտու Դորու» հոդվածին։