Ալոտրոպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամանդը և գրաֆիտը ածխածնի ալոտրոպ ձևափոխություններ են։

Ալոտրոպիա կամ ալոտրոպություն (հին հուն․՝ αλλος - «այլ», τροπος - «ձև, հատկություն», շրջադարձ, ուղղություն), կոչվում միևնույն քիմիական տարրերի մի քանի պարզ նյութերի ձևով գոյություն ունենալու երևույթը։ Միևնույն տարրից կազմված պարզ նյութերը կոչվում են այդ տարրի ալոտրոպ ձևափոխություններ։

Ալոտրապիան պայմանավորված է նյութի մոլեկուլում տարբեր թվով ատոմներ պարունակելու ունակությամբ (օրինակ, թթվածինը՝ O2 և օզոնը՝ O3) կամ պոլիմորֆիզմով (օրինակ, ալմաստը, գրաֆիտը)։ Ալոտրոպային ձևափոխությունները տարբերվում են ֆիզիկական հատկություններով, երբեմն՝ նաև քիմիական ակտիվությամբ։ Հայտնի քիմիական տարրերի համար գտնված են 400 ալոտրոպային ձևափոխություններ։

Օրինակ, ածխածին էլեմենտի երկու ամենատարածված ալոտրոպ ձևափոխություններն են ադամանդը և գրաֆիտը։ Ադամանդում և գրաֆիտում ածխածնի ատոմները շարված են միմյանց նկատմամբ տարբեր բյուրեղային դասավորվածությամբ։

Ալոտրոպիան վերաբերում է միայն միևնույն քիմիական էլեմենտի տաբեր պարզ նյութերի գոյակցությանը միևնո՛ւյն ֆազային վիճակում (պինդ մարմին, հեղուկ, գազ)։ Նյութի ֆազային անցումները չեն համարվում ալոտրոպ ձևափոխություններ։ Որոշ էլեմենտների մոտ ալոտրոպ ձևափոխությունները պահպանում են նույն քիմիական բանաձևը նյութի տարբեր վիճակներում։ Օրինակ, թթվածնի երկու ալոտրոպ ձևափոխությունները (O2 և օզոն, O3) կարող են պահպանել ալոտրոպիան պինդ մարմնային, հեղուկ և գազային վիճակներում։ Որոշ էլեմենտներ էլ չեն պահպանում ալոտրոպիան ֆազային անցումների ժամանակ։ Օրինակ, ֆոսֆորը ունի տարբեր ալոտրոպ ձևափոխություններ պինդ մարմնային վիճակում, սակայն հեղուկի անցնելիս բոլորն էլ անցնում են P4 ձևին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png