Ալմաստ Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալմաստ Զաքարյան
Ծնվել էհունվարի 22, 1923(1923-01-22)
Փառակա, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 28, 2013(2013-07-28) (90 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Ալմաստ Գրիգորի Զաքարյան (հունվարի 22, 1923, Փառակա, Նախիջևանի ԻԽՍՀ, Օրդուբադի շրջան (Գողթն-Գողթան գավառ) - հուլիսի 28, 2013, Երևանհայ գրականագետ, գրաքննադատ, բնագրագետ, գրականության պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից, ԽՄԿԿ անդամ 1953 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմաստ Զաքարյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 22-ին Նախիջևանի ԻԽՍՀ Օրդուբադի շրջանի Գողթն-Գողթան գավառի Փառակա գյուղում, հողագործ գյուղացու ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում, ապա 1937 թվականից այն շարունակել Երևանի մանկավարժական ուսումնարանում։ Այսպես կոչված՝ սպիտակ ֆինների դեմ մղված պատերազմի օրերին՝ 1939 թվականին, մոբիլիզացվել և որպես ուսուցիչ աշխատել է Բասարգեչարի (Վարդենիսի) շրջանի Կարմիր Վանք գյուղում։ 1940 թվականին ընդունվել և 1944 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1945 թվականի հունվարի 8-ին, իր դասախոսների երաշխավորությամբ, որպես լաբորանտ աշխատանքի է անցել ԳԱԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որտեղ և աշխատում է որպես առաջատար գիտաշխատող։ 1951 թվականին «Սուրեն Սպանդարյանը և գրականության հարցերը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրության թեկնածուի աստիճան։ 1976 թվականին «20-րդ դարի սկզբի հայոց բանաստեղծությունը» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և արժանացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Լայն ու տարողունակ է Ալմաստ Զաքարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ խորհրդահայ գրականության պատմության ու գրական քննադատության ակունքներից մինչև ժամանակակից գրականության տեսության հարցերը, 20-րդ դարասկզբի հայ գեղարվեստական գրականության զարգացման ընթացքից մինչև Դեմիրճյանի, Բակունցի, Չարենցի, նորագույն շրջանի հայ բանաստեղծների ու արձակագիրների ժառանգության քննությունը։ Այս հարցերին նա նվիրել է հարյուրավոր հոդվածներ, հրապարակումներ, գրախոսություններ, գրքեր[1][2]։ «Եղիշե Չարենց. կյանքը, գործը, ժամանակը» վերնագրով մենագրության երեք հատորներում (Երևան, 1997), (Երևան, 2003), (Երևան, 2008) փաստական-հուշագրական վկայակոչումներով և բանաստեղծական վերլուծությամբ ներկայացվում են Չարենցի կյանքը, գործն ու ժամանակը` ներառյալ 1927 թվականը[3]:

1970-ական թվականներին Զաքարյանը հրատարակել է «XX դարի սկզբի հայոց բանաստեղծությունը (ակունքները և զարգացման ուղիները)» (գ. 1, Երևան, 1973) և «XX դարի սկզբի հայոց բանաստեղծությունը (ակունքները և զարգացման ուղիները). Քնարերգություն» (գ. 2, Երևան, 1977) երկհատորյակը: Աշխատության մեջ քննվում են XX դարասկզբի հայ բանաստեղծության զարգացման ընթացքը, գեղարվեստական առանձնահատկությունները, ցույց է տրվում, թե դարամուտի պոեզիան, մասնավորապես Հովհհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի ստեղծագործությունները ինչ առնչություններ ունեն մեր տոհմիկ ավանդների և համաշխարհային գեղարվեստական մտայնությունների հետ, միաժամանակ բնութագրվում են նրանց որակական նոր կուտակումները, պոեզիայի առանձնահատկությունների քննության ընթացքում վերլուծության նյութ են ծառայում բանաստեղծական առավել բնորոշ երևույթներ[4]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն Սպանդարյանը և գրականության հարցերը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1956, 211 էջ:
  • Սովետահայ գրականության անցած ուղին, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1957, 41 էջ:
  • XX դարի սկզբի հայոց բանաստեղծությունը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1973, 329 էջ:
  • XX դարի սկզբի հայոց բանաստեղծությունը, գիրք 2, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1977, 440 էջ:
  • Ավանդների ուժը, ժողովածու, 1981:
  • Ազատասիրական գաղափարները հայ հրապարակախոսության մեջ, Երևան, 1820-1920, 1982:
  • Գրական արձագանքներ և հուշեր, Երևան, 1985:
  • Գրականության և պատմության ընթացքները, ժողովածու, Երևան, 1989
  • Եղիշե Չարենց. կյանքը, գործը, ժամանակը, Երևան 1997, 2003, 2008:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]