Ալմանսայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa Illustration Elements Building Castle.svg
Ալմանսայի ամրոց
իսպ.՝ Castillo de Almansa
Castillo de Almansa sobre el cerro del Aguila.jpg
Տեսակ դղյակ և հուշարձան[1]
Վարչական միավոր Ալմանսա[1]
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա[1]
Կառուցված 12-րդ դար
Կոորդինատներ: 38°52′17.601600099994″ հս․ լ. 1°5′36.2292001″ ամ. ե. / 38.87155600002777334° հս․. լ. 1.093397000028° ավ. ե. / 38.87155600002777334; 1.093397000028
Ալմանսայի ամրոցը գտնվում է Իսպանիաում
Ալմանսայի ամրոց
Castillo de Almansa Վիքիպահեստում

Ալմանսայի ամրոց (իսպ.՝ Castillo de Almansa), արաբների կողմից կառուցված, ապա կաթոլիկների կողմից հիմնավորապես վերանորոգված պաշտպանական կառույց Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի Ալբասետե պրովինցիայի Ալմանսա քաղաքում[2]: Հիմնադրվել է 12-րդ դարում Ալ-Մոհադների տոհմի ներկայացուցիչների կողմից[2], առաջին անգամ վերանորոգվել է 14-րդ դարում իսպանացի Խուան Մանուելի կողմից[3]: 15-րդ դարում ենթարկվել է երկրորդ, ավելի զգալի վերանորոգման մարքիզ Խուան Պաչեկոյի ղեկավարությամբ[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկոնկիստայի ուշ շրջանում ժամանակակից Ալմանսա քաղաքի տարածքը եղել է սահման քրիստոնեական Կաստիլիայի ու Արագոնի թագավորությունների և մուսուլմանական Մուրսիայի (Ալ-Անդալուսի մի մասը) միջև[4]: Այդ տարածքում 12-րդ դարում մուսուլմանները հիմնադրում են բերդ-ամրոց: Որպես ամրոցի շինարարության վայր ընտրվել է ժայռապատ ամրոցը, որ շինարարությանը կապահովեր լրացուցիչ պաշտպանություն մի կողմից[4]: 13-րդ դարում ամրոցը գրավվել է քրիստոնյաների կողմից, որոնց ղեկավարում էր Խայմե I թագավորը: Դրանից հետո ամրոցն ընդլայնվել է ու ավելի ամրացվել[5]:

Հետագա մի քանի դարերի ընթացքում բերդն ունեցել է տարբեր տերեր, 13-րդ դարում մի որոշ ժամանակ եղել է Տաճարականների միաբանության սեփականություն: 15-րդ դարում անցել է Կաստիլիայի Խուան Պաչեկո մարքիզի տիրապետության տակ, ով՝ որպես Վիլենի երկրորդ մարքիզ, զգալի փոփոխություններ է կատարել ամրոցում, որոնց արդյունքում կառուցվել են դոնժոնը, պատերի կիսաշրջանաձև աշտարակները ու պաշտպանական հրակնատը: Կորցնելով իր ռազմավարական նշանակությունը՝ 14-րդ դարից ամրոցն Իսպանիայի շատ այլ ամրոցների նման երկար ժամանակ եղել է լքված և ավերվել է:

1919 թվականին Ալմանսայի քաղաքապետը հանդես է եկել ամրոցը քանդելու առաջարկությամբ[2], սակայն Պատմության թագավորական ակադեմիայի ու Սան Ֆեռնանդոյի կերպարվեստի թագավորական ակադեմիայի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ ամրոցը ոչ միայն պահպանվել է, այլև 1921 թվականին ստացել է Իսպանիայի պատմա-գեղարվեստական ազգային հուշարձանի կարգավիճակ[6]: 1952 թվականից ամրոցում անցկացվում են վերակառուցողական աշխատանքներ, որոնց նպատակն է շինությանը տալ այն տեսքը, ինչ այն ուներ Պաչեկոյի դարաշրջանում[2]:

Ամրոցի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է հարաբերականորեն փոքր ժայռի վրա, որն ունի «Արծվի բլուր» (իսպ.՝ Cerro del Águila) պատմական անունը: Ամրոցն ունի տարբեր բարձրությունների վրա գտնվող մի քանի մակարդակներ[3]: Ամենաբարձր մակարդակում գտնվում է դոնժոնը: Ամրոցն ունի մի քանի գետնուղիներ, արևելյան ու արևմտյան կողմերում կան դարպասներ, սակայն ներկայում օգտագործվում են միայն արևմտյան դարպասները[4]: Դոնժոնի աշտարակը ունի նկուղ, որտեղ կարելի էր իջնել առաջին հարկի հատակին գտնվող դռնակով, ներկայում գոյություն չունեցող միջանկյալ հարկից կամ աշտարակի վերին հատվածում գտնվող պատշգամբից, ուր կարելի էր բարձրանալ ժայռի մեջ փորված պտուտակաձև աստիճաններով: Ամրոցի պատերը գոտեորել են ժայռը, անկյուններում տեղակայված են կիսաշրջանաձև աշտարակները, պատերը վերևում ատամնաձև են:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի ամրոցներ․ Ալմանսայի ամրոց; castillosnet.org (իսպ.)
  • Տուրիզմը Կաստիլիա-Լա Մանչայում․ Ալմանսայի ամրոց; turismocastillalamancha.es (իսպ.)
  • Պատկերասրահ; minube.com (իսպ.)