Ալխո (վիպակ)
| Ալխո | |
|---|---|
| Ժանր | վիպակ |
| Հեղինակ | Հրանտ Մաթևոսյան |
| Երկիր | Հայաստան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Կերպարներ | Ալխո, Գիքոր, Անդրո, Հենրիկ, Սիմոն, Մակբեթ |
| Հրատարակչություն | Նաիրի |
| Հրատարակվել է | 1990 |
| Թվային տարբերակ | hrantmatevossian.org/hy/works/id/alkho |
«Ալխո», հայ գրող Հրանտ Մաթևոսյանի վիպակներից, ընդգրկված է «Օգոստոս» ժողովածուի մեջ, որը լույս է տեսել 1967 թվականին։
Գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Միամտություն կլինի կարծել, որ «Բեռնաձիեր» շարքի նպատակը տարբեր ձիերի նկարագրությունն է, և կամ սրանք ստեղծագործություններ, պատմվածքներ են ձիերի մասին, պատմություններ, որտեղ պարզապես ձիեր են ներկայացվում։ Հենց այստեղ էլ պետք է փնտրել ձիու` հստակ պայմանական իմաստը, ձիու` իբրև խորհրդանիշի իրացումը։ Վերջին հաշվով, «Բեռնաձիեր» շարքը առաջին հերթին գյուղացի մարդուն նկարագրող, նրա մտքերը, զգացմունքները, հոգեբանությունը վեր հանող պատմվածքների հերթագայություն է։
Կարելի է նաև պնդել, որ բեռնաձիերը այստեղ ոչ այնքան այն ձիերն են, որոնք հայտնվում են պատմվածքներում, այլ այն մարդիկ, որոնք պատկերվում են ստեղծագործություններում, դառնում հերոսներ` իրենց մեջ ներառելով աշխատավոր գյուղացու, դժվարությունների միջով անցնող մարդու հավաքական կերպարներ[1]։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին նախադասությունն ու մուտքը երկխոսություն է, որտեղ հերոսը միանգամից վերաբերմունք է ցույց տալիս ձիու հանդեպ, խոսում նրա կարևորության և անհրաժեշտության մասին. «-Ախար սարն էի գնալու, սարում ես էլ գործ ունեի, է... -Սա՞րն էիր գնալու, - իբր թե մոլորվեց Գիքորը։ -Բա ո՞նց անենք»[2]։
Այսպիսով` Ղազախ գնալու համար Ծմակուտ գյուղի բնակիչ աղվես Գիքորը իր համագյուղացի Անդրոյին խնդրում է տալ Ալխո անունով ձիուն: Անդրոն համաձայնվում է, բայց նաև խնդրում շատ չբարձել իր կենդանուն։ Զրույցի ընթացքում Գիքորը կշտամբում է Անդրոյին. «- էգուց էս տանձից մի հատ չլինի վրան։ Քո տո՜ւնը շինվի, ձեռիցդ հազար է թռչում, դու օրը ցերեկով քուն ես մտնում»[3]։ Հետո Գիքորը նկատողություն է անում նաև ձորի աղջիկներին.«-Հասած աղջիկ եք, մոռը հոտում է, մոռն ի՞նչ է` խաղ է, գնացեք քաղեցեք, ձմեռը մուրաբա կունենաք»[4]։ Նման դրվագներում Գիքորը, որ էությամբ աշխատասեր էր, դատապարտում է ծուլությունը։
Գիքորը Ալխոյին տանում է դարբինների մոտ, որոնց կողմից պայտվելու համար Ալխոն գոհ էր. չէ՞ որ ճանապարհները կոշտ էին։ Սակայն մեխը մտնում է նրա նյարդերի մեջ, և ձին ճանապարհը շարունակում է անցնել կաղալով։ Նա տանջվում էր նաև շոգից, բոռերի ու շների հարձակումներից, օձի խայթոցից։ Ճանապարհին բեռը (պանիր, հավեր, քամած մածուն) շարունակ ավելանում էր՝ տանձուխնձոր, վարունգ, որ տալիս է պահակը Գիքորի հետ խոսելուց հետո: Նման պայմաններում Ալխոն երազում էր արածել մի կանաչ հովտում, որի տեղը ոչ մի մարդ չէր իմանա։ Թեև այս ձին ենթարկվում էր ծանր փորձությունների, բայց շարունակում էր մնալ բարի ու մտածում էր. «Ու հետո բսնեին գայլերը. կուշտ ու բարի Ալխոն նրանց չտանջեր, իրեն նրանց տար ուտելու, թող ուտեին»[5]։ Գրեթե համանման ցանկություն ուներ նաև Գիքորը. «Գիքորն ուզեց քնել, հիշեց Ծմակուտի կանաչ գերեզմանոցը, ուզեց մեռնել ու քնել երկա՜ր, երկար»[6]։ Գիքորը ինքը մի Ալխո է, մի չարչարված, վաստակած, հոգնությունից հանգիստ վախճան երազող մի բեռնաձի[7]։
Ապա Ալխոն կանգնում է մի արտի մոտ, բայց Գիքորը, ով մտադիր էր այդտեղից կարտոֆիլ գողանալ, ճիպոտով ստիպում է նրան արտ մտնել: Ալխոն մտածում է. «Մարդիկ զարմանալի են, մի բան մի ժամանակ չի կարելի, նույն բանը մի ուրիշ ժամանակ, ահա, կարելի է։ Ինքը մենակ արտ չի մտնում, որովհետև միթևանի հանդապահը գոռգոռում է, տանում օրերով փակում են ցեխ գոմում, ինքը չի ուզում փակվել ցեխ գոմում, իսկ ահա ծեծեցին դրա համար։ Մտնում ես` ծեծում են, չես մտնում` ծեծում են»[8]։ ․Պատահական չէ, որ քսան տարի է` Ալխոն շալակել է մարդկանց և նրանց բեռը, բայց այդպես էլ չի կարողացել հասկանալ մարդկանց։ Ապա նրանց վրա հարձակվում է մի կարմիր շուն։ Դրանից Ալխոն խրտնում, առաջ է նետվում ու հասնում Սիմոնի տուն: Սիմոնի որդի Մակբեթը Ալխոյին տանում է աղբյուր: Մակբեթը այլ տղաների հետ ձիու պոչը կապում է մոտոցիկլին, լապտերը՝ ճակատին: Այդ տեսնելով` Գիքորը ափսոսում է. «Նրանք խոտ էին հնձելու, բայց ահա խաղ էին անում խաղալիքներով»[9]։ Գիքորը ներքուստ զայրանում է Ղազախի այդ մեծ գյուղերից մեկի բնակիչների վրա, քանի որ տեղի աղջիկները՝ անամոթ, երեխաները՝ չլսող, իսկ տղամարդիկ անբան էին:
Գիքորը պատերազմի ժամանակ կարողացել էր իր որդուն ազատել ռազմաճակատ գնալուց։ Այդ դեպքից հետո կանայք նրան կնքել էին աղվես մականունով։ Գիքորի Հենրիկ որդին ապրում էր Կիրովականում, բայց Գիքորը շարունակում էր բնակվել Ծմակուտում։ Նրա միտքը Ծմակուտի չորացող խոտի, հասնող կարտոֆիլի, դեզի հետ էր, ուստի նա չէր կարող տեղափոխվել այդտեղից։ Մի անգամ հայրը գնացել էր որդու տուն, ոչխարի խորոված էր արել, բայց նրան չէին էլ սպասել, կերել էին նախքան նրա ներս մտնելը։ Մի ուրիշ անգամ էլ որդին էր իր ընկերների հետ եկել Ծմակուտ, քեֆ արել, ապա հեռացել գյուղից առանց հորը տեսնելու։ Չարքաշ Ալխոն ու Գիքորը իրենց էությամբ հակադրված են ծույլ ու անհոգ կենցաղ վարող Սիմոնին, Մակբեթին, Հենրիկին։
Վիպակի ավարտին Գիքորն ու Ալխոն վերադառնում են Ծմակուտ, իսկ Անդրոյին իր մայրը հայտնում է, որ նրա եղբոր որդին երկու օր է` գտնվում է կայարանում գյուղ հասնելու համար սպասում է ձիու։ Անդրանիկն ասում է.«-Բա էն ձին մեղավո՞ր է, որ կայարանում է, այ մեր»[10]...
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրանտ Մաթևոսյանի մասին տե՜ս նաև [11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մաթևոսյանական ընթերցումներ, Երևան, ՀՌՀ հրատ․, 2023, 163 էջ.
- ↑ Մաթևոսյանական ընթերցումներ, Երևան, ՀՌՀ հրատ․, 2023, 163 էջ.
- ↑ Մաթևոսյան Հր., Վիպակներ, Երևան, «Նաիրի» հրատ., 1990, 736 էջ.
- ↑ Մաթևոսյան Հր., Վիպակներ, Երևան, «Նաիրի» հրատ., 1990, 736 էջ.
- ↑ Մաթևոսյան Հր., Վիպակներ, Երևան, «Նաիրի» հրատ., 1990, 736 էջ.
- ↑ Մաթևոսյան Հր., Վիպակներ, Երևան, «Նաիրի» հրատ., 1990, 736 էջ.
- ↑ Կիմ Աղաբեկյան, Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988 թ., 356 էջ.
- ↑ Մաթևոսյան Հր., Վիպակներ, Երևան, «Նաիրի» հրատ., 1990, 736 էջ.
- ↑ Մաթևոսյան Հր., Վիպակներ, Երևան, «Նաիրի» հրատ., 1990, 736 էջ.
- ↑ Մաթևոսյան Հր., Վիպակներ, Երևան, «Նաիրի» հրատ., 1990, 736 էջ.
- ↑ ShoghakatTVcompany (2017-07-20), Հրանտ Մաթևոսյան, Վերցված է 2025-02-27-ին