Jump to content

Ալլա Գորսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլա Գորսկայա
ուկրաիներեն՝ Алла Олександрівна Горська
Ծնվել էսեպտեմբերի 18, 1929(1929-09-18)[1]
ԾննդավայրՅալթա
Վախճանվել էնոյեմբերի 28, 1970(1970-11-28)[2] (41 տարեկան)
Մահվան վայրՎասիլկով[3]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՏարաս Շևչենկոյի անվան գեղարվեստի դպրոց (1948) և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, վիզուալ արտիստ և այլախոհ
ԹեմաներԿերպարվեստ[4] և human rights protection?[4]
ՀայրԱլեքսանդր Գորսկի
ԱմուսինՎիկտոր Զարեցկի[1]
ԶավակներAlexey Zaretsky?
 Alla Hors'ka Վիքիպահեստում

Ալլա Ալեքսանդրովնա Գորսկայա (ուկրաիներեն՝ Алла Олександрівна Горська, սեպտեմբերի 18, 1929(1929-09-18)[1], Յալթա - նոյեմբերի 28, 1970(1970-11-28)[2], Վասիլկով[3]), ուկրաինացի խորհրդային նկարչուհի, այլախոհ, 1960-ականների իրավապաշտպանական շարժման գործիչ Ուկրաինական ԽՍՀ-ում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլան ծնվել է Յալթայում, 1929 թվականին։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Վալենտինովիչ Գորսկին, խորհրդային կինոարտադրության կազմակերպիչներից էր, ով 1931 թվականին դարձել է Յալթայի կինոստուդիայի տնօրեն։ 1932 թվականին Ալեքսանդր Վալենտինովիչն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ զբաղեցրել է «Վոստոկֆիլմ» տրեստի արտադրության ղեկավարի պաշտոնը, իսկ 1933 թվականին տեղափոխվել է Լենինգրադ, նշանակվել է Լենինգրադի կինոստուդիայի փոխտնօրեն, այնուհետև՝ տնօրեն։ Պատերազմից հետո աշխատել է որպես Օդեսայի և Կիևի կինոստուդիաների տնօրեն։

Պատերազմի սկզբում 11-ամյա Ալլան՝ մոր և ավագ եղբոր՝ Արսենիի (մահացել է 1943 թվականի ապրիլին, Լենինգրադի ճակատամարտում՝ հետևակային մարտում) հետ գտնվել է Լենինգրադում։ Շրջափակումից փրկվելով՝ 1943 թվականի ամռանը Ալլան և նրա մայրը տարհանվել են Ալմա-Աթա, որտեղ Ալեքսանդր Վալենտինովիչն արդեն աշխատում էր միացյալ կինոստուդիայում։ Ընտանիքը երկար չի մնացել Ալմա-Աթայում և 1943 թվականի վերջին տեղափոխվել է Կիև։

1946-1948 թվականներին Ալլա Գորսկայան սովորել է Կիևի Շևչենկոյի անվան գեղարվեստի միջնակարգ դպրոցում, որտեղ նրա մասնագիտության ուսուցիչն է եղել Վլադիմիր Բոնդարենկոն։ Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Կիևի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետ։ Նրա ուսուցիչներն են եղել Մ. Շարոնովը և Սերգեյ Գրիգորևը։ 1952 թվականի ամռանն ամուսնացել է նույն բուհի ուսանող Վիկտոր Զարեցկու հետ։ Երկու տարի անց, ինստիտուտն ավարտելուց հետո, Գորսկայան իր մասնագիտությամբ աշխատել է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչության բնագավառում։

Ալլա Գորսկայան ողբերգականորեն մահացել է 1970 թվականի նոյեմբերի 28-ին Վասիլկով քաղաքում, ըստ պաշտոնական վարկածի, սկեսրայրը կացնով հարվածել է նրա գլխին և սպանել․ նա դա արել է ՊԱԿ-ի հրահանգով։ 1970 թվականի դեկտեմբերի 7-ին Կիևի քաղաքային (Բերկովեցկոե) գերեզմանատանը Գորսկայայի հուղարկավորությունը վերածվել է բողոքի ցույցի։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքափորական շարքի աշխատանքների հիման վրա 1959 թվականին Գորսկայան ընդունվել է Նկարիչների միություն։ 1960-ականների «հալոցքի» վերելքի ժամանակահատվածում աշխատել է Չեռնոբիլի շրջանի գյուղերում, որտեղ ստեղծել է «Պրիպյատ։ Լաստանավ», «Աբետկա», «Հաց» կտավները։ Նկարչուհին մշակել է դեկորացիայի էսքիզներ «Դանակ արևի տակ» ներկայացումների համար՝ ըստ Ի. Դրաչի պոեմի, Մ. Կուլիշի «Այդպես է կորել Գուսկան», Մ. Ստելմախի «Ճշմարտությունն ու կեղծիքը» (ռեժիսոր՝ Լեոնիդ Տանյուկ) ներկայացումների համար։ Սակայն բեմադրության պատրաստ ներկայացումները արգելվել են։

1964 թվականին Ալլա Գորսկայան, համագործակցելով Աֆանասի Զալիվախայի, Լյուդմիլա Սեմիկինայի, Գալինա Սևրուկի և Գալինա Զուբչենկոյի հետ, Կիևի համալսարանում ստեղծել է «Շևչենկո։ Մայրիկ» վիտրաժը։ Սակայն համալսարանի ղեկավարությունը կուսակցության քաղկոմի հրահանգով քանդել է վիտրաժը։ Դրանից հետո հրավիրված հանձնաժողովը նրան որակել է որպես գաղափարապես թշնամական։ Գորսկայային հեռացրել են Նկարիչների միությունից, սակայն մեկ տարի անց վերականգնել են։

Գորսկայան բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ է՝ «Ինքնադիմանկար որդու հետ» (1960), «Հոր դիմանկարը» (1960), «Այբուբեն» (1960), «Գետի մոտ» (1962-1963), «Վասիլի Սիմոնենկոյի դիմանկարը» (1963) և այլն։ Նրա գրաֆիկական աշխատանքներում Տարաս Շևչենկոյի, Ա.Դովժենկոյի կերպարներին տրվել է նոր մեկնաբանություն։ Ամուսնու՝ Վ. Զարեցկու, համախոհ նկարիչներ՝ Գ. Սինիցայի, Գ.Մարչենկոյի, Բ.Պլաքսիի, Վ.Սմիրնովի հետ նկարչուհին ստեղծել է մի շարք մոնումենտալ գործեր Դոնեցկում, Կիևում, Կրասնոդոնում, որոնք նշանավորվել են ուկրաինական բարոկկոյի և մեքսիկական մոնումենտալիզմի ազդեցությամբ։ Նրա ստեղծագործությունները հիմնված են Կիևի ակադեմիական դպրոցի, ժողովրդական արվեստի, 1920-ականների ուկրաինական ավանգարդիզմի, բոյչուկիզմի ավանդույթների վրա։

Ալլա Գորսկայայի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները գտնվում են Ազգային արվեստի թանգարանում (Կիև), Ա. Շեպտիցկու անվան Ազգային արվեստի թանգարանում (Լվով), Նորթոնի և Նենսի Դոջերի (Ռուտգերսի համալսարան) խորհրդային նոնկոնֆորմիզմի աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկում, Չեկպոինտ Չարլիի Բեռլինի պատի թանգարանում և այլն։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլա Գորսկայան Լես Տանյուկի, Վասիլի Սիմոնենկոյի և Իվան Սվետլիչնիի հետ եղել է Կիևի «Սովրեմեննիկ» ստեղծագործական երիտասարդական ակումբի կազմակերպիչներից և ակտիվ անդամներից մեկը (1959-1964)։ Նա մասնակցել է գրական-գեղարվեստական երեկոների կազմակերպմանը, Շևչենկոյի ամենամյա տոների նախապատրաստմանը և այլն։

1962 թվականին Գորսկայան Վասիլի Սիմոնենկոյի և Լեոնիդ Տանյուկի հետ Բիկովնյայում, Լուկյանովսկու և Վասիլկովսկու գերեզմանոցներում հայտնաբերել են 1930-1940-ական թվականներին ՆԳԺԿ-ի կողմից գնդակահարվածների թաղման վայրերը, որոնց մասին հայտարարություն է ներկայացվել Կիևի քաղաքային խորհուրդ («Հուշագիր № 2»):

Գորսկայան, լինելով «վաթսունականների» խմբի անդամ, ակտիվ մասնակցություն է ունեցել ուկրաինական իրավապաշտպանական շարժմանը։ Նա ֆինանսապես և բարոյապես աջակցել է քաղբանտարկյալների ընտանիքներին, նամակագրության մեջ է եղել նրանց հետ։ 1966 թվականի ապրիլին նա միջնորդություն է ներկայացրել Պ. Զալիվախայի պաշտպանության համար։ Բանտից վերադարձող այլախոհները հաճախ դիմել են նրան օգնության խնդրանքով։

Գորսկայան մասնակցել է Վ. Չեռնովոլի դատավարությանը, որը տեղի է ունեցել 1967 թվականի սեպտեմբերի 15-ին, Լվովում, որտեղ նա մի խումբ կիևցիների հետ բողոքել է դատարանի անօրինական վարքագծի դեմ։ 1968 թվականի ապրիլին նա ստորագրել է 139 գիտնականների և մշակույթի գործիչների բողոքի նամակը ԽՍՀՄ ղեկավարներին՝ այլախոհների ձերբակալությունների և փակ դատավարությունների հետ կապված և կրկին հեռացվել Նկարիչների միությունից։

1965-1968 թվականներին ուկրաինացի այլախոհների բռնությունների դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար Գորսկայան հետապնդվել է խորհրդային անվտանգության ուժերի կողմից։ Ամբողջ Կիևում և Ուկրաինայում լուրեր են տարածվել Արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից ղեկավարվող Բանդերական ահաբեկչական կազմակերպության գոյության մասին։ Գորսկայային համարել են այդ կազմակերպության ղեկավարներից մեկը։

1970 թվականին Գորսկայային կանչել են Իվանո-Ֆրանկովսկ ձերբակալված Վ. Մորոզի գործով հարցաքննության, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալ։ Մահվանից մի քանի օր առաջ նա բողոք է ներկայացրել Ուկրաինական ԽՍՀ Գերագույն դատարան՝ Վ. Մորոզի նկատմամբ կայացված դատավճռի անօրինականության և դաժանության վերաբերյալ։

Մահվան վարկածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննությունը, որը վարել է Կիևի մարզի դատախազությունը, եկել է այն եզրակացության, որ Գորսկայային սպանել է սկեսրայրը անձնական թշնամանքի պատճառով, որից հետո նա ինքնասպան է եղել։ Ոչ պաշտոնական վարկածներից մեկը սպանությունը վերագրում է ՊԱԿ-ին[5], որն իբր վրեժխնդիր է եղել Գորսկայայից՝ Լ.Տանյուկի և Վ.Սիմոնենկոյի հետ միասին Բիկովնյայում ՆԳԺԿ-ի կողմից գնդակահարվածների զանգվածային գերեզմանների փաստերը հրապարակելու համար։

2008-2009 թվականներին Ուկրաինայի Անվտանգության ծառայության պետական արխիվը գաղտնազերծել է 16-րդ ֆոնդը (զեկուցումներ, հաղորդագրություններ, տեղեկանքներ Ուկրաինական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահի կողմից՝ Ուկրաինայի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարին), որը պարունակում էր ուղղակիորեն Ալլա Գորսկայային վերաբերվող փաստաթղթեր։ ՊԱԿ-ի ղեկավարությունը մինչ հետաքննության սկսվելը գիտեր հանցագործության ընդհանուր պատկերը, մարդասպանի ինքնությունն ու շարժառիթը։ Միևնույն ժամանակ, ՊԱԿ-ը զեկուցել է Կենտրոնական կոմիտեին ուկրաինական հանրության շրջանում շփոթության, ապակողմնորոշման և վախի տրամադրության առկայության մասին։ 1999 թվականին Ա. Գորսկայայի գերեզմանին տեղադրվել է նոր հուշարձան, որի հեղինակը Վ. Պրյադոկն է։

Ստեղծագործական ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ինքնադիմանկար որդու հետ» (1960),
  • «Հոր դիմանկարը» (1960 կամ 1961, հնարավոր է, որ երկու դիմանկար է եղել),
  • «Այբուբեն» (1960),
  • «Գետի մոտ» (1962-1963),
  • «Վ. Սիմոնենկոյի դիմանկարը» (1963),
  • Արևածաղիկ (Եվգենի Սվերտսյուկի դիմանկարը) (1963),
  • Տարաս Շևչենկոյի 150-ամյակի վիտրաժային ձևավորում (1964) (համահեղինակներ՝ Աֆանասի Զալիվախա, Լյուդմիլա Սեմիկինա, Գալինա Զուբչենկո, Գալինա Սևրուկ

«Շևչենկո։ Մայր» (1964) Աֆանասի Զալիվախայի, Լյուդմիլա Սեմիկինայի, Գ. Սևրուկի և Գալինա Զուբչենկոյի հետ համատեղ։ Այն գտնվել է Կիևի համալսարանում և ոչնչացվել Ուկրաինայի Կոմկուսի Կիևի քաղաքային կոմիտեի ղեկավարության հրահանգով (պահպանվել է էսքիզը, որը գտնվում է Գրականության ազգային թանգարանում)։

«Պրոմեթևս», «Երկիր», «Կրակ» և այլն Դոնեցկի թիվ 5 միջնակարգ դպրոցում (ճարտարապետ՝ Իոսիֆ Կարակիս և ուրիշներ) Վիկտոր Զարեցկու և այլոց հետ։ «Կենաց ծառը», «Երազած թռչունը» Մարիուպոլի «Ուկրաինա» ռեստորանում (Վիկտոր Զարեցկու և այլոց հետ միասին)։ Ավերվել է 2022 թվականին ռուսական ռմբակոծության արդյունքում[6]։

Այլ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր (1968) (համահեղինակությամբ՝ Բ. Պլաքսիի, Վիկտոր Զարեցկիի), պատրաստված է ծառի կեղևից, ծղոտից և փայտից։

Ֆիլմեր Ալլա Գորսկայայի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991 - «Մահը նախօրոք բոլորիս է վիճակված…» (ուկրաիներեն՝ «Усім нам смерть судилася зарання…»), ռեժիսոր Ս. Դուդկա, օպերատոր Է. Սոլոգուբ, Ուկրտելֆիլմ
  • 2001 թվական՝ «Ալլա Գորսկայա» (ուկրաիներեն՝ «Алла Горська»), բեմադրող ռեժիսոր Ելենա Լևչենկո, Ալեքսանդր Դովժենկոյի կինոստուդիա, ուկրաինական փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Алла Горська : Червона тінь калини : листи, спогади, статті / ред. та упоряд. О. Зарецький, М. Маричевський. — Київ: Спалах ЛТД, 1996. — 240 с.
  • Зарецький О. Алла Горська під ковпаком КДБ. Антиукраїнська спрямованість спецоперацій // Фундатор сучасного українознавства : на пошану 80-річчя Петра Кононенка : збірник матеріалів і наукових праць / Нац. НДІ українознавства ; авт.-упоряд., відп. ред.: Фігурний Ю. С.. — Київ: ННДІУ МОНМС України, 2011. — С. 54—58. — 200 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Internet Encyclopedia of Ukraine / O. Havrylyshyn, F. Sysyn, M. Moser, M. R. Stech, R. SawyckyCIUS, 2001.
  2. 1 2 Find A Grave — 1996.
  3. 1 2 різні автори Енциклопедія сучасної України (укр.)Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
  4. 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «Спецназ для тайных убийств только советских граждан (к полувековому юбилею группы «Альфа») | Григорьянц Сергей Иванович». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  6. Евгения Луценко (22 июля 2022). «В Мариуполе в результате обстрелов разрушены мозаики художницы Аллы Горской». Громадское телевидение. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 22 июля 2022-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Գորսկայա» հոդվածին։