Ալի և Նինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի և Նինո
գերմ.՝ Ali und Nino
ՀեղինակԼեո Նուսիմբաում
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1937
ՀրատարակիչE. P. Tal & Co / Verlag
Հրատարակման տարեթիվ1937
OCLC24170208
Թվային տարբերակazeribook.com կայքում]
 Ali and Nino Վիքիպահեստում

«Ալի և Նինո» (ադրբ.՝ Əli və Nino, գերմ.՝ Ali und Nino), երկու բաքվեցիների՝ ադրբեջանցի Ալի խան Շիրվանշիրի և վրացի Նինո Կապիանիի սիրո մասին պատմող Ղուրբան Սայիդի (Կուրբան Սայիդ) հանրահռչակ վեպը։ Վեպի իրադարձությունները ծավալվում են Կովկասում և Իրանում, առաջին համաշխարհային պատերազմի և Հոկտեմբերյան հեղափոխության, 1918 թ. Բաքվի ազգամիջյան բախումների, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հռչակման և ապա Ադրբեջանի խորհրդայնացման ֆոնին։ Գրքում կենտրոնական դեր ունի իսլամի և քրիստոնեության, Արևելքի և Արևմուտքի, կնոջ և տղամարդու հակադրությունների բախումը։ Պատումի մեծ մասը ընդգրկում է 20-րդ դարասկզբի Բաքվի Հին քաղաքը՝ Իչերի-Շեխերը և դրան մերձ շրջանները։

Վեպը պատմում է Ալիի և Նինոյի սիրո մասին, Դաղստանի լեռնային շրջաններում ճամփորդության, Շուշիի, Թիֆլիսի և Պարսկաստանի մասին։ Առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին Վիեննայում։ Չնայած վեպը հրատարակվել է 100-ից ավելի անգամ՝ ավելի քան 33 լեզվով[1], հեղինակը մինչ այժմ անհայտ է համարվում։ Հրատարակությունից մեկ տարի անց լույս տեսած «Ոսկեղջյուրի աղջիկը» Ղուրբան Սայիդի երկրորդ և վերջին վեպն է։

Ըստ «Նյու Յորք Թայմսի», դեռ 1937 թվականին բեստսելլեր լինելով՝ «Ալին և Նինոն» հիմա էլ ընթերցվող գիրք է[2][3]։

Վեպի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական Deutsches Bucherverzeichnis գրքի կատալոգում 1943 թ. Ղուրբան Սայիդ կեղծանունով, «Ալի և Նինո», «Ոսկեղջյուրի աղջիկը» գրքերի հեղինակ նշված անձը՝ բարոնուհի Էլֆրիդա ֆոն Բոդմերսհոֆը[4]։

Համարվում է, որ 1935 թ. ինչ-որ մեկը Վիեննայի E. P. Tal & Co / Verlag հրատարակչությունում է թողել վեպի գերմաներեն ձեռագիրը[5]։ Որպես հեղինակ նշված է եղել Ղուրբան Սայիդ անունը։ Համարվում է նաև, որ վեպի հրատարակման պայմանագիրը կնքվել է Թալեմ հրատարակության և ավստրիացի բարոնուհի Էլֆրիդա Էխրենֆելս ֆոն Բոդմերսհոֆի միջև 1937 թ.[4]. Վեպը հրատարակվել է 1937 թ. Վիեննայում։ 1938 թ. հրատարակվում է Վարշավայում լեհերեն և Ամստերդամում՝ հոլանդերեն, հրատարակվում է նաև շվեդերեն, իսկ 1939 թ. Պրահայում՝ չեխերեն։ 1944 թ. լույս է տեսնում իտալերեն հրատարակությունը, որի հեղինակը նշված է լինում ոչ թե Ղուրբան Սայիդը, այլ՝ Էսսադ Բեյը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիրքը մոռացվեց մինչև 1969 թ., երբ բեռլինցի նկարչուհի Ժենյա Գրամանը նկատեց փողոցի բուկինիստի հին հրատարակությունը և փորձեց գիրքը վերահրատարակել ԱՄՆ-ում՝ անգլերեն թարգմանելով։ 1970 թ. վեպը անգլերեն լույս տեսավ Նյու Յորքում, ապա՝ Լոնդոնում, արաբերեն՝ Բեյրությում։ 1971 թ. թուրքերեն թարգմանությունը հրատարակվեց Ստամբուլում։ Նույն թվականին Մաջիդ Մուսազադեն պատրաստեց սցենարի ադրբեջանական թարգմանությունը և ուղարկեց Ազատություն ռադիոկայանին։

1970-ական թթ. Վեպը հրատարակվեց նաև Ամստերդամում (1974), Կանադայում (1972), Փարիզում (1973), Բեռնում (1973), Մյունխենում (1973), Տոկիոյում (1974), Օսլոյում (1972), Բարսելոնայում (1973), Ստոկհոլմում (1973)։

1980-ականներին հրատարակվեց Ամստերդամում (1981), Ֆրանկֆուրտում (1981), Թեհրանում (1983), Բեռնում (1989)։ 1990 թ. առաջին անգամ հրատարակվում է ադրբեջաներեն՝ «Ադրբեջան» գեղարվեստական գրականության ամսագրում։ 1993 թ. Բաքվում երկրորդ անգամ է հրատարակվում ադրբեջաներեն։ 1994 թ. Բքավի «Գրական Ադրբեջան» հանդեսում Միրզա Հուսեյինզադեի թարգմանությամբ հրատարակվում է ռուսերեն։ 1990- ականներնին ևս հրատարակվում է Ամստերդամում (1991), Լախորում, (1993), Նյու-Յորքում (1990 և 1996), Լոնդոնում (1990), Մյունխենում (1992 և 1994), Թեհրանում (1992), Դաքքայում (1995)։ 2000-2010 թթ. Գիրքը հրատարակվել է աշխարհի 37 քաղաքներում՝ ներառյալ Մոսկվան, Պեկինը, Ջակարտան, Լիսաբոնը, Թել-Ավիվը և այլն։

Հեղինակի խնդիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հեղինակը մինչ օրս անհայտ է։ Ձեռագիրը հանելուկային կերպով անհետացել է հրատարակությունից ոչ շատ առաջ, և մինչև հիմա շարունակվում են հեղինակային իրավունքի մասին վեճերը։ Որոշ հետազոտողներ համարում են, որ Ղուրբան Սայիդ ծածկանվան տակ հանդես եկող հեղինակը ադրբեջանցի գրող, հրապարակախոս և պատմաբան Յուսուֆ Վեզիր Չեմեզեմինլին է, որի կենսագրությունը նման է վեպի գլխավոր հերոս Ալի խանի կենսագրությանը (ուսումնառությունը Բաքվի ռեալական դպրոցում, կյանքը Շուշիում և այլն)։

Այլք համարում են, որ հեղինակը գերմանացի գրող, լրագրող, բաքվեցի նավթային մագնատի որդի Լև Նուսիմբաումն է, ինչը կարելի է ապացուցել վեպում տեղ գտած անճշտություններով, որ չէր կարող թույլ տալ ադրբեջանցի հեղինակը, բայց կարող էր թույլ տալ Ադրբեջանին մասնակիորեն ծանոթ մեկը[5]։ Համարվում է, որ Նուսիմբաումը գրել է Էսսադ բեյ ծածկանունով, իսկ վեպի 1944 թ. իտալերեն հրատարակության մեջ հեղինակը նշված էր Մ. Էսսադ բեյ։

«Ալիի և Նինոյի» հեղինակություն է վերագրվում նաև բարոնուհի Էլֆրիդա Էռենֆեստ ֆոն Բոդմերսհոֆին՝ բարոն Օմար-Ռոլֆ ֆոն Էռենֆելսի կնոջը։ 1935—1939 թթ. գերմանական «Deutscher Gesamtkatalog» գրքի կատալոգում «Ղուրբան Սայիդ» անվան տակ գրվում է «բարոնուհի Էլֆրիդա Էռենֆեստ ֆոն Բոդմերսհոֆի կեղծանունը»։ Բարոնուհու վիեննացի զարմուհին որպես գրքի իրավահաջորդ հայտարարել է, որ հենց նա է «Ալիի և Նինոյի» հեղինակը[4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը կազմված է երեսուներեք գլխից։ Պատումը առաջին դեմքով է գրված. Ալին խոսքը ավարտում է գլխավոր հերոսի ընկերը՝ Իլիաս բեկը.

Ալի խան Շիրվանշիրն ընկավ 5 անց 15-ին, Գանձակի կամրջին։ Մարմինը, խոցված ութ փամփուշտներով, ընկավ ցամաքած գետը։ Գրպանում գտնվեց տետր։ Ալլահի կամոք ես այդ տետրը կհասցնեմ նրա կնոջը։ Լուսաբացին, ռուսների հարձակումից քիչ առաջ, մենք թաղեցինք նրան մզկիթի բակում։ Մեր հանրապետությունն ընկավ ինչպես Ալի խան Շիրվանշիրը[Ն 1]։

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալի խան Շիրվանշիր, Շիրվանշիրների ցեղից, Բաքվի գիմնազիայի շրջանավարտ, ԱԴՀ քաղաքական գործիչ։
  • Նինո Կապիանի, վրաց իշխանուհի, սիրահարվում է Ալիին, այնուհետև ամուսնանում նրա հետ։
  • Մելիք Նախարարյան, շուշեցի հայ արիստոկրատ, Ալիի ընկերը։
  • Իլիաս բեկ, Ալիի ընկեր, համադասարանցի, հետագայում՝ զինակից։
  • Մուհամեդ Հեյդար, Ալիի ընկեր, համադասարանցի, ռուսական բանակի սպա, Առաջին աշխարհամարտի մասնակից։
  • Սեիդ Մուստաֆա, Ալիի ընկեր, համադասարանցի, իմամ։ Ամուսանացնում է Ալիին և Նինոյին։
  • Արսլան աղա, հարուստ նավթաարդյունահանողի որդի, Ալիի ընկեր, համադասարանցի։

Կարճ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվի ռեալական դպրոցը XX դարի սկզբին

Ալին Շիրվանշիրների ազնվական տոհմից է, չնայած հայրը ասիական մշակույթի տիպիկ կրող է, որդին դպրոցում ազդվում է արևմտյան մշակույթից։ Սովորելով Բաքվի գիմնազիայում՝ Ալին ծանոթանում է վրաց իշնանադուստր Նինո Կապիանիի հետ և սիրահարվում նրան։ Ալին նրան հանդիպում է օրիորդաց գիմնազիայի մոտ, օգնում պարապել դասերը, հատկապես մաթեմատիկա։ Սկսում են հանդիպել Գուբերնատորական այգում, որտեղ առաջին անգամ համբուրվում են։ Քրիստոնեական ավանդույթներով դաստիարակված Նինոյի սիրո միջոցով Ալին էլ ավելի է մոտենում եվրոպական աշխարհին։

Դպրոցն ավարտելուց հետո նրանք ամուսնանում են։ Նինոն սկզբում չի համաձայնվում ամուսնանալ՝ վախենալով, որ Ալին կստիպի չադրա կրել կամ հարեմ կպահի։ Ալիի հայրը, ի տարբերություն Նինոյի հորը, չի հակադրվում այդ ամուսնությանը։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիորդաց դպրոցը XX դարի սկզբին
  • Ես ջերմորեն սեղմեցի նրա ձեռքը։ Այս ամենը ցույց էր տալիս, որ աշխարհում իսկապես պարկեշտ հայեր կային։ Եվ այս միտքն իրոք որ վրդովեցուցիչ էր։
  • Շուշին տարօրինակ քաղաք է։ Այն լեռներում է, հինգ հազար մետր բարձրության վրա, շրջապատված անտառներով ու գետերով։ Հայերը և մուսուլմանները այնտեղ խաղաղ ապրում են միասին։ Հարյուրամյակաների ընթացքում այն կամուրջ է եղել կովկասյան երկրների, Պարսկաստանի և Թուրքիայի միջև։ Տեղի ազնվականները՝ հայ նախարարներն ու մելիքները, իսլամադավան բեկերն ու աղալարները տներ ունեն քաղաքը շրջապատող բլուրների և դաշտերի վրա։ Հաճախ, մանկամիտ ու հավակնոտ ներշնչանքով նրանց ցեխոտ հյուղակները պալատներ են կոչվել։ Այս ժողովուրդը երբեք չի հոգնում իրենց դռան աստիճանների վրա նստելուց, ծխամորճ ծխելուց և մեկը մյուսին պատմելուց, թե քանի քանի անգամ ռուսական կայսրությունը և հենց ցարն ինքը փրկվել են Ղարաբաղի գեներալների շնորհիվ, և թե նրանց ինչպիսի սարսափելի ճակատագիր բաժին կընկներ, եթե նրանց բախտը վստահվեր ուրիշ մեկին[6]։

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թարգմանությունն ըստ ռուսերեն տեքստի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kurban Said’s «Ali and Nino». Covers of editions published in 33 languages
  2. Wheatcroft G., 'The Orientalist': The Chic of Araby.The New York Times, 2005, [1]
  3. Reiss T., The Orientalist. The New York Times, 2005
  4. 4,0 4,1 4,2 Ehrenfels L., «Ali & Nino» Copyright, http://azer.com/aiweb/categories/magazine/ai124_folder/124_articles/124_readers_forum.html, Azerbaijan International
  5. 5,0 5,1 Гусейнов Ч., Кто же автор «Али и Нино»? Роман о нации «бакинцев» полон тайн и загадок, Эхо, 2004, 9 октября, номер 196, http://www.centrasia.ru/newsA.php?st=1097306940 Արխիվացված 2017-05-02 Wayback Machine
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի և Նինո» հոդվածին։