Ալիս Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Մելիքյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1926(1926-12-07) (97 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1948) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1954)
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ալիս Մինասի Մելիքյան (դեկտեմբերի 7, 1926(1926-12-07), Փարիզ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Մելիքյանը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 7-ին, Փարիզում։ Պապը եղել է ճարտարագետ-շինարար։ Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերը գլխատել են նրան, հայրը` Մինասը, եղել է հայոց ազատամարտի մասնակից։

1932-1936 թվականներին սովորել է Փարիզի տարրական դպրոցում։ 1936 թվականի մայիսին ծնողների և քրոջ հետ հայրենադարձել է։ Նրանց ընտանիքը Հայաստան է տեղափոխվել նույն նավով, որով Հայաստան են տեղափոխել Կոմիտասի աճյունը։ Ալիսը հայերենի չի տիրապետել և տասը տարեկանում գնացել է հայկական դպրոցի առաջին դասարան ու արագ լրացրել բացը։ 1936-1943 թվականներին սովորել է Երևանի թիվ 17 դպրոցում։ 1943-1948 թվականներին սովորել և ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը, նախ սովորել է գեղանկարչական բաժնում, ապա՝ քանդակի։ 1946 թվականին Մելիքյանն իր համակուրսեցի Արա Հարությունյանի հետ առաջարկել է ուսումնարանում քանդակի բաժին բացել։ Արա Սարգսյանն ընդառաջել է, և նրանք դարձել են նորաբաց բաժնի առաջին ուսանողները։ 1954 թվականին Մելիքյանն ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Գրիգոր Ահարոնյանի արվեստանոց)։ Ըստ Մելիքյանի՝ Ահարոնյանն իրեն սովորեցրել է «ճիշտ նկատել, ճիշտ տեսնել», նա միանգամից ընկալել է քանդակագործուհու զգայուն խառնվածքը ու դասավանդելիս ավելի մեղմ է վերաբերվել նրան։ Մելիքյանի դիպլոմային աշխատանքները՝ «Հորատողը» և «Երդումը», բարձր գնահատականի են արժանացել[1]։

Մելիքյանը մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Նրա առաջին ստեղծագործական հաջողություններից է Միքայել Թավրիզյանի դիմաքանդակը (1956), որը ցուցադրվել է Մոսկվայում, գնվել է և տեղում ձուլվել բրոնզից[1]։ 1954-1978 թվականներին եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

1978 թվականին Մելիքյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես, որտեղ շարունակել է ստեղծագործել, դասավանդել երեխաներին։ Իդել Ռեժիսի շնորհիվ Մելիքյանը աշխատել է գունավոր ապակիով, պատրաստել էսքիզներ[1]։

2008 թվականի ապրիլին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հրաշագործ կանանց աշխարհում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է եղել նաև Ալիս Մելիքյանը[1]։

Ալիս Մելիքյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում, Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն շենքում, Հայաստանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Մելիքյանը ստեղծել է Ավետիք Իսահակյանի (քանդակել է նաև նրա կնոջը՝ Սոֆյային), Հրաչյա Ներսիսյանի, Հովհաննես Շիրազի (1959), Ամո Խարազյանի, Արման Կոթիկյանի, Ալեքսանդր Սարուխանի, Հարություն Կալենցի, Վարոս Շահմուրադյանի, Գոհար Գասպարյանի, Լիլի Չուգասզյանի, Ժան Տեր-Մերկերյանի (1957), Վազգեն Ա-ի, Հովհաննես Չեքիջյանի, Օհան Դուրյանի, Բենջամեն Բրիտտենի, Իսահակ Շտեռնի, Իմա Սումակի դիմաքանդակները։ Հեղինակել է նաև մահարձաններ (օպերային երգիչ Ալեքսանդր Կարատով, Միքայել Թավրիզյան)[1]։

Հովհաննես Թումանյանի հարյուրամյակի առիթով Մելիքյանը կերտել է բանաստեղծի կավե և գիպսե դիմաքանդակը, որը պիտի երկուսուկես մետր բարձրությամբ քանդակվեր Դսեղ տանող ճանապարհին՝ ժայռի վրա, սակայն մոնումենտալ այդ գործը տարբեր պատճառով չի իրականացել[1]։

Մելիքյանը ստեղծել է իր ուրույն կոմիտասյան շարքը․ այն պատկերում է տառապող, բայց և ոգեշնչված, այս աշխարհից կտրված անհատականությանը[1]։

Շառլ Ազնավուրի դիմաքանդակը ստեղծել է համերգի հեռուստատեսային հեռարձակումը նայելով։ Կարճ ժամանակ Ազնավուրը բնորդել է Ալիսին, ապա թույլատրել իրեն զննել նարդի խաղալիս և բեմի վրա երգելիս։ Քանդակը ստեղծվել է 20 րոպեում ու արդյունքից գոհ Ազնավուրը Մելիքյանին մի մեծ ծաղկեփունջ է նվիրել[1]։

Սիրում եմ արագ աշխատող մարդկանց։
- Ազնավուրը Ալիս Մելիքյանի մասին

Մելիքյանը հոր օգնությամբ արագ ձուլել է կիսանդրու վերջնական տարբերակը և օդանավակայան մեկնելուց առաջ հանձնել Ազնավուրին։ Դիմաքանդակը պահվել է Ազնավուրի մոտ[2], իսկ 2021 թվականին հանդիսավորությամբ տեղադրվել է Փարիզի Օդեոն հրապարակում[3][4]։

ԱՄՆ-ում ստեղծել է Մհեր Մկրտչյանի, Ավետիս Սանճյանի, Վահագն Տատրյանի դիմաքանդակները։

«Ցեղասպանություն» (1987) մոնումենտալ բրոնզե քանդակը գտնվում է Ամերիկայի հայկական թանգարանում[1]։

Մելիքյանի կերտած Արմին Վեգների դիմաքանդակը[5] 2006 թվականին տեղադրվել է Գերմանիայում։

Մելիքյանի վերջին աշխատանքներից է Վիգեն Չալդրանյանի կիսանդրին։ Չալդրանյանը 2006 թվականին Ալիս Մելիքյանի մասին ֆիլմ է նկարահանել՝ «Քանդակագործ Ալիս Մելիքյան», 20 րոպե (VATK Production և «Վիգեն Չալդրանյան տեսաֆիլմերի ստուդիա», «Vogofilm Productions»)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Մելիքյանը ամուսնացած է եղել նկարիչ Կարլեն Ռուխիկյանի հետ։ Ունեցել են մեկ որդի, որը վաղ հասակում է մահացել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ալիս Մելիքյան՝ քանդակելով հոգին
  2. «Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում». armenpress.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  3. Eckian, Jean; Eckian, Jean (2021 թ․ մայիսի 22). «Bust of Charles Aznavour Inaugurated in Paris». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «Charles Aznavour bust unveiled in Paris». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  5. albert. «Alice Melikian Portrait Sculptor – Armin T. Wegner Society of USA» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]