Ալիս Կոլոնյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Կոլոնյո
Ծնվել էնոյեմբերի 5, 1924(1924-11-05)
ԾննդավայրՄարսել
Վախճանվել էհուլիսի 16, 2010(2010-07-16) (85 տարեկան)
Մահվան վայրRoaix
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՄարսելի միջազգային դիզայնի և արվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ և նկարչուհի

Ալիս Վիկտորին Անտուանետ Կոլոնյո (ֆր.՝ Alice Victorine Antoinette Colonie, նոյեմբերի 5, 1924(1924-11-05), Մարսել - հուլիսի 16, 2010(2010-07-16), Roaix), ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ և կերամիկայի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Կոլոնյոն ծնվել է 1924 թվականի, Մարսելում, Վոքլյուզի հնաբնակ ընտանիքներից մեկում։ Ավարտել է Մարսելի գեղարվեստի բարձրագույն դպրոցը, որտեղ ստացել է մի քանի առաջին և երկրորդ կարգի աստիճաններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ալիս Կոլոնյոն սովորել է Մոնպելիեի Ֆոնկարադ կերամիկական մասնագիտական դպրոցում, որից հետո տեղափոխվել է Օրանժի մոտակայք[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչև 1980-ականները, կավը դարձել է Ալիս Կոլոնյոյի տաղանդի արտահայտման ձևը։ Նրա ստեղծած կերամիկական արտադրանքները բնութագրվում էին վառ գույներով և միշտ ձեռքով էին պատրաստվում՝ առանց կավագործական կաղապարներ օգտագործելու։

1953 թվականին Ալիս Կոլոնյոն դարձել է Գեղարվեստական արհեստների ֆեդերացիայի անդամ։ 1953 և 1954 թվականներին մասնակցել է դեկորատիվ արվեստի ցուցահանդեսին։ 1955 թվականին Ալիսն իր աշխատանքներն է ներկայացրել Կաննում ժամանակակից կերամիկայի գլուխգործոցների ցուցահանդեսում[2], որի արդյունքում Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը և Ֆաենցա կերամիկայի թանգարանը (Իտալիա) ձեռք են բերել նրա որոշ ստեղծագործություններ։ 1961 թվականին Ալիսը ոսկե մեդալ է նվաճել Արվեստի ազգային ցուցահանդեսում։

Ալիսն աշխատել է իր ժամանակի այնպիսի նշանավոր դեկորատորների հետ, ինչպիսիք են Ժան Ռոյերը, Մորիս Ռանկը և Ժյուլ Լյոլյոն, որի համար նա ստեղծել է երկու հոյակապ կերամիկական պատկերներ, որոնք հետագայում զարդարել են Պիեռ Լոտի նավի լողավազանը։ 50-ականների վերջին աշխատել է ճարտարապետների հետ և մասնակցել քաղաքային կառույցների հարդարման աշխատանքներին, ինչպիսիք են Իլ Սյուր Սորգում գտնվող փոստային բաժանմունքը, Ավինյոնում գտնվող Ֆրեդերիկ Միստրալ քաղաքի դպրոցը, նույնիսկ մասնակցել է Ռոեի, Սաբլեի և Վալրեայի եկեղեցիների զոհասեղանների հարդարման աշխատանքներին։ 20-րդ դարի 60-ականներին Ալիս Կոլոնյոն տեղափոխվել է Ռոե քաղաքի Վոքլյուզի դեպարտամենտ։ Այստեղ նա կառուցել է իր տունը, ինչպես նաև մատուռ, որը անձամբ է հարդարել։ Նույն տարիներին նա ուսումնասիրել է գեղանկարչություն և զբաղվել գրքերի նկարազարդմամբ։

1997 թվականին Ալիսը նկարազարդել է Ռենե Լաշիոյի «Տաճարականները. Արևելքի և Արևմուտքի ասպետները» խորագրով գիրքը։

2013 թվականի սեպտեմբերին, երբ Մարսելն ընտրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, Լե Բո դը Պրովանսում կայացել է «Կերամիկայի և ապակու սեպտեմբեր» առաջին ցուցահանդեսը, որում ներկայացվել են Ալիս Կոլոնյոյի և Ժան-Պոլ Վան Լիտի ստեղծագործությունները[3]։ Այս ցուցահանդեսում ցուցադրվել են Ալիս Կոլոնյոյի գործերը, որոնք նախկինում երբևէ չէին ներկայացվել լայն հասարակությանը, մասնավորապես, նկարչի անձնական սպասքը, ինչպես նաև իր համար ստեղծած զարդերը[4]։

Վեզոն լա Ռոմենում (ֆր.՝ Vaison-la-Romaine) փողոցներից մեկը կոչվում է Ալիս Կոլոնյոյի անունով։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում, Իտալիայի Ֆաենցայի Կերամիկայի միջազգային թանգարանում[5], ինչպես նաև տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Ալիս Կոլոնյոն արժանացել է Արվեստի ազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Septembre de la Céramique et du Verre aux Baux-de-Provence — artéMédia Արխիվացված 2014-03-21 Wayback Machine
  2. Premier festival international de la ceramique: le congres ... l'exposition ... - Google Livres
  3. Septembre de la céramique et du verre — 5 septembre 2013 — 13520 Baux-De-Provence — Si On sortait ?
  4. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  5. Faenza - Google Livres

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Céramique des années cinquante de Pierre Staudenmeyer.
  • Quelques notes d’histoire sur Cairanne de Frédéric Alary (1966)
  • Qui est qui en France de Jacques Lafitte (1987)
  • Templiers : Chevaliers d’Orient et d’Occident de René Lachaud (1997)
  • Peintres autour du Ventoux: XIXe et XXe siècles : répertoire chronologique de notices biographiques de Jean-Paul Chabaud (2000)