Ալիսը հրաշքների աշխարհում (1966)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսը հրաշքների աշխարհում
անգլ.՝ Alice in Wonderland
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրհեռուստադրամա
Թվական1966
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Միլլեր
ՊրոդյուսերՋոնաթան Միլլեր
Սցենարի հեղինակՋոնաթան Միլլեր
ԴերակատարներՋոն Գիլգուդ, Փիթեր Կուկ, Լեո ՄակՔերն, Պիտեր Սելլերս, Anne-Marie Mallik?, Ուիլֆրիդ Բրեմբել, Ալան Բեննեթ, Ֆինլեյ Քերրի, Մայքլ Ռեդգրեյվ, Մայքլ Ֆոֆ, Ուիլֆրիդ Լոուսոն, Մալքոլմ Մագերիջ, Դևիդ Բեթլի, Էրիկ Այդլ և Անջելո Մուսկատ
ՕպերատորԴիք Բուշ
ԵրաժշտությունՌավի Շանկար
Տևողություն72 րոպե

«Ալիսը հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice in Wonderland), BBC-ի 1966 թվականի հեռուստաներկայացումը, որի հիմքում ընկած էր Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1864) գիրքը։ Ռեժիսորը Ջոնաթան Միլլերն էր, որն առավել հայտնի է «Սահմանեզրին» սատիրիկ դրամատիկական ռևյուում ունեցած դերով։

Ջոնաթան Միլլերը նորովի է մոտեցել ստեղծագործության բեմադրմանը։ Նա գիտակցաբար խուսափել էր հագուստի ստանդարտ՝ տենիելյան դիզայնից և «գունագեղ» արտադրության արժեքներից։ Հրաշքների աշխարհի հերոսները մեծ մասամբ Վիկտորյական դարաշրջանի հագուստներով են, իսկ Չեշիրյան կատվին ներկայացնելու համար իրական կատու էր։ Մինչ այդ գոյություն ունեցող բոլոր էկրանավորումներում բեմադրիչները հնարավորինս հավատարիմ էին մնացել հեքիաթի սյուժեին, և նրանց քիչ էր հետաքրքրել վերջինիս փիլիսոփայական կամ գիտական ենթաշերտերը։ Միլլերը դրանք բացատրել էր որպես պատմության բուն էությանը հասնելու փորձ. «Երբ որ դու վերացնում ես կենդանու գլուխը, դու սկսում ես տեսնել, թե այդ ամենն ինչի մասին է։ Փոքրիկ երեխան, շրջապատված լինելով շտապող, անհանգիստ մարդկանցով, մտածում է.«Մեծանալը սրա՞ նման է»[1]։ Ջոնաթան Միլլերը փոքրիկ Ալիսին երազկոտ հրաշքների աշխարհից տեղափոխել է մեծահասակների իրապաշտական աշխարհը։ Էքզիստենցիալ ուրբանիստական պատկերներով ծանրաբեռնված ֆիլմը նախատեսված չէ երեխաների համար։ Մեծահասակների վտանգավոր աշխարհում փոքրիկ աղջնակի դեգերումները հասուն հանդիսատեսին մտածմունքների մեջ գցելու, անհանգստություն պատճառելու նպատակ ունեն։

Ներքին նկարահանումները տեղի են ունեցե Նեթլի հիվանդանոցում, որը 19-րդ դարի կեսերի կառույց էր և ֆիլմի ստեղծումից կարճ ժամանակ անց քանդվել է։ Արքունի սենյակի տեսարանը նկարահանվել է BBC-ի Իլինգ ստուդիայում և ներառել է կառույցների ամենամեծ հավաքածուն, որ երբևէ եղել է Իլինգում[2]։

Ֆիլմի օրիգինալ երաժշտության հեղինակը հնդիկ վիրտուոզ սիթառահար, կոմպոզիտոր Ռավի Շանկարն է, որը Ջոնաթան Միլլերի մտերիմ ընկերներից էր։ Երաժշտությունն առաջին անգամ ռադիոյով հաղորդվել է 1966 թվականի դեկտեմբերի 28-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thill, Scott (2003 թ․ նոյեմբեր). «Jonathan Miller's Alice in Wonderland (1966) on DVD». Bright Lights Film Journal, Issue #42. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
  2. David Martin A History of the BBC's Film Department (1983)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]